Հին Թբիլիսիի գունեղ կոլորիտի մաս դարձած հայտնի ու անհայտ բազմաթիվ կերպարներ, հայկական հեքիաթների հերոսներն այսօր նոր շունչ են առել վարպետ-տիկնիկագործ Արմենի ձեռքով: Հայազգի նկարիչ, դիզայներ Արմեն Հովհաննիսյանը Վրաստանի Մառնեուլի շրջանի Շահումյան ավանից է ու երկար տարիներ իրեն նվիրել է տիկնիկագործությանը:
«Ինձ ինչ հիշում եմ՝ տիկնիկներ միշտ ստեղծել եմ. սկզբում՝ կոլաժների համար, որովհետև կոլաժային արվեստն ինձ ավելի շատ էր գրավում, քան ստաբիլ նկարչությունը, իսկ տասից ավելի տարի է՝ միայն տիկնիկային արվեստով եմ զբաղվում»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Արմեն Հովհաննիսյանը:
Նրա հիմնադրած տիկնիկային թատրոնն արդեն 4 տարեկան է, մինչ այդ՝ նկարիչն իր գործունեությունը սկսել է կոլեկցիոն տիկնիկներից՝ դրանք ներկայացնելով՝ ինչպես անհատական ցուցահանդեսներում, այնպես էլ՝ միջազգային փառատոներում:
«Ես ցանկացա իմ թատրոնը ստեղծել, քանի որ թատրոնը բազմաշերտ առաքելություն ունի. նախ՝ երեխաների գեղագիտական ճաշակն է ձևավորում, ապա՝ հայերեն խոսքն է հասցնում, ինչը շատ կարևոր է Հայաստանից դուրս:
Ես միշտ ասում եմ՝ Հայաստանից դուրս մեր ամեն մի օրը պայքար է, տեսակի պայքար. եթե ուզում ես հայ մնալ, պետք է պայքարես դրա համար: Ու կարծես՝ թատրոնը հենց այս պայքարի մի պոռթկում էր՝ որ պետք է ստեղծվի հայկական տիկնիկային թատրոն ու շրջի բոլոր բնակավայրերով, գտնի հայ երեխաներին ու հայերեն խոսք հասցնի»,- պատմում է Վրաստանում հայկական միակ տիկնիկային թատրոնի հիմնադիրը:
«Արմենի թատրոնը» սիրելի ու ճանաչելի է Վրաստանի բոլոր քաղաքներում: Հայկական թատրոնի վրացական մոտիվները՝ երգը, պարը, հարազատ են նաև վրացիներին, որոնք սիրով են մասնակցում ներկայացումներին: Շուտով պատրաստ կլինի նաև երկլեզու՝ վրացերեն և հայերեն նոր բեմադրությունը:
Արմեն Հովհաննիսյանը շեշտում է՝ Թբիլիսիից ու Սամցխե-Ջավախքից բացի՝ ուշադրություն է դարձնում նաև Մառնեուլի շրջանի մի քանի հայաբնակ գյուղերին. «Քվեմո Քարթլին ունի շատ կրակոտ, հայեցի ժողովուրդ, որոնք, կարծես, անտեսված են, ու ես ուզում եմ, որ այս շրջանը ևս անմասն չմնա ու հեքիաթոտվեն, հայերեն խոսքը հասնի:
Թբիլիսիում մեր թատրոնի պահանջարկը մեծ է ոչ միայն հայերի, այլև վրացիների կողմից: Վրացիները շատ են սիրում իմ արվեստը և հետաքրքրված են՝ թե՛ պետական մակարդակով, թե՛ մշակութային գործիչների ու հասարակ քաղաքացիների: Այս թատրոնի միջոցով յուրատիպ մշակութային կամուրջ է ստեղծվել, և փորձում եմ ամրապնդել այդ կամուրջը»:
Ի դեպ, «Արմենի թատրոնի» ներկայացումներն անվճար են. թատրոնի հիմնադիրն է փորձում հոգալ իր շրջիկ թատրոնի կարիքները, ճանապարհածախսը, ասում է՝ միայն ինքն ու տիկնիկները գիտեն, թե ինչ խնդիրների միջով են անցնում, սակայն ամեն ինչ անում են, որ բոլոր հայաբնակ շրջաններում լսվի հայկական հեքիաթը:
Իսկ Տիկնիկային թատրոնի հյուրերը միայն երեխաները չեն. Արմեն Հովհաննիսյանը վստահեցնում է՝ ներկայացումները բոլոր տարիքի երեխաների համար են:
Ինչպե՞ս են ծնվում կերպարները, արդյո՞ք նախատիպերում կան նաև իրեն ծանոթ մարդիկ՝ մեր հարցերին ի պատասխան՝ տիկնիկագործն անկեղծանում է. «Ես մեկ- մեկ մեքենայումս դնում եմ իմ հին տարազները, նաև կրում ու շրջում եմ Թբիլիսիի Սոլոլակ թաղամասով, որը նաև հայ մշակութային կենտրոնն էր:
Բարեբախտաբար, հին շինությունների մեծ մասը պահպանվել են, ու ես ոգեշնչվում եմ այդ միջավայրից՝ հին դռներից, պատուհաններից, սենյակներից, պատշգամբներից: Ու իմ աչքի առաջ հայտնվում են այդ կերպարները. ես պատկերացնում եմ, որ այս պատշգամբում գուցե մի օր ինչ-որ «գոզալ է» նստել ու «ճամփին է մտիկ արել», ու ճամփով երևի մի կինտո է անցել… Բայց կերպարներ ունեմ, որոնք իրական են. այդ հին թաղամասի հին բնակիչներն են ինձ ոգեշնչում նաև: Օրինակ, այդ թաղամասի սպիտակ մազերով տիկնանցից ոգեշնչվելով՝ ես ստեղծել եմ վհուկների շարք. նրանք բարի վհուկներ են և բարի գործեր են անում»:
Արմեն Հովհաննիսյանը, վերջաբանի փոխարեն, ակնկալում է, որ մի օր Հայաստանի մշակութային պատասխանատուները ևս կհետաքրքրվեն սփյուռքում հայապահպան ծրագրերով:
«Վիրավորական է, որ Հայաստանի մշակույթի նախարարությունից որևէ ուշադրություն չկա. գոնե երեխաներին առնչվող ծրագրեր լինեին: Ամեն ինչ անում եմ սեփական շատ համեստ միջոցներով, երբեմն աջակցում է նաև վրացական կողմը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Զարուհի Դիլանյան