Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը փետրվարի 1-ից կնվազի 1.22 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում սահմանվել էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի հետևյալ սակագները: Նոր սակագների համաձայն` 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կլինի 33.48 դրամ, գիշերային սակագինը ` 29.48 դրամ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար 1 կՎտժ-ի համար ցերեկային սակագինը կկազմի 35.98 դրամ, գիշերային սակագինը` 31.98 դրամ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 6(10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը սահմանվել է 41.98 դրամ, գիշերային սակագինը՝ 31.98 դրամ: Ինչ վերաբերում է 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողներին (բնակչության զգալի հատվածը), ապա ցերեկային սակագին սահմանվել է 44.98 դրամ` նախկին 46.2-ի դիմաց, գիշերային սակագին` 34.98 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար էլ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կլինի 40 դրամ, գիշերային սակագինը` 30 դրամ:
Էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացի վրա մի քանի գործոններ են ազդել: Դրանցից հիմնականը ջերմակայաններին մատակարարվող գազի սակագների նվազեցումն է:
Ինֆոգրաֆիկան՝ ըստ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի