Ասում են, թե Ուկրաինայում ոմանք թունդ վրդովվել են, երբ իմացել են, որ պատերազմող ու աշխարհից ամեն ինչ մուրացող իրենց երկրում սոցիալական քաղաքականության փոխնախարար է նշանակվել վարսավիրանոց – գեղեցկության սրահի խորհրդատուի եռամյա փորձառությամբ 25-ամյա մի աղջիկ, որը տնօրինում է եվրաինտեգրացիայի գործընթացները և Ուկրաինայի նախագահից 2,5 անգամ ավելի աշխատավարձ է ստանում։ Մեր երկրում նման բաները վաղուց ոչ մեկին չեն էլ զարմացնում։ Չէ՞ որ մեր պատերազմող երկրում մենք մարտունակ բանակ անգամ չունենք, այդ բանակը արդեն մեկ տարի կլինի` գլխավոր շտաբի պետ չունի, իսկ մեր երկրի սահմանները, իշխանությանը ու մեզ թշնամիներից պաշպանում է մեր միակ ռազմավարական դաշնակիցը, որի դեմ մեր իսկ թավշյա իշխանությունը մեր թշնամիների հետ միասին է անում ամեն կարողացածը։ Եվ դա էլ ոչ մեկին չի վրդովվեցնում։ Իշխանավորների պատահական ընկերուհիներին ու բիզնես գործընկերներին պետական պաշտոններ ու մանդատներ բաշխելը նույնպես ոչ մեկին այլևս չի կարող զարմացնել։ Չէ՞ որ մեր պաշտպանության նախարարը մեկն է, ով բանակի ու զենքի հետ առնչություն ունի ընդամենը այնքան, որքան պարտադիր ծառայություն անցած ցանկացած մեկը։ Պիցցա ցրողների երբեմնի շեֆն էլ մեր էկոնոմիկայի նախարարն է հիմա։ Ու ոչ ոք չի զարմանում, որ սրանք նախարարություն չեն կարողանում անել, բայց ամեն ինչի լավ բիզնես են անում` պետության հաշվին, մեր փողերով ու առավել հաճախ` մեր թշնամու հետ։ Ի՞նչը մեզ կարող է զարմացնել, եթե ոչ մի կերպ չի զայրացրել այն, որ ունեցել ենք քաղավիացիայի կոմիտեի նախագահ տիկին, ով մինչ այդ ավիացիային անչվել է ուղևորի մակարդակով, իր քառամյա պաշտոնավարման ընթացքում երեխաներ է ծնել ու միշտ ֆիզարձակուրդում է եղել, ապրել է երկրից դուրս, բայց երկրի բյուջեից ծախսել է այնքան ու այնպես, որքան ու ինչպես ուզել է։ Մեզ ի՞նչ կարող է զայրացնել, երբ ունենք կոնկրետ մեկ մարդու իրավունքների պաշտպան, որը չունի իր պաշտոնի պահանջները բավարարող հատկանիշեր, բայց բավարարում է այդ մեկ մարդու բոլոր պահանջները։ Եվ ունենալու ենք գլխավոր դատախազ, որը նույն այդ մեկ մարդու օգնականն է եղել ու նշանակվել է, որպեսզի այդ մեկ մարդուն օրենքներից ու արդարադատությունից պաշտպանի։ Ի վերջո, մեզ ոչինչ չի կարող այլևս զարմացնել ու զայրացնել, երբ չորս տարի է` ունենք երկիր կառավարող տգետ վարչակալ, որը չունի ոչ միայն անհրաժեշտ, այլ ընդհանրապես ոչ մի բարձրագույն կրթություն, որը չունի ոչ միայն պետություն, այլև անգամ ինքն իրեն ղեկավարելու նվազագույն ունակություններ։ Ընդհանրապես, մեր նման արտաքին թելադրիչների նշանակած կառավարիչ ունեցող պետություններում պայմանական արևմուտքի կադրային ամբողջ քաղաքականությունը սկզբունքորեն կառուցված է թերարժեքներին ու պակասավորներին պետության հլու ղեկավար դարձնելու հեղհեղուկ հիմքի վրա։ Այսպես է, քանի որ նկրտումը հենց այս կադրերի ձեռքերով, նաև դիլետանտությամբ ու ստրկամտությամբ երկիրը քանդելն է։ Մեր հիմիկվա նման երկրներում, երբ պետության ղեկավարը անցանկալի է դառնում պայմանական արևմուտքի համար, նրան ուղղակի վերացնում են կամ ստիպում են հրաժարական տալ։ Իսկ եթե իրենց անցանկալի որևէ անձ է ուզում դառնալ պետության ղեկավարը, արևմուտքը ուղղակիորեն և առանց որևէ ավելորդ այլևայլության միջամտում է այդ երկրի ներքին գործերին ու խաղից դուրս է թողնում կամ վերացնում է այդ թեկնածուին։ Քադաֆիի, Սթրոս-Կանի, Մուբարաքի, Դոդոնի, Սարկոզիի ու տասնյակ այլոց հետ տեղի ունեցածը և հենց հիմա Օրբանի հետ կատարվողը բոլորին է հայտնի։ Ամենաթարմ օրինակը թերևս օրերս Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի քաղաքական սպանությունն է։ Նա հետպատերազմյան Ճապոնիայի ամենաերիտասարդ ու ամենաերկարակյաց ղեկավարներից է, և նրա կառավարման 4 շրջանները համարվում են առավել արդյունավետը երկիր նորագույն պատմության մեջ։ Դա, սակայն, չխանգարեց, որ ԱՄՆ-ն 2020-ին նրան հարկադրի հրաժարական տալ` Ռուսաստանի հետ ինքնուրույն, արևմուտքի հետ չհամաձայնեցված, իր երկրի շահերից բխող քաղաքականություն վարելու համար։ Քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրած ու նախընտրական արշավ սկսած 67-ամյա այս քաղաքական գործիչին հուլիսի 8-ին պարզապես գնդակահարեցին։ Հանց այն փաստը, որ Ճապոնիայում ուղղակի չկան քաղաքական գործչներին սպանելու նախադեպ ու ավանդույթ, հուշում է, որ այս սպանությունը ևս արտաքին, արևմտյան լավ կազմակերպված նպատակային ակցիա է։ Երբ աշխարհի վերաբաժանման ինտենսիվ ընթացք է սկսվում, գլոբալ աշխարհակարգի կանոները թելադրողները չէին կարող թույլ տալ, որ Ճապոնիայի ղեկավար դառնա մեկը, ով չի համաձայնելու քանդել իր երկիրը։ Եվ իրենց խնդիրը լուծեցին իրենց ավանդական եղանակով ու տրամաբանությամբ. չկա մարդը` չկա պրոբլեմը։ Հարկ է տեղեկացնել նաև, որ սա Ճապոնիայի ներքին գործերին արևմուտքի միջամտության և արտաքին ու ներքին կոնկրետ քաղաքականություն թելադրելու բնավ միակ դեպքը չէ։ Օրինակ՝ ԱՄՆ-ի պահանջով, շանտաժով ու հարկադրանքով 2010-ին հրաժարական տվեց վարչապետ Յուկիո Հատոյաման։ Նա պարզապես համարձակություն էր ունեցել ԱՄՆ-ի տեղական հրամանատարությանը փոխանցելու ճապոնացի ձկնորսների բողոքը և պահանջելու, որ ԱՄՆ-ի Ֆուտեմմա ռազմակայանը դուրս բերվի Օկինավա կղզուց ու մեկ այլ ճապոնական տարածքում տեղակայվի։ 9-ամսյա կառավարման ընթացքում համեմատաբար անկախ, ԱՄՆ թելադրանքից ազատ քաղաքակություն վարել փորձած վարչապետը իր հրաժարականի խոսքում բացահայտ ընդգծեց, որ Օբաման է իրեն հեռացնում իր ընտրովի պաշտոնից։ Բացարձակ արտաքին կառավարմամբ ապրող մեր երկրում զարմանալի, զայրացնող, վրդովվեցուցիչ է ամեն ինչ, բայց մենք ոչնչից չենք վրդովվում, չենք զարմանում ու զայրանում, քանի որ ոչինչ չենք ուզում տեսնել, ոչ մի բանի մասին չենք ուզում մտածել ու լուռ հանդուրժում ենք ամեն ինչ։
Երբ կադրերը երկիրը քանդելու համար են. oragir.news
| Դիտվել է`
Նման նյութեր
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ