Մեզնից յուրաքանչյուրն օրվա ընթացքում միջինում 2700 քայլ է անում: Մենք հոգ ենք տարել, որ Բարեկամության զբոսայգում արված ամեն մի քայլը ոտքին հարմար ու աչքին հաճելի լինի:
Բարեկամության զբոսայգու ճեմուղիների շինարարությունը բազմաշերտ գործընթաց է. նախ մեր ճարտարապետները գտան քարերի շարվածքի հետաքրքիր լուծումներ, որոնց ամբողջությունը նախշազարդեր է հիշեցնում, ընտրվեց ճեմուղիների «գլխավոր հերոսը»` տրավերտին քարատեսակը, որը հայտնի է իր ճերմակ նրբերանգների շքեղությամբ:
Տրավերտինի ընտրությունը պատահական չէր. այս քարատեսակի էսթետիկան գնահատել են դեռևս Հին Հունաստանում և Հռոմում: Խոստովանեք, որ դուք էլ հիանում եք իտալական Կոլիզեումի ճարտարապետությամբ, որտեղ տրավերտինն իր առանցքային դերն ունի: Այս քարատեսակը նաև անմասն չի մնացել հայկական ճարտարապետությունից. բավարար է հիշատակել Կասկադը:
Այսպիսով, տեսլականն արդեն կար, մնում էր այն իրականություն դարձնել: Բարեկամության այգու շինարարական աշխատանքների համակարգող Մուշեղ Գոնչոյանը պատմեց, որ ճեմուղիների շինարարական աշխատանքներում առաջնորդվել են 3 կարևորագույն սկզբունքներով:
Իրականացնել գրագետ ուղղաձիգ համահարթում, ինչի արդյունքում կբացառվեն անձրևաջրերի տեղային կուտակումները:
Մանրակրկիտ աշխատել բետոնե հիմնաշերտի իրականացման վրա` պահպանելով ճիշտ թեքությունները:
Եվ վերջում, բծախնդիր մոտեցում ցուցաբերել քարերի բարդ նկարվածքներով շարվածքին:
Արդեն այսօր իրականացված է անհրաժեշտ աշխատանքների շուրջ 70%-ը, այնպես որ, բան չմնաց: