Հունվարի 25-ին Տավուշի մարզի մարտական դիրքում ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերված 19-ամյա զինծառայող Շավարշ Գալստյանի հարազատները շարունակում են չհավատալ ինքնասպանության վարկածին: armtimes.com-ի հետ զրույցում Շավարշի մորեղբայրը՝ Գեւորգ Կագրամանյանն ասաց, որ պատրաստվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն գնալ, զբաղվել գործով, որովհետեւ համոզված է, որ Շավարշին սպանել են:
– Վաղը պիտի գնամ, զբաղվեմ էդ հարցերով: Պիտի այսօր գնայի, ուղղակի ասացին քննիչը տեղում չի, վաղն եկեք: Եթե ես սպասեմ, թե իրենք կզանգեն, կարող է չզանգեն: Ես փորձելու եմ ապացուցել, որ էդ էրեխեն էդ բանը չէր անի:
– Պարոն Կագրամանյան, այսինքն պնդում եք, որ Շավարշն ինքնասպանություն չի գործել, ինչպես հայտարարում են իրավապահ կառույցները:
– Իսկ դուք չգիտե ՞ք, որ դա ինքնասպանություն չի: Իրեն ճանաչողները գիտեն, որ նա դա չէր անի: Եթե քննչական կոմիտեն չկարողանա մի բան պարզել, ես կպարզեմ: Ես էլ եմ հետաքրքրվում, ինձ էլ են շատ բաներ ասում, ես էլ աղբյուրներ ունեմ:
– Փորձե ՞լ եք Շավարշի ծառայակիցների, հրամանատարների հետ խոսել:
– Ես խոսել եմ, բայց իրենք ոչինչ չեն կարող ասել, ասում են՝ քննչականը զբաղվում է, ոչինչ չենք կարող ասել:
– Դուք դատաբժշկական փորձաքննությանը ներկա եղե ՞լ եք:
– Ներկա եղել եմ, բայց չկարողացա նայել: Սիրտդ չի տանում նայես: Ծնոտի տակից կրակած է, ինչ նայեմ: Ասում են քառասուն օրվա մեջ կլինի դատաբժշկականի պատասխանը, կիմանաք: Իրենք հիմա էլ ամեն ինչ գիտեն, բայց դեռ չեն կարող ասել:
– Բռնության հետքեր կայի ՞ն Շավարշի մարմնի վրա:
– Բռնության հետքեր չկային:
– Հոգեհանգստի օրը մորաքույրն ու տատը մեր թղթակցին ասել էին, որ Շավարշի ձեռքին կապտած տեղեր կային: Տեսե ՞լ եք այդ հետքերը:
– Դրանք բռնության հետքեր չէին, մատնահետք էին վերցրել, թանաքի տեղերն էին: Դեմքն ահավոր վիճակում էր, բայց չեմ կարող ասել, որ ծեծել-ջարդել են: Բայց որ հաստատ իրեն սպանել են, 100 տոկոս: Դա ես մինչեւ վերջ կարող եմ պնդել: Շավարշն էն տղեն ա եղել, որ ինձ էր բացատրում ինչն ինչոց է: Ասում էր՝ քեռի ջան, ես գալու եմ, հասնեմ քեզ: Նա 12-13 տարեկանից աշխատել է, իր մոր կողքին է եղել հոր մահից հետո: Ինքը չի սպասել, որ քեռին օգնի, մորքուրը օգնի, հորքուրը օգնի: Միշտ աշխատել, մորը օգնել է: Նա չէր կարող նման բան անել: Էն տղերքից չէր, որ բազար աներ, լավ տղա խաղար: 1.5 տարվա ծառայողը ո ՞նց կարող է նման բան անել: Ինչ-որ մի վիժվածք եկել է դրսից, Ղարաբաղից իրեն փոխանցել են Իջեւան, տղայա դառել, ուզեցել ա էդ էրեխուն նվաստացրած լինի:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: