Գիտնականներն առաջարկել են ուղեղի խթանման նոր միջոց հիշողության բարելավման համար
Advertisement 1000 x 90

Գիտնականներն առաջարկել են ուղեղի խթանման նոր միջոց հիշողության բարելավման համար

Եթե տարեց մարդը դժվարությամբ է հիշում, թե ուր է դրել մեքենայի բանալին, կարո՞ղ է արդյոք ուղեղի ոչ ինվազիվ խթանումն օգնել նրան՝ բարելավելու հիշողությունը։

Նոր հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում, ցույց է տվել, որ չորս օր անընդմեջ փոփոխական հոսանքով տրանսկրանիալ խթանում ստացող մարդիկ հիշողության բարելավում են ունեցել։ Էֆեկտը պահպանվել է մի քանի շաբաթ։

Հետազոտությանը մասնակցել է 65-88 տարեկան 150 մեծահասակ, որոնք անցել են կարճաժամկետ, երկարաժամկետ հիշողության բարելավման բուժման կուրս կամ դատարկահաբ են ստացել։ Նրանց մեծ մասն ունեցել է հիշողության տարիքային սովորական անկում։ Հետազոտության մասնակիցներից ոչ մեկն Ալցհեյմերի հիվանդություն չի ունեցել։

Ակտիվ բուժման խմբի մասնակիցները կրել են ցնցուղ ընդունելու համար նախատեսված գլխարկներ՝ ներկառուցված էլեկտրոդներով, որոնք միացած են եղել ուղեղի խթանման սարքին, որն արձակել է թույլ էլեկտրական հոսանքներ էլեկտրոդների միջոցով։ Յուրաքանչյուր սեանս տեւել է 20 րոպե, եւ մասնակիցներին խնդրել են լսել, իսկ հետո անհապաղ հիշել 20 բառերից հինգը։

Էլեկտրական հոսանքները խթանել են ուղեղի այն հատվածները, որոնք կորցրել էին իրենց ռիթմը, բացատրել է հետազոտության հեղինակ Ռոբերտ Ռեյնհարթը։

Նրա խոսքով՝ ուղեղի խթանում ստացած մարդիկ օրեցօր ավելի շատ բառեր են հիշել, եւ էֆեկտը պահպանվել է մեկ ամսվա ընթացքում։ «Մոտավորապես չորրորդ օրը նրանք բարելավել են իրենց ցուցանիշները 50-65 տոկոսով՝ կեղծ բուժում/դատարկահաբ ստացած խմբի համեմատ, ինչը համարժեք է չորսից վեց բառով ավելի հիշելուն»,- նշել է Ռեյնհարթը։

Հետաքրքիր է, որ ամենացածր կոգնիտիվ ցուցանիշներ ունեցող մարդիկ հետազոտությունն սկսելու պահին ուղեղի խթանումից ամենամեծ օգուտն են ստացել։

news.am