Ընդամենը 2 օրից` հուլիսի 1-ից, Հայաստանի քաղաքացիներն ու տնտեսվարողները չեն կարողանա 300 հազար դրամը գերազանցող կանխիկ գործարքներ անել։ Օրենքը դա կարգելի։
Առեւտուրն ու ֆինանսական ցանկացած գործարք պետք է անեն անկանխիկ, բանկային, քարտային համակարգով։ Լինի դա խանութից պարզապես որեւէ ապրանք՝ 300 հազար դրամը գերազանցող հեռուստացույց, սառնարան, կահույք, զարդ, զգեստ, սարքավորում, դեղորայք, սնունդ ձեռք բերելիս կամ որեւէ ծառայություն գնելիս եւ այլ գործարք կատարելիս։ Բժշկական ու կրթական հաստատությունները նույնպես հուլիսի 1-ից Երեւանում, իսկ 2023 թվականից ողջ Հայաստանում ուսման վարձերն ու հիվանդանոցային վճարները պետք է գանձեն անկանխիկ։
Իշխանություններն այս փոփոխությունը բացատրել են ստվերային շրջանառությունը կրճատելու, գնումներն ու գործարքները հարկման դաշտ բերելու պատճառաբանությամբ, ինչը միանգամայն հասկանալի, ընդունելի եւ ողջունելի նպատակ է։ Կանխիկ գնումներ անելու դեպքում գործարքների մի մասը կատարվում էր հարկային դաշտից դուրս՝ ստվերում։
Բայց փորձագիտական-տնտեսական ոլորտում մտահոգություն կա, որ իշխանություններն իրենց այդ ցանկություններն իրականացնելիս շտապել են ու նախապատրաստական աշխատանքները չեն արել։ Այդ համակարգը ներդնելու համար նախ պետք էր համապատասխան միջավայր ստեղծել՝ սկսած մարդկանց ամենապարզ հմտությունները սովորեցնելուց մինչեւ բոլոր տնտեսվարողների տեխնիկական խնդիրները լուծելը։ Ասում են, անգամ Պետեկամուտների կոմիտեն պատրաստ չէ վերահսկելու բոլոր տնտեսվարողներին։ Այսինքն՝ խնդիրները լուծված չեն բոլոր օղակներում։
«Հանրությունը քիչ է տեղեկացված, եւ մի զգալի մասն անվստահություն ունի քարտերի նկատմամբ։ Բիզնեսը պետք է ունենա անկանխիկ գնումներ անելու հնարավորություն, մինչդեռ այս պահին նոր սերնդի ՀԴՄ-ներով գործարքներն անելու խնդիրը լուծված չէ։ ՊԵԿ-ը չի կարողանալու վերահսկել ամսվա կտրվածքով 40-50 հազար ՀԴՄ-ների առեւտուրը։ Բացի այդ՝ տնտեսվարողը, բախվելով տարբեր խնդիրների, կարող է իր առեւտուրը մասնատել մի քանի մասերի, որոնք չեն գերազանցի 300 հազար դրամը, եւ այդպես շրջանցել օրենքն ու ստվերում մնալ։ Խառնաշփոթ է լինելու»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Ամբողջությամբ՝ aliqmedia.am