Ինչպիսին է հայ զինվորի սննդակարգը. հզոր ուժը նաև հայկական արտադրության սննդի մեջ է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպիսին է հայ զինվորի սննդակարգը. հզոր ուժը նաև հայկական արտադրության սննդի մեջ է

ՀՀ զինված ուժերի կազմավորման 25 տարիների ընթացքում զինվորի սննդակարգը եղել է առաջնային խնդիրներից մեկը: Այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի հայ զինծառայողներն այլևս այդ հարցում դժգոհություն չունենան: «Արմենպրես»-ի հետ զրույցում զինված ուժերի թիկունքի վարչության պարենայինծառայության պետ, գնդապետ Արա Մարգարյանը վստահեցրեց, որ զինվորական անձնակազմի սննդակարգը մշակվում է զորամասի համապատասխան մասնագետների կողմից: Հաշվի են առնվում մի շարք հանգամանքներ` նաև կալորիականությունը, սննդակարգը մշակելու գործընթացին պարտադիր կերպով մասնակցում է զորամասի բժշկական ծառայության պետը, որպեսզի համապատասխան կալորիականությունը հատկացված օրական սննդի մեջ ապահովվի: Իսկ ներկա պահին պարտադիր կերպով ապահովվում է 3800-4200 կիլոկալորիա:

«Մենք ունենք տարբեր տեսակի հաստատված չափաքանակներ, այսպես ասած նորմա, որտեղ հստակ նշված է, թե զինծառայողներին մեկ օրվա ընթացքում ինչ սննդատեսակներ է հասնում և ինչ չափաքանակի: Հիմնականում ասեմ, որ նախաճաշին անձնակազմին տրվում է ձավարեղենով ճաշատեսակ, թեյ, սերուցքային կարագ, շաքարավազ, հաց, նաև ձու` շաբաթվա 4 օրերին: Ճաշի ժամանակ պարտադիր հատկացվում է առաջին ճաշատեսակ` ապուր, ապա երկրորդ ճաշատեսակ` խավարտ: Հատկացվում է օրական 150 գրամ միս` խոզի, տավարի կամ հավի: Մատուցվում են նաև աղցաններ: Ունենք 5 տեսակի բանջարեղեն` կարտոֆիլ, կաղամբ, բազո ւկ, սոխ և գազար, որոնցից պատրաստվում են թե առաջին ճաշատեսակները, թե աղցանները: Նորից հատկացվում է հաց, օշարակ` երեք տեսակի` մորու, բալի և հոնի: Ընթրիքին տրվում է ձուկ` խեկ տեսակի` 60 գրամ, իսկ դրան հաջորդող օրը հատկացնում ենք խոզի միս` տապակած վիճակում: Հատկացնում ենք նաև թեյ, շաքարավազ, պանիր, հաց»,-ասաց գնդապետ Արա Մարգարյանը` հավելելով, որ հիմնականում սննդակարգը կազմելուց ճաշատեսակները ձևակերպվում է այնպես, որ նույն ճաշատեսակն այդ օրը կամ դրան հաջորդող օրը երկու անգամ չկրկնվի: Այսինքն, եթե երկուշաբթի անձնակազմին հատկացվել է հ նդկաձավար, ապա հաջորդ անգամ այն կարելի է մատուցել չորեքշաբթի կամ ուրբաթ: Եթե երկուշաբթի հատկացվել է բորշչ` որպես առաջին ճաշատեսակ, մյուս օրը պետք է առաջին ճաշատեսակը լինի ձավարեղենով, լոբով, ոլոռով կամ սիսեռով:

Գնդապետը նաև վստահեցրեց, որ բոլոր կարգի սննդամթերքը` անկախ նրանից ձավարեղեն է, թե մսի պահածո, մուտք գործելով պարենային պահեստ, ենթարկվում է լաբորատոր փորձաքննության երկու կազմակերպությունների կողմից` ռազմաբժշկական վարչության հիգիենիկ համաճարակային անվտանգության ծառայության և թիկունքի վարչության անասնաբուժական ծառայության կողմից: Այնուհետև նոր միայն դրական եզրակացությունից հետո նշված սննդատեսակները մուտք են լինում կենտրոնական բազա և բաշխվում զորամասերին: «Լինում են դեպքեր, երբ սննդամթերքի վերաբերյալ ստացվում են բացասական պատասխաններ: Հետևում ենք մի քանի պարամետրերի` ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և այլն: Սննդամթերքը կարող է շատ համեղ և ախորժելի լինել, սակայն եթե չեն պահպանվում նորմերը, սնունդը հետ է վերադարձվում մատակարարին և կնքված պայմանագրերի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ, այսինքն` մատակարարը համապատասխան կարգով վճարում է տույժեր և տուգանքներ»,-ասաց նա` ավելացնելով, որ ըստ պայմանագրի, եթե մի մատակարարի կողմից 2-3 անգամ խախտումը կրկնվում է, ապա պայմանագիրը միակողմանի կարող է լուծվել:

«Արմենպրես»-ը նաև այցելեց կենտրոնական պարենային բազայի սառնարանային համալիր: Այնտեղ յուրաքանչյուր սառցախցիկ համապատասխան ջերմախոնավային ռեժիմում հնարավորություն է տալիս պահպանություն իրականացնել շուտ փչացող սննդամթերքի: Սառցախցիկներում պահպանվում են միսը, տավարի և հավի, խեկ տեսակի ձուկը, երշիկները, խոզի սալը և այլ մթերքներ: Յուրաքանչյուր սառցախցիկում պահպանվում են համապատասխան ջերմախոնավային ռեժիմները: Սառնարանային խցիկներում պահվում են նաև բանակին մատակարարվող սերուցքային կարագը: Շուտ փչացող սննդամթերքի տեղափո խումը զորամասեր իրականացվում է միայն սառնարանային մեքենաների միջոցով:

5-րդ կենտրոնական պարենային բազայի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Տոնոյանն ավելի մանրամասն ներկայացրեց մատակարարի կողմից սննդամթերքի ստացման և զորամասեր տեղափոխման գործողությունները: Նրա խոսքով` մատակարարն ապրանքը բերում է, ինքն այն ընդունում է ի պահ, այնուհետև հեռախոսագիր է ներկայացնում սանէպիդկայան և անասնաբուժական ծառայություն: «Առաջին կամ երկրորդ օրն իրենք գալիս են, նմուշառում են անում, 10 օրվա մեջ գրավոր պատասխանում են, որը ես մուտք եմ անում բազա և ուղարկում եմ զո րամասերին: Ամեն օր մատակարարում ենք զորամասեր: Դա բաշխված է ըստ գրաֆիկի` յուրաքանչյուր օր տարբեր զորամասեր են մատակարարումներ լինում: Ծառայությունն այնպես է պլանավորված, որ բոլոր զորամասերին ուղարկվող սնունդը բավարարում է մինչև մյուս մատակարարում և այս կամ այն զորամաս հավելյալ սնունդ ուղարկելու անհրաժեշտություն չի լինում»,- ասաց փոխգնդապետ Արմեն Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում խոսեց բանակին սնունդ մատակարարող կազմակերպությունների մրցույթների մասին: Նրա խոսքով` բանակին սննդի մատակարարման մրցույթները հայտարարվում են ամեն տարի: Կան ապրանքատեսակներ, որոնց համար մրցույթ է հայտարարվում միանգամից մի քանի տարվա համար, բայց դա սննդին չի վերաբերվում:

«Հայաստանի Հանրապետությունում մրցույթներն իրականացվում են ՀՀ միասնական օրենքներով: Հիմնական կարգը հետևյալն է, որ նշված տեխնիկական բնութագիրն ապահովելու միջոցը մատակարարվի հնարավորինս էժան գնով: Հիմնական ոսկե կանոնը դա է: Իսկ տեխնիկական միջոց ասվածը հենց որակն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ որոշ մատակարարումներ կատարվում են ապակենտրոնացված տարբերակով, այսինքն՝ ամեն ինչ չէ, որ գալիս է պահեստ հետո նոր վերաբաշխվում է: Շատ բաներ միանգամից տարվում են զորամասեր:

Կարևոր է նաև, որ զինված ուժերին մատակարարվող սննդի 99 տոկոսը հայկական արտադրության է: