ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը և Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որի ընդունման պարագայում հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում թերլիցքավորում հայտնաբերվելու դեպքում բաշխիչ կայանների վրա, վարորդին տեսանելի հատվածում մեկ ամիս ժամկետով փակցվելու է՝ «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրառմամբ ցուցանակ:
Տնտեսվարող սուբյեկտները (ըստ հասցեների) կունենան QR կոդեր, որոնց միջոցով վարորդները կարող են ծանոթանալ չափագիտության բնագավառում տնտեսվարողի մոտ իրականացված նախորդ ստուգումների ժամկետների և արդյունքների մասին տեղեկատվությանը:
Թերլցման համար կսահմանվի տուգանք կազմակերպության այն հասցեի նկատմամբ, որը կատարել է տվյալ խախտումը՝ տուգանքի հաշվարկում ներառելով տվյալ տնտեսվարողի շրջանառությանը վերաբերող գործակից:
Վերոնշյալ փոփոխությունները միտված են ներդնել հանրային վերահսկողության գործիքներ, բարձրացնել տնտեսվարողի գործունեության թափանցիկության մակարդակը և սահմանել առավել համաչափ տուգանքներ:
Վարորդները կարծում են, որ ինչպես այս, այնպես էլ՝ շատ որոշումներ կմնան թղթի վրա:
«Ասենք՝ լիցքավորեցիր, մեծ մասի դեպքում այդ պահին չի զգացվում՝ խաբե՞ց, թե՞ չէ: Դա երևում է մեքենայի վազքի արդյունքում։ 2 օր հետո էլ դե գնա ապացուցի, որ քիչ են լցրել»,- մեզ հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
Մյուսն էլ հորդորեց միանգամից այդ գրառումը բոլոր գազաբենզալցակայաններում փակցնել:
«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը կարծում է, որ օրենքի նախագիծը պետք է վերաբերի ամեն ինչին:
«Բենզինը եթե քիչ են լցնում, գազը քիչ են լցնում, կշռելուց կշեռքը շատ է հաշվում, հիմա օրենքով ի՞նչ են անելու, դնելու են գնդակահարե՞ն: Պետք է վարչական տուգանքների ենթարկեն ու վերջ: Թող ստուգեն, ով վարորդների գրպանից գողություն է անում, պետք է պատժվի, դա նորմալ երևույթ է»,- նշեց Մկրտիչ Տիգրանյանը:
Անի Կարապետյան