Նոր հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ COVID-19 համավարակի առաջին տարվա ընթացքում բժշկական ապահովագրություն չունեցող, աշխատունակ տարիքի չափահաս ամերիկացիների բաժինը չի փոխվել՝ չնայած գործազրկության աճին, իսկ անառողջ վարքագծի տարածվածությունը նվազել է։ Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են CANCER ամսագրում, վերաբերել են օնկոլոգիական հիվանդությունների պատմություն ունեցող, ինչպես նաեւ չունեցող անձանց։
Քաղցկեղը հաղթահարած մարդիկ հաճախ ունեցել են բժշկական սպասարկման բարձր պահանջ եւ կարող էին խոցելի լինել տնտեսական եւ բժշկական այնպիսի ցնցումների հանդեպ, ինչպիսիք եղան COVID-19 համավարակի առաջին տարում։
Հետազոտության շրջանակում բժիշկ Սյուսոնգ Հանը (Ամերիկյան օնկոլոգիական ասոցիացիա) եւ նրա գործընկերներն օգտագործել են ռիսկի վարքային գործոնների հսկման համազգային համակարգի տվյալները՝ ուսումնասիրելու համար առողջական մի քանի ցուցանիշների փոփոխությունները 2020թ., քաղցկեղը հաղթահարած մարդկանց շրջանում՝ դրանք համեմատելով քաղցկեղի պատմություն չունեցող չափահաս մարդկանց տվյալների հետ։ Մասնավորապես, նրանք գնահատել են բժշկական ապահովագրության առկայությունը, բժշկական սպասարկման հասանելիությունը, զբաղվածությունը, վերաբերմունքն առողջությանը եւ առողջության մասին ինքնահաշվետվությունները։
18-64 տարեկան չափահասների շրջանում 2020թ. չապահովագրվածների մակարդակն էապես չի փոխվել՝ չնայած գործազրկության աճին։ Վարքի անառողջ ձեւերի տարածվածությունը, ինչպիսին են անբավարար քունն ու ծխելը, 2020թ. նվազել է, իսկ առողջության ինքնագնահատականը՝ բարելավվել, անկախ քաղցկեղի պատմությունից։ Ծխելը թողնելն ավելի զգալի է եղել քաղցկեղը հաղթահարած մարդկանց շրջանում, քան քաղցկեղ չունեցող չափահասների շրջանում։
«Մեր արդյունքները վկայում են այն մասին, որ համավարակը կարող էր մարդկանց մղել ավելի առողջ վարքագծի, իսկ ազգային եւ տարածաշրջանային քաղաքական միջոցները՝ ի պատասխան համավարակի, որոնք վերաբերել են ապահովագրությանը, գործազրկության նպաստներին եւ ֆինանսական օգնությանը, կարող էին նպաստել նկատվող դրական փոփոխություններին»,- նշել է բժիշկ Հանը։