Վերջին շրջանում երեւանյանան իրականությունում ի հայտ եկած ինքնագլորները՝ էլեկտրական «սամոկատները», իսկական պատուհաս են դարձել մայրաքաղաքում զբոսնողների եւ վարորդների համար։ Մի շարք ընկերություններ գումար են ներդրել եւ հեռախոսային հավելվածի միջոցով ինքնագլորներ են վարձույթով տրամադրում նրանց, ովքեր նախընտրում են քաղաքում տեղաշարժվել արագ եւ էկոլոգիապես մաքուր տրանսպորտով՝ խուսափելով խցանումներից։ Բայց այդ արագ տեղաշարժը շատ հաճախ լինում է այլոց առողջության եւ գույքային վնասի հաշվին։
Հիվանդանոցները վերջին երեք ամսում արդեն տասնյակ դեպքերի մասին են ահազանգում, որ ինքնագլորների՝ հետիոտների հետ բախման հետեւանքով մարդիկ են տուժում, կամ հենց իրենք՝ ինքնագլոր վարողները, դիմել են բուժօգնության, անգամ՝ կոտրվածքներով։ Ինքնագլորները երբեմն նաեւ մեքենաների հետ են բախվում՝ առաջացնելով նյութական վնաս մեքենաների սեփականատերերի համար։ Լինում են նաեւ դեպքեր, երբ ինքնագլորների պատճառով ավտովթարներ են տեղի ունենում։
Ու այս ամենի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, քանի որ դաշտն օրենքով կարգավորված չէ։ Թե՛ ոստիկանությունը, թե՛ Երեւանի քաղաքապետարանը չունեն այս հարցին հստակ պատասխան եւ լուծում։ Ստիպված՝ մասնավոր անձինք իրենք են փորձում լուծումներ գտնել։ Օրինակ՝ Արամի եւ Փավստոս Բուզանդի փողոցների մեջտեղում գտնվող «Սիզընս» այգու տնօրինությունն օրերս հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ այգու տարածքում ինքնագլորների օգտագործումն արգելված է:
Իսկ ոստիկանությունն ու քաղաքապետարանը դեռ որեւէ պատկերացում չունեն՝ ինչն արգելեն, որտեղ արգելեն, ինչպես արգելեն կամ ինչպես կանոնակարգեն։
Ոստիկանությունն այս հարցում կարճ ու կոնկրետ պատասխան ունի․ «Էլեկտրական ինքնագնացների երթեւեկությանը վերաբերող առանձին կարգավորումներ ՀՀ օրենսդրությամբ ներկայումս սահմանված չեն»։ Այսքանով ՀՀ ոստիկանությունն իր վրայից գցում է պատասխանատվությունը։ Քաղաքապետարանից մի քիչ ավելի երկար ու բովանդակային պատասխանեցին մեր հարցերին, սակայն դարձյալ որեւէ էական նշանակության, խնդրին լուծում տվող բան չասացին։
«Ոչ միայն Երեւանի քաղաքապետարանը, այլեւ, ընդհանրապես, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները սկսվում եւ ավարտվում են օրենքով։ Այսինքն՝ եթե ինքնագլորները ճանաչված չեն որպես տրանսպորտային միջոց, կարգավորում, որպես այդպիսին, քաղաքապետարանն իրականացնել չի կարող։ Դրա համար պետք է խորհրդարանն օրենքում փոփոխություն ընդունի, որպեսզի այն ճանաչվի որպես տրանսպորտային միջոց, դասակարգում մտցվի, թե քանի ձիաուժ է եւ այլն, նոր դրանից հետո արդեն տեղական ինքնակառավարման մարմիններն ու ոստիկանությունը կարողանան ինչ-որ կարգավորումներ մտցնել»,- ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի պատասխանատու Լեւոն Սարդարյանը՝ նշելով, որ այս պահին օրենքի բաց կա։
Իսկ ո՞վ է պատասխանատվություն կրում ինքնագլորների հասցրած վնասի մասով։ Սարդարյանն ասաց, որ, որպես այդպիսին, պատասխանատվություն սահմանված չէ, այսինքն՝ եթե մեկը ինքնագլորով խփեց, ինչ-որ մեկի մեքենան վնասեց, դա ճանապարհատրանսպորտային պատահար չի կարող համարվել։ Սարդարյանն ասաց, որ քաղաքապետն այս խնդրից, բնականաբար, տեղյակ չէ, բայց թե ինչ է մտածում այս ուղղությամբ, ինչ լուծում է պատկերացնում, դժվարացավ ասել․ «Էդ թեմայով պարոն քաղաքապետի հետ չեմ խոսել, չեմ կարող ասել»։