Ո՞վ է «թռցրել» գեղանկարչի տան փայտե դուռը. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ո՞վ է «թռցրել» գեղանկարչի տան փայտե դուռը. hraparak.am

Գեղանկարիչ Եղիշե Թադեւոսյանի՝ Էջմիածնում գտնվող հայրական տան փայտե դուռն անհետացել է: Տունը, որտեղ ապրել է մեծանուն նկարիչը, ճիշտ է՝ չկա, բայց պատն ու դուռը, որպես մշակութային արժեք, պահպանվել էին: Նույնիսկ 2020 թվականին, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, մի խումբ պաշտոնյաներ ու մտավորականներ տան մոտ հուշատախտակ էին տեղադրել, որ այդ տանն ապրել է Եղիշե Թադեւոսյանը:

Իսկ Հայաստանի ազգային պատկերասրահի նախաձեռնությամբ եւ ԿԳՄՍ նախարարության ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աջակցությամբ նկարչի հայրական տան արտաքին պատը տեղական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել:

Ռոմանոս Մելիքյան փողոցը, որտեղ գտնվում է նկարչի տունը, պատմական է ոչ միայն նրանով, որ այդտեղ է գտնվում մեծանուն նկարչի հայրական տունը, այլեւ նրանով, որ այդ փողոցում են ապրել նաեւ կոմպոզիտոր Մակար Եկմալյանն ու բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը: Եվ Էջմիածնի նախկին քաղաքապետերն ամեն ինչ արել են՝ պահպանելու թե՛ փողոցը, թե՛ մեծանուն հայերի տները կամ այն ամենը, ինչ մնացել է դրանցից:

Նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվելի որդին, նույնիսկ ամրացնել էր տվել Եղիշե Թադեւոսյանի տան դռան շրջանակը՝ երկարացնելու մեկ դարից էլ հին փայտաշեն դռան կյանքը: Իսկ մերօրյա վանդալները չդիմացան գայթակղությանն ու «տակով արեցին» հնաոճ գույքը:
Նկարչի տան հարեւանությամբ ապրողները տեսել են դուռը հանված վիճակում: Կարծել են, թե տարել են վերանորոգեն, հետ բերեն: Բայց զարմացել են, երբ ավելի ուշ փայտե դռան տեղում մետաղյա անճաշակ դարպաս են տեսել:

«Նկարիչ-ավագանի կա, անունը Ներսես է, ասում են՝ նա է տարել, հիմա էլ աչքը դրել է Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի՝ բանաստեղծի ձեռքով սարքած դռան վրա: Լսել եմ՝ իր տունը փայտի գեղարվեստական ձեւավորմամբ է սարքել: Երեւի էդ դռներն էլ, որպես պատմություն, կտեղադրի իր պատերի մեջ ու սրա-նրա մոտ գլուխ կգովա»,- ասաց Ռ. Մելիքյան փողոցի բնակիչներից մեկը:

Ազգային պատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ Խորեն Տեր-Հարությունյան թանգարանի վարիչ Հարություն Հարությունյանն էլ ասաց, որ դիմել է քաղաքապետարան, բայց գործին օգնող որեւէ քայլ դեռ չի նկատել: «Պետք չէ այդքան անտարբեր լինել. այդ դուռը քաղաքի կոլորիտի մի մասն էր, արժեքավոր էր իր հնությամբ ու պատկանելությամբ: Կարծում եմ՝ դժվար չէ պարզել, թե ով է տարել. եթե տարածքի սեփականատերն է, կարելի է զրուցել հետը, բացատրել, ասել՝ եթե ուզում է, որ դուռը երկաթյա լինի, թող դա անի ներսից, իսկ արտաքին մասը վերականգնի՝ ինչպես կար: Իսկ եթե տանողը սեփականատերը չէ, ուրեմն թող գտնեն, թող ոստիկանություն դիմեն: Դուռը սիրուն էր փայտով, իսկ երկաթով աղավաղել են պատմությունը»:

hraparak.am