COVID-19-ի «Օմիկրոն» տարբերակի BA.4 and BA.5 ենթատեսակներով պայմանավորված՝ նոր դեպքերի աճ է արձանագրել աշխարհի 110 երկրում` ԱՀԿ 6 տարածաշրջաններից 3-ում:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ անցած շաբաթվա ընթացքում արձանագրվել է 4.1 միլիոն նոր դեպք` 20% աճ:
«Համավարակը փոփոխվում է, բայց չի ավարտվել, մենք ունենք առաջընթաց, բայց սա դեռ ավարտը չէ»,- ասել է Թեդրոս Գեբրեյեսուսը` ավելացնելով, որ COVID-19-ի գենետիկ էվոլյուցիային հետևելը «վտանգված է», քանի որ երկրները թուլացրել են հսկողությունը և սեկվենավորման գործընթացը, ինչը դժվարացնում է նոր տարբերակների հայտնաբերումը:
ՀՀ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հունիսի 20-26-ի դրությամբ մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 139 նոր դեպք, կատարվել է 4780 թեստավորում, կա 62 առողջացած, 1 մահվան դեպք:
Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ աշնանը կրկին շատանան կորոնավիրուսով վարակվածության դեպքերը։
«Միշտ ասել ենք, որ նման ուժգնություն ունեցող 5-րդ ալիքը հավանաբար վերջինն է: Կորոնավիրուսը կա ու մնալու է, և սա, ամենայն հավանականությամբ, արդեն դարձել է մեր մեջ շրջանառվող հիվանդություններից մեկը: Եթե վիրուսն էլի մուտացիայի չենթարկվի, հավանաբար՝ դեպքերը չեն շատանա»,- պատասխանեց նա:
Հանրային առողջության մասնագետը շեշտեց՝ անվերջ համաճարակներ ու համավարակներ չեն լինում, ունեն ինչ-որ ցիկլ, որը տևում է մեկ, երկու, երեք տարի, ու կորոնավիրուսի համաճարակային ցիկլը, կարծես, մոտենում է ավարտին:
«Հուսով ենք՝ վիրուսը վտանգավոր մուտացիայի չի ենթարկվի ու քովիդի համավարակը կհամարենք ավարտված»,- եզրափակեց Դավիթ Մելիք-Նուբարյանը:
Անի Կարապետյան