«Ուսանողի տուն»-ը «Հզոր Միտք» ՀԿ-ի նախաձեռնություններից է և հանդիսանում է մարզերից Երևան եկած ուսանողների համար ոչ ֆորմալ կրթություն և կեցություն ապահովող հարթակ։ Մարզեցի ուսանողները հնարավորություն են ստանում ապրել Երևանում՝ իրենց հասակակից, այլ համալսարաններում կրթություն ստացող և տարբեր ուղղություններում մասնագիտացող ուսանողների հետ և մասնակցել կրթական հանդիպումների և սեմինարների։ Այս ամենը իր մեծ ազդեցությունն է ունենում երիտասարդների անձնային և մասնագիտական աճի վրա, թույլ տալիս ավելի վստահ գործել և շարունակել իրենց իսկ նախաձեռնությամբ սկսած համայնքային զարգացման ծրագրերը։
Ներկայումս ողջ աշխարհում իր տեսակով և հնարավորություններով միակ նախաձեռնությունը ունի 17 բնակիչ, և նախատեսվում է աշխատանքները վերջնականացնելուց հետո անդամների թիվը հասցնել 42-ի։
«Ուսանողի Տան» գործունեության կարևոր և առաջնային բաղադրիչներից մեկը կրթական ծրագրերն են, որոնք ներառում են սեմինար-հանդիպումներ՝ տարբեր ոլորտի լավագույն մասնագետների ու հայտնի գործարարների հետ, դասընթացներ ամենատարբեր թեմաներով՝ ֆինանսական գրագիտությունից մինչև մարքետինգ, ինչպես նաև փորձի փոխանակում և network, որի միջոցով ուսանողները դառնում են մեր մեծ ցանցի մի մասը։
«Ուսանողի տան» գործունության, նոր ընդունելության և առաջիկա ծրագրերի մասին խոսել ենք Ստելլա Ավետիքյանի հետ, ով «Ուսանողի տան» համակարգող թիմի անդամ է։
««Ուսանողի տան» գաղափարը ծնվել է 2019 թվականից և հենց այդ ժամանակ սկսել ենք աշխատել դրա վրա։ Շինարարական աշխատանքները տևել են բավականին երկար, որովհետև ընթացքում առաջացել են խոչընդոտներ՝ թե կորոնավիրուսը, թե պատերազմը։ Առաջին խոչընդոտներից մեկը, իրականում, եղել է ֆինանսականը։ Երբ Մհեր Մկրտչյանը («Ուսանողի տան» հիմնադիր) սկսում էր նախագիծը, շատ փոքր էր պատկերացնում ծախսերը և մտածում էր, որ իր միջոցներով կարող է անել աշխատանքը։ «Ուսանողի տան» տարածքը կառուցելուց հետո նա հասկացել է, որ շատ-շատ ծախսեր են առաջանում։ Ի վերջո, 2021 թվականի սեպտեմբերին մենք արդեն ընդունեցինք երեխաներին»։
Մարզից Երևան եկած ու այստեղ սովորող երեխաների համար տրամադրում է կեցություն և ոչ ֆորմալ կրթություն։ Այստեղ ուսանողները բնակվում են և դրան զուգահեռ՝ ստանում են ոչ ֆորմալ կրթություն՝ համալսարանին զուգահեռ մասնակցելով կրթական ծրագրերի՝ սեմինարներ, հանդիպումներ, դաընթացներ, այցեր, արշավներ և այլն։ Այս կրթական ծրագրերի միջոցով ուսանողները ստանում են անհրաժեշտ հմտություններ, գիտելիքներ, որոնք կարող են կիրառել իրենց համայնքներում թիմեր ձևավորելու և իրենց համայնքներում ծրագրեր իրականացնելու համար։
«Մեր գլխավոր նպատակն է մարզից Երևան եկած ուսանողների միջոցով ստանալ առաջնորդներ, ովքեր իրենց ուսումն ավարտելուց հետո կվերադառնան մարզեր, ուսման ընթացքում կաշխատեն իրենց մարզերի համար, կդառնան իրենց մարզերի առաջնորդները և կնպաստեն իրենց համայնքների զարգացմանը»։
«Ուսանողի տան» գաղափարը ծնվել է ուսանողների համար նախատեսված հանդիպումների ժամանակ։ Եղել է մի քանի նախադրյալ, խնդիր, որ նկատել է «Ուսանողի տան» հիմնադիր Մհերը։ Առաջինն այն է, որ ուսանողները մարզից գալիս են Երևան, սովորում են և կտրվում են գյուղից ընդհանրապես, էլ չեն մտածում համայնքի մասին, ապագա չեն տեսնում իրենց համայնքում։ Երկրորդ խնդիրն այն է, որ ուսանողները գալիս են Երևան և սկսում են հիմնական բնակություն հաստատել Երևանում և էլ չեն վերադառնում մարզեր։ Այս խնդիրը «Ուսանողի տունը» փորձում է լուծել՝ պայման դնելով, որ ավարտելուց հետո նրանք պետք է վերադառնան իրենց մարզեր։ Հետո ուսանողները Երևան գալով բախվում են միջավայրին ինտեգրվելու խնդրին, իսկ «Ուսանողի տուն» գալով՝ ուսանողները կարծես գան ընտանիք, որտեղ միջավայրն իրոք ընտանիքի նման է, և ամեն ինչ անվտանգ է, քանի որ կա դիսցիպլինա։
«Ուսանողի տունը» չունի ֆինանսական ներհոսք և ամեն ինչ արվել է գաղափարակիցների ջանքերով, իսկ շինարարական աշխատանքներին մասնակցել են նաև կամավոր մարզեցիները։
Այս պահին «Ուսանողի տանը» կա 17 ուսանող, ովքեր մնացել են այնտեղ սեպտեմբերից հունիս ամիսներին։ «Ուսանողի տունը» ունի ևս 35 ուսանող ընդունելու հնարավորություն։
«Ուսանողի տանը» ընդունելությունը լինում է երեք փուլով։ Նախ օնլայն հայտադիմում են լրացնում ուսանողները, հետո պատասխանում են գրավոր հարցերին և երրորդ փուլում անցնում են հարցազրույց։ Երեխաներն առաջին հերթին պետք է կրեն մարզերի զարգացման գաղափարը, պատրաստ լինեն համընդհանուր օգտակարության աշխատանք կատարելու, լինեն մեծ գաղափարներով, չսահմանափակվող, աճել և սովորել ցանկացող։ Ուսանողի համայնքը պետք է լինի 60+ կիլոմետր հեռավորության վրա Երևանից։ Ուսանողները պետք է սովորեն քոլեջում, կամ առաջին և երկրորդ կուրսերում։ Նրանք չեն մնում «Ուսանողի տանը» սովորելու բոլոր 4 տարիներին։ Կիսամյակի վերջում տեղի է ունենում ամփոփում՝ ըստ բալային համակարգի՝ պայմանավորված համայնքային ակտիվությամբ, անձնային աճով, միջավայրին ինտեգրվածությամբ։ Այս ամենը հաշվի առնելով նոր որոշվում է՝ ուսանողը կշարունակի՞ հաջորդ կիսամյակում ապրել և կրթվել «Ուսանողի տանը», թե՞ ամեն դեպքում իր փոխարեն այլ մարդ կներգրավվի։
Նոր ուսանողների ընդունելությունը կլինի հուլիսի վերջին։ Նախորդ տարի 17 ուսանողները ընտրվել են մոտ 400 հայտնից։
«Ուսանողի տանը» սենյակները 2-3 հոգանոց են, ուսանողներին տրամադրվում է տեխնիկա։ «Այս պահին մի քանի նոութբուքեր ունենք, որոնք մեզ են տվել տարբեր անհատներ և կազմակերպություններ։ Ունենք մեծ գրադարան, wi-fi, տպելու հնարավորություն, խոհանոց, որտեղ ուսանողները միասին սնունդ են պատրաստում, ունենք խաղերի և քննարկումների սենյակ։ Այս պահին ունենք լսարանի պատերը, բայց կահավորման համար դրամահավաք ենք սկսել։ Դրամահավաքի միջոցով հավաքված գումարով կահույք և նոութբուքեր ձեռք կբերենք, որ ուսանողի տան յուրաքանչյուր անդամ ապահովված լինի տեխնիկայով։ Լսարանում ուսանողները անցկացնելու են կրթական ծրագրերը, որոնք հիմա արվում են գրադարանում կամ միջանցքում։ Այնտեղ երեխաները կարող են աշխատել ֆրիլանս տարբերակով։
«Ուսանողի տնից» ծնվել է «Պատանին», որը թիմային խաղերի, պարուսուցման, սեղանի խաղերի և միջոցառումների կառավարման ընկերություն է, որը, հուսանք, դառնալու է մեծ ընկերություն։ Այստեղ աշխատում են «Ուսանողի տան» անդամները, ինչպես նաև «Հզոր միտք» ցանցի մարզեցի երեխաները։ Տարբեր ՏՏ ընկերություններ նրանք հանձնարարություններ են տալիս։ Այստեղ կարևորը այն է, որ աշխատում են մարզեցի երեխաները, ովքեր կարող են աշխատել հենց իրենց մարզից։
Մեր մյուս ընկերությունը հիմնականում զբաղվում է մարքետինգով և սոցիալական մեդիայի մարքետինգով։ Երեխաները աշխատում են իրենց տներից և կատարում են տարբեր smm հանձնարարություններ»,- պատմում է Ստելլա Ավետիքյանը։
«Ուսանողի տանը» նշում են, որ ծրագրերի արդյունավետ ընթացքը ապահովելու համար անհրաժեշտ է դրանք անցկացնել լսարանում, բայց վերջինիս կահավորանքի բացակայության պայմաններում սեմինար-հանդիպումները տեղի են ունենում «Ուսանողի տան» այլ՝ դրանց համար չնախատեսված հատվածներում (օրինակ՝ միջանցքում կամ գրադարանում), ինչը առաջացնում է խիստ անհարմարություն՝ աղմուկի, կողմնակի անցուդարձի, կենտրոնացվածության պակասի պատճառով։ Եվ չնայած այս ամենը, «Ուսանողի տան» բնակիչներից բացի, նախատեսված է նաև ցանցի մյուս անդամների համար, լսարանի բացակայության պատճառով այս հնարավորություններից կարողանում են օգտվել միայն սահմանափակ թվով մարզեցի երիտասարդներ։
Այժմ մարզեցի ուսանողների համար բոլոր պայմանները ապահովելու համար մեկնարկել է դրամահավաք։ Կազմակերպիչների նպատակն է հավաքել 7,9 մլն դրամ գումար, որն ուղղվելու է սենյակի կահավորման, մասնավորապես՝ սեղան-աթոռների, պրոյեկտորի և laptop-երի համար։
Սիրարփի Աղաբաբյան
Դրամահավաքի հղումը՝ rearmenia.com