Հնում երեխաներին նկարագրող անուններ էին տալիս. մոգական, գեղեցիկ ու բարեհունչ անուններ սկսեցին ավելի ուշ տալ։ Օրբելյան եղբայրների հոր անունը Աղապարոն էր։ Աղան (թուրքերեն, գուցե՝ կալմիկերեն) նշանակում է պարոն։ Հայերեն պարոնն էլ՝ իր հերթին։ Երկուսը մեկում հիանալի աշխատեց։
Երկու եղբայրներն էլ, որոնցից մեկը բարձր մակարդակի բիզնեսմեն էր Ամերիկայում, մյուսը` համաշխարհային հռչակ ունեցող կոմպոզիտոր, իրենց գործում բարձրագույն աստիճանների էին հասել, բայց բոլորովին էլ հեշտությամբ չէին արել դա։ Եվ դա դեռ մեղմ է ասված։ Սկսենք ավագության կարգով` Հարրի (Գարեգին) Օրբելյանից։
Ավագ եղբայրը
1940 թվականին մեկնում է Կարմիր բանակում ծառայելու։ 1941 թ.-ի հունիսին Հարրիի ռազմական ստորաբաժանմանը, որը կանգնած էր Մոգիլևի մերձակայքում, ուղարկում են ֆաշիստական դեսանտ ոչնչացնելու։ Պատահում է այնպես, որ առաջադրանքը կատարելուց հետո Հարրին նկատում է, թե ինչպես է խորհրդային գեներալը փորձում բացատրվել գերի ընկած ֆրիցի հետ։ Հիանալի տիրապետելով գերմաներենին (ինչպես հետո է պարզվում` ոչ իր օգտին), Հարրին օգնելու պատրաստակամություն է հայտնում։ Նրան նկատում են և վերցնում հետախուզությունում ծառայելու։
Նորից՝ կռիվ, գերություն, ճամբար, հաջողված փախուստ, կոնտուզիա Սմոլենսկի մոտ, նորից՝ գերություն, ճամբարներ Վարշավայում, Շտետտինում, Համբուրգում, այս անգամ` երկար ժամանակով, ընդհուպ մինչև Հաղթանակի օրը։
Պատերազմից հետո նա ամերիկացի է դառնում, բայց ոչ այն պատճառով, որ ուզում էր, այլ որովհետև ո՞ւր կարող է գնալ խորհրդային ռազմագերին, այն էլ` հոյակապ գերմաներեն իմացող հետախույզը, որը հայտնվել էր օկուպացիայի ամերիկյան հատվածում։ Հայրենիք վերադառնալը հաստատ ավարտվելու էր ձերբակալությամբ, հարցաքննություններով, գաղութներով, իսկ Ամերիկա մեկնելը անհայտություն էր, բայց առանց չգործած մեղքերի համար պատասխան տալու։ Դուք ի՞նչ կընտրեիք։ Հարրին էլ հենց այդպես վարվեց։
Շարունակությունը` իր ժամանակին հայտնի լրագրող Բորիս Ստրելնիկովի («Պրավդա» թերթից) խոսքերով, որը Սան Ֆրանցիսկոյի Միջազգային առևտրի խորհրդի նախագահ Օրբելյանին հյուրասիրել է Մոսկվայի «Արագվի» ռեստորանում։
– Խնդրում եմ, ասա` ինչպե՞ս քեզ հաջողվեց միլիոնատեր դառնալ,- հարցրել է կոլեգաս,- եթե հարցս անտակտ ես համարում, մի՛ պատասխանիր։
– Չէ՛, ինչո՞ւ, ինձ այդ մասին հենց իմ աշխատողներն էլ են հաճախ հարցնում. «Դուք հայտնվել եք Ամերիկայում առանց գրպանում մի ցենտ ունենալու, առանց լեզվին տիրապետելու, առանց ծանոթությունների։ Հիմա դուք մեր բոսն եք, իսկ մենք` հինգերորդ սերնդի ամերիկացիներս, ձեզ մոտ ենք աշխատում։ Ինչո՞ւ»։ Իսկ ես նրանց բացատրում եմ, որ ծնվել եմ մի երկրում, որտեղ աշխատանքը պատվի, արիության և հերոսության հարց է։ Ես աշխատանքով եմ դաստիարակվել։ «Իսկ մենք ի՞նչ է, չե՞նք աշխատում»,- ուսերն են թոթվում ամերիկացիները և ոչինչ չեն հասկանում։
Հարրին օգնում էր ԽՍՀՄ-ին, ինչով կարողանում էր. ամերիկացի միլիոնատերերը, եթե նրանք հայրենասեր են, շատ բան կարող են անել։ Երբ Ամերիկայից չեն, մեկ է` կարող են, Հայաստանը դա ևս տեսել է։ Հիմա մի քիչ այլ է. որոշ միլիոնատերեր, իհարկե, միլիոններ ունեն, հայրենի հող նույնպես ունեն, բայց հողն ավելի շատ իրենց համար փող կորզելու միջոց է, քան հօգուտ հայրենիքի ներդրումներ անելու։ Սխալ միլիոնատերեր են մի տեսակ…
Հարրին Խորհրդային Միություն շատ անգամ է եկել (Մոսկվա, Երևան և իր ծննդավայր Տաթև)։ Դատարկ ձեռքով չէր գալիս, գալիս էր անգամ այն բանից հետո, երբ «Իզվեստիայի» իմ հայտնի գործընկեր Մելոր Ստուրուան նրան սխալմամբ ՀԴԲ-ի գործակալ էր հայտարարել։ Թյուրիմացությունը պարզվեց, վիրավորանքն անցավ, իսկ երկրի հանդեպ սերը մնաց, Հայաստանին օգնելու ցանկությունը` նույնպես։
1991 թվականին Վաշինգտոնում ԽՍՀՄ դեսպանատանը կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ Հարրի Օրբելյանին հանձնվեց հուշամեդալ` ի նշան երախտագիտության Հայաստանում երկրաշարժից տուժածներին աջակցելու համար։
1994 թվականին Էթնիկ կազմակերպությունների ազգային կոալիցիան Հարրի Օրբելյանին պարգևատրեց Էլիս Այլենդի Պատվո մեդալով: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է բացառիկ մարդասիրական ակցիաների համար։
Հարրի Օրբելյանը մահացավ 2007 թվականին։
Կրտսեր եղբայրը
Մինչ ավագ եղբայրը` Հարրին, իր ոդիսականն էր ապրում, կրտսերը` 14-ամյա Կոնստանտինը, գործի անցավ ռազմական նվագախմբում, որտեղ դաշնամուր և ակորդեոն էր նվագում։ Առանցքային բառն այստեղ նվագախումբն է. դեռահաս տղայի երաժշտական ունակությունները չէին կարող աննկատ մնալ, որոշ ժամանակ անց նրան իր մոտ վերցրեց Հայաստանի էստրադային նվագախմբի ղեկավար Արտեմի Այվազյանը։ Այստեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Չի կարելի ասել, թե Օրբելյան կրտսերի ճանապարհին վարդի թերթիկներ էին շաղ տված, այն էլ` առանց փշերի, բայց երաժշտությանը նվիրվելը միակ ճիշտ որոշումն էր։
Հիշո՞ւմ եք. «Խոսքը` Անդրեյ Վոզնեսենսկու, երաժշտությունը` Առնո Բաբաջանյանի, կատարում է Մուսլիմ Մագոմաևը»… «…Ты сквозь года, ты сквозь года летишь за мной, как будто ангел загорелый, за спиной…»։ Սա երաժշտության մասին է, որը կոմպոզիտորի, դաշնակահարի, դիրիժորի հետ մնում է մինչև նրա կյանքի վերջին օրը։
…Շրի Լանկա (այն ժամանակ` Ցեյլոն), Օրբելյանի ջազ-նվագախմբի համերգը երկրի մայրաքաղաք Կոլոմբոյում։ Դահլիճը գերլցված է օրհնյալ լողափերում հանգստացող ամերիկացիներով, եվրոպացիներով, երբեմն աբորիգեններ են հանդիպում։ Մտնում եմ գրիմի սենյակ, մաեստրոն` մինչև կոշիկների քուղերը նրբաճաշակ հագնված, պատրաստվում է բեմ դուրս գալ։ Եվ այդ պահին լույսը մարում է, միանգամից և ամեն տեղ` սենյակում, դահլիճում, ամբողջ Կոլոմբոյում։ Մաեստրոն անվրդով է։
– Ի՞նչ ենք անելու,- հարցնում եմ ես։
– Ելույթ ենք ունենալու։ Մոմերի, նավթավառի, լուսնի լույսի տակ, ցանկացած կերպ, բայց երաժշտություն լինելու է։
Աստղաբանները մեկնաբանում են Օրբելյան ազգանունը. «Հասնում են դրված նպատակներին, օժտված են արժանապատվության զգացումով և լավ մտավոր ունակություններով, կարողանում են հասնել սիրած մարդուն»։
Ի դեպ` սիրելի մարդու մասին, տվյալ դեպքում` կնոջ, ավելի կոնկրետ` Ալլա Պուգաչովայի, որին աշխատանքի ընդունեցին Կոնստանտին Աղապարոնի Օրբելյանի` ԽՍՀՄ-ի երաժշտական շրջանակում և միջազգային հարթակում ազդեցիկ մարդու նվագախումբ։ Հարկ կա՞ արդյոք բացատրելու, որ կարիերա սկսող երգչուհու համար այդպիսի հովանավորն ավելի քան տեղին էր, սերն էլ գումարած։ Երևանի հնաբնակները կհիշեն երիտասարդ Ալլային, իսկ երաժշտասերները նաև կարող են նշել երգերը, որոնցով նա ելույթ էր ունենում. դրանք չորսն էին։
1975 թվականին Հայաստանի պետական էստրադային նվագախումբը խորհրդային ջազային կոլեկտիվների շարքում առաջինն այցելեց ջազի հայրենիք՝ ԱՄՆ։ Քսանհինգ համերգ տվեցին։ Լիակատար անշլագ։ Ապա` Հնդկաստան, Եգիպտոս, Քենիա, Եթովպիա։ 1975 թվականին Կոնստանտին Օրբելյանը ստացավ իր կյանքի ամենաթանկ նվերը` գտնվեց եղբայրը` Հարրի Օրբելյանը, որին պատերազմում զոհված էին համարում։
Կոնստանտին Օրբելյանը մահացավ 2014 թվականի ապրիլի 24-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Մայրը
Հարրիի և Կոստյայի մայրը պատասխանատու պաշտոններ էր զբաղեցնում Խորհրդային Ադրբեջանի նավթային արդյունաբերության կուսակցական կառույցներում, ինչը որոշ առումով առնչվում էր նրա ամուսնու մարտական գործունեությանը Ղրղզստանում, որտեղ այն ժամանակ դեռ երիտասարդ Աղապարոնը պայքարում էր բասմաչության դեմ, իսկ հետո պատասխանատու պաշտոն զբաղեցրեց խորհրդային կառավարությունում։ Եվ նորից` ոչ իր օգտին։ Տղաների թե՛ մորը, թե՛ հորը, ինչպես այն ժամանակ ընդունված էր, ձերբակալեցին, հորը շուտով գնդակահարեցին, իսկ մորն ուղարկեցին գաղութ։ Նա այնտեղ մնաց մինչև խրուշչովյան «հալոցքը», իսկ հետո սկսեց փնտրել անհետ կորած որդուն` Հարրիին։
Հարրին ինքն էլ փնտրում էր մորը։ 1957 թվականին վերջապես հաղորդագրություն ստացավ. «Մայրդ ու եղբայրդ ապրում են Երևանում»։ Հարրին չէր համարձակվում մորը գրել, որ ողջ-առողջ է, Ամերիկայում` Սան Ֆրանցիսկոյում։ Զանգել նույնպես չէր համարձակվում։ Հալոցքը՝ հալոցքը, բայց նման դեպքերում, գիտեք, ինչպես համանուն ֆիլմի երգում է ասվում. «Я думала это весна, а это оттепель…»։ Գարունն իսկապես հեռու էր։
Ի վերջո, Հարրին որոշեց երևալ և եղբորը հեռագիր ուղարկեց` այն ստորագրելով մականունով, որով կրտսեր եղբայրը դիմում էր ավագին։ Ինչո՞ւ մորը չգրեց։ Որովհետև վախենում էր. մոր սիրտը կարող էր չդիմանալ։
Ըստ Կոնստանտին Օրբելյանի մտերիմներից մեկի` ՆԳՆ գեներալ Ոսկան Գալստյանի պատմածի. ««Երկաթե վարագույրի» ժամանակ միակ բանը, որին Հարրիի մայրը կարողացավ հասնել ԽՍՀՄ-ում, ԽՄԿԿ Կենտկոմից նամակագրության թույլտվություն ստանալն էր։ Ընտանիքի վերամիավորումը տեղի ունեցավ միայն 1960 թվականին»։
Իսկ 1991-ին մահացավ նաև եղբայրների մայրը։