Հուլիսի 28-ին կայանալու է Արթուր Գրիգորյանին նվիրված «Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով համերգը, որի ընթացքում կհնչեն հեղինակային հին և նոր սիրված երգերը ` Սարոյի, Արա Մարտիրոսյանի, Սոնա Ռուբենյանի, Էրիկ Կարապետյանի, Շուշան Պետրոսյանի, Արսեն Սաֆարյանի, Նունե Եսայանի, Արամոյի, Արթուր Իսպիրյանի, Էմմա Պետրոսյանի, Վարդան Բադալյանի և էլի շատ սիրված արտիստների կատարումներով:
Tert.am Life-ի հետ զրույցում Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը ներկայացրել է միջոցառման մանրամասները:
«Դեռևս մինչև համավարակը Տիգրան Վիրաբյանն առաջարկել էր պապային կազմակերպել մեծ համերգ և՛ Արցախում, և՛ Երևանում: Սկսեցինք քննարկումները՝ ո՞ր արտիստները պետք է ելույթ ունենան, ի՞նչ երգեր են հնչելու, ինչպիսի՞ ձևաչափով է դա մատուցվելու, որոշվել էր, որ պետք է աշխատենք Պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, մտածում էինք՝ Արցախում որտե՞ղ իրականացնել համերգը, բայց սկսվեց համավարակը և աշխատանքները կանգ առան, ինչից հետո սկսվեց պատերազմը, իսկ հետպատերազմյան շրջանում դժվար էր վերականգնվել և մտածել համերգ կազմակերպելու մասին»,- ասաց նա:
Խոսելով օրվա ընտրության մասին Մանեն հիշեցրեց, որ հուլիսի 31-ին Արթուր Գրիգորյանը կդառնար 64 տարեկան: «Որոշեցինք ծննդյան ընդառաջ կազմակերպել համերգը: Արտիստների ընտրությունը ևս եղել է պապայի հետ, Սերգեյ Սմբատյանի և իր թիմի հետ արդեն մեկ ամիս է մենք անցել ենք աշխատանքի, համերգին նախապատրաստվում ենք ինտենսիվորեն, բայց բավականին դժվար է կազմակերպել պապայի համերգն առանց նրա ու ամեն որոշում կայացնելիս մտածում ենք՝ ինքն ինչպես կաներ ու կասեր»,- ասաց նա:
Մանե Գրիգորյանը նաև մանրամասնեց՝ որտեղից է եկել խորագրի գաղափարը․ «Նախորդ համերգի խորագիրն էր՝ «Երեկ, այսօր …», և պապայի մահվանից հետո ես գտա հարցի պատասխանը, որ բազմակետերի փոխարեն պետք է լինի հավերժ, քանի որ նրա գործերը ապրելու են հավերժ: Կա երկու կարևոր ստեղծագործություն՝ «Հայ գարուններ», «Դու կաս»: Երկուսն էլ հնչելու են հայրիկի ձայնով, բայց կենդանի նվագակցությամբ: Բավականաչափ բարդ խնդիր էր, բայց նվագախումբն ամեն բան անում է, որ ստեղծագործությունները կատարյալ հնչեն»։
Ամբողջությամբ՝ tert.am