Ինչի՞ մասին են լռում ամերիկյան լրատվամիջոցները. «ՉԻ»
Advertisement 1000 x 90

Ինչի՞ մասին են լռում ամերիկյան լրատվամիջոցները. «ՉԻ»

Նախագահ Թրամփի վերջին հրամանագիրը՝ արգելել մահմեդական յոթ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ, բողոքի նոր ալիք է բարձրացրել երկրի ողջ տարածքով։ Թրամփի այդ քաղաքականությանը դեմ են արտահայտվել նաև եվրոպական մի շարք երկրների քաղաքական դեմքեր։ Հայաստանում էլ Թրամփի գործունեությանը հետևում են մեծ ուշադրությամբ։ «ՉԻ»-ն այս թեմայով զրուցել է ԱՄՆ-ում բնակվող մեր գործընկերոջ` Արթուր Սահակյանի հետ, որը բավականին հետաքրքիր փաստեր մատնանշեց։

Հայաստանում լրատվությունը դեռևս այն մասին է, թե ինչ լավն էր Օբաման, թե ինչպես է նրա ռեյտինգը վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացել, թե որքան են ամերիկացիները բարկացած Թամփի վերջին հրամանագրերով։ Նույն մոտեցումներն այդտեղ են, թե՞ տարբերություն, այնուամենայնիվ, կա։

– Նույն տպավորությունը կարելի է ստանալ նաև այստեղ՝ Միացյալ Նահանգներում, եթե ինֆորմացիայի միակ աղբյուրը ամերիկյան կորպորատիվ մեդիան Է՝ CNN (ABC), NBC, CBS, Fox News (որոշ բացառություններով), Washington Post, New York Times, AP և այլն։ Կասեմ, որ գործ ունենք, այսպես ասենք՝ կիսաճշմարտության կամ որոշ դեպքերում կեղծ ինֆորմացիայի վրա հիմնված մանիպուլիացիաների հետ։ Իրականում այն, ինչ այսօր Թրամփն անում է, ոչ ոքի համար անակնկալ չէ։

Նա ընդամենը քայլ առ քայլ, բավականին արագ տեմպերով սկսում է իրականացնել այն, ինչ խոստացել էր ամերիկացիներին, և ինչի համար էլ ամերիկացի ընտրողն իր ձայնը տվել էր իրեն։ Ուղիղ մեկուկես տարի ամերիկյան կորպորատիվ մեդիան փորձեց սևացնել Թրամփին, նրա ծրագրերը՝ անվանելով էլ ֆաշիստական, էլ նացիստական, էլ քսենոֆոբիական, բայց ինչպես տեսանք՝ դա չոգնեց Հիլարի Քլինթոնին դառնալ նախագահ, և ամերիկացիները որոշեցին ընտրել Թրամփին հենց այն նույն գաղափարների համար, որոնք այսօր փորձում է իրականություն դարձնել։ Եվ այսօր, այսպես կոչված մարդասերները, դուրս են եկել փողոց ընդդեմ Թրամփի քայլերի, որոնք կոչված են նախ և առաջ պաշտպանելու ամերիկացիների անվտանգությունը։ Հրամանագիր, որը ժամանակավորապես՝ ընդամենը 3 ամսով, արգելում է  որոշ մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ։

Ընդ որում՝ Թրամփը բացառություն է անում քրիստոնյաների մասով, քանի որ ըստ նրա՝ քրիստոնյաներն ամենաշատն են տուժել այդ երկրներում։ Ի դեպ՝ այդ երկրների ցանկը Թրամփը չի սահմանել, այլ այն սահմանվել է դեռևս  Օբամայի ղեկավարության օրոք՝ որպես ահաբեկչության աղբյուր հանդիսացող երկրներ։ Այսինքն այն, ինչ այսօր Թրամփն իրականացնում է կարգադրության տեսքով, հիմնվում է Օբամայի ադմինիստրացիայի 2015-Ք որոշումների վրա։ Ավելին՝ 2011-ին նմանատիպ մի արգելք էլ Օբաման սահմանեց Իրաքի քաղաքացիների համար։ Սակայն ոչ 2011-ին և ոչ էլ 2015-ին ոչ ոք նրան հակամահմեդական չհամարեց, ոչ ոք նրա դեմ ցույցեր չկազմակերպեց, ու ամերիկյան այսպես կոչված խոշոր լրատվամիջոցներն էլ քար լռություն պահպանեցին։ Այսօր էլ նրանք այդ մասին չեն խոսում, փոխարենը փորձում են հեղափոխության ալիք ձևավորել ընդդեմ Թրամփի։

Ո՞րն է նրանց նպատակը։

– Ես կասեի նրանց տերերի նպատակը մեկն է՝ ամեն գնով տապալել Թրամփի նախագահությունը։ Իմ համոզմամբ, այսօր պայքար է գնում գլոբալիստների ու ազգակենտրոն ուժերի մեջ։ Թրամփի ամերիկակենտրոն կարգախոսները‘ «America First», «Buy American and Hire American» պարզապես սարսափեցնում են մուլտինացիոնալ, գլոբալ աշխարհակարգ ձևավորող կորպորացիաներին։

Եվ նրանք, որոնք ունեն ֆինանսական անսահմանափակ ռեսուրսներ, այնպիսի զենքեր, ինպիսիք են խոշոր լրատվամիջոցներն ու հոլիվուդյան աստղերը, անելու են ամեն ինչ Թրամփի իշխանությունը քաոսի վերածելու համար։ Եթե ուշադիր հետևեք, թե ովքեր են հակաթրամփական շարժման դրոշակակիրները՝ կազմակերպություններն ու անձինք, և ոչ միայն Ամերիկայում, անգամ՝ այդտեղ` Հայաստանում, իսկույն կապեր կտեսնեք ասենք օրինակ գլոբալիստ միլիարդատեր Սորոսի հետ։ Նույն մարդիկ, ովքեր երեկ գոռում էին կանանց ու միասեռականների իրավունքների մասին, այսօր արդեն հանդես են գալիս Շարիաի Օրենքի հետևորդ ահաբեկիչների դեմ իրականացվող քայլերի դեմ։ Ստացվում է, որ նրանք համ ֆեմինիստ են, համ էլ՝ Շարիա օրենքի հետևող։ Աբսուրդ է։

Էմիգրացիայի խնդիրը կարծես ստվերեց աղմկահարույց՝ Մեքսիկայի պատի կառուցման թեման։

– Մի քանի օր առաջ էլ ցույցերն այդ թեմայով էին, և կրկին մեդիան Թրամփին ներկայացնում էր իբրև՝ հարևան երկրների միջև թշնամանք հրահրող նախագահի։ Բայց թե ինչ է թաքնված այդ պատի հետևում, ոչ ոք չի խոսում, ամերիկյան մեդիան էլ՝ լռում է։ Տեսեք որն է  խնդիրը։ Մեքսիկայի հետ ողջ սահմանի երկայնքով պատի կառուցումը, որը կարժենա մոտավորապես 15 միլիարդ դոլար, նպատակ չունի միայն կանխել ապօրինի ներգաղթյալների մուտքը Միացյալ Նահանգներ։ Այս սահմանով Մեքսիկայից ԱՄՆ են հոսում թմրանյութեր և հակառակ ուղղությամբ՝ ապօրինի զենք ու զինամթերք։

Եվ խոսքը հսկայական քանակությունների մասին է։ Ստացվում է, որ բաց, անվերահսկելի սահմանի առկայությունից օգտվում են նարկոբարոններն ու ապօրինի զենքի բիզնեսով զբաղվողները։ Թրամփի մտահոգությունն առաջին հերթին այս ամենը կանխելն է։ Ի դեպ՝ ևս մեկ զուգահեռ. սահմանային այս պատի կառուցման անհրաժեշտության մասին դեռևս իր նախագահության օրոք խոսել է նաև Բիլլ Քլինթոնը, որի այդ ելույթը արժանացել է օվացիաների այն նույն քաղաքական դեմքերի կողմից, ովքեր այսօր Թրամփին այդ նույն պատի համար անվանում են ռասիստ։

– CNN-ի կողմից անցկացված վերջին ուսումնասիրությունների տվյալներով Թրամփի վարկանիշն ընկել է, իսկ Օբաման վայելում է ամերիկացիների 60%-ի վստահությունը։

– Անկեղծ ասած, ընդունելուվ այն փաստը, որ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման  հասարակության մեջ դրական իմիջ ունի, միաժամանակ կառաջարկեի խիստ վերապահումներով մոտենալ այդ ուսումնասիրություններին։ Նույն այդ կենտրոնները ամիսներ առաջ հրապարակում էին տվյալներ նախագահական թեկնածուների վարկանիշների մասին ու կանխատեսումներ անում, որոնք հետագայում պարզվեցին, որ իրականությունից չափազանց հեռու են։ Մասնավորապես Հիլարի Քլինթոնի ընտրվելու հավանականությունը նրանք գնահատում էին 90 % և ավելի, սակայն նոյեմբերի 8-ին այլ բան պարզվեց։

Անշուշտ Օբաման պատմություն կմտնի որպես աշխարհի ամենահզոր երկրի առաջին աֆրոամերիկացի նախագահ, ինտելիգենտ և խարիզմատիկ առաջնորդ, որն ավարտեց իր 8-ամյա պաշտոնավարումը դրական իմիջով, առանց կոռուպցիոն ու սեքսուալ սկանդալների։ Փայլուն հռետոր, որը խոսում է շարքային քաղաքացու շահերից ու բարձրաձայնում աշխարհում ժողովրդավարության ու մարդու իրավունքների գերակայության կարևորության մասին։ Այլ հարց է, թե որքանով նրա խոսքը գործ դարձավ, և արդյո՞ք նա բերեց այն փոփոխությունը, որի համար միլիոնավոր ամերիկացիներ տվեցին իրենց քվեն։ Կարծում եմ, որ հենց նաև այդ պատճառով Դեմոկրատական կուսակցությունը, որի փաստացի առաջնորդն այսօր Բարաք Օբաման է, տանուլ տվեց բոլոր ընտրություններում՝ նախագահական, Սենատի և Ներկայացուցիչների պալատի, ինչպես նաև նահանգային։ Ընդհանուր առմամբ Բարաք Օբամայի նախագահության 8 տարիների ընթացքում Դեմոկրատական կուսակցությունը կորցրել է մոտ 1100 ընտրովի պաշտոններ։ Կարևոր հարցերի մասին կորպորատիվ մեդիան խնամքով, ես կասեի՝ միտումնավոր լռում է։

Եվ ինչի՞ մասին են լռում լրատվամիջոցները։

– Բերեմ մի քանի օրինակ։ 2008 թվականին Օբաման իշխանության եկավ ամերիկացիներին խոստանալով փոփոխություն։ Նախ՝ խոստացավ ավարտել Բուշից ժառանգած պատերազմները Իրաքում և Աֆղանստանում և վերակառուցել ճգնաժամի հետևանքով խարխափող տնտեսությունը։ Փոխարենը նա ընդլայնեց ամերկյան ռազմական առճակատումների աշխարհագրությունը։ Օբամայի վարչակազմն այսօր ուղղակի կամ անուղղակի ընդգրկված է 7 տարբեր ճակատներում՝ Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Լիբիա, Եմեն, Սոմալի, Պակիստան և փաստացիորեն գտնվում է Ռուսաստանի հետ սառը պատերազմի մեջ։

Պաշտոնական տվյալներով միայն 2016 թվականին նոբելյան խաղաղության մրցանակ ստացած Օբամայի կառավարության կողմից աշխարհի այդ տարբեր անկյուններում արձակվել է ավելի քան 26 հազար ռումբ։ Այսինքն՝ օրական 72 ռումբ կամ ժամում երեք ռումբ, և այդպես 365 օր շարունակ։ Ի դեպ՝ ոչ ոք դուրս չեկավ Օբամայի դեմ բողոքելու։ Ստացվում է, կարելի է նույն մահմեդականներին ռմբակոծել իրենց իսկ երկրներում, բայց չի կարելի նրանց արգելել գալ ԱՄՆ։

Մյուս կողմից սա իհարկե խոսում է ահռելի ծախսերի մասին և, Բարաք Օբաման, խոստանալով դառնալ խաղաղություն բերող նախագահ, իրականում շարունակեց և ընդլայնեց Ջորջ Բուշի օտարերկրյա ռեժիմների փոփոխություններին ուղղված ռազմական ծրագրերը։ Մեկ այլ հետաքրքիր թիվ.  2011 թվականից մինչ օրս պատերազմներում ներգրավված լինելու յուրաքանչյուր ժամը ամերիկյան հարկատուների վրա նստում է մոտավորապես 8,36 միլիոն դոլար։ Արդյո՞ք ԱՄՆ շարքային քաղաքացին օգտվում է այս ամենից։ Միանշանակ` ոչ։

Քիչ թե շատ տեղեկացված շարքային ամերիկացին մի պարզ հարց է ուղղում. ինչպե՞ս է ստացվում, որ լինելով աշխարհի ամենահարուստ երկիրը, կարող ենք մեզ թույլ տալ ծախսել 13 տրիլիոն դոլար Միջին Արևելքի պատերազմների վրա, սակայն չենք կարող երաշխավորել անվճար առողջապահական համակարգ կամ անվճար հասարակական ուսումնական համակարգ մեր երեխաների համար, ինպես դա ընդունված է հարևան Կանադայում կամ եվրոպական առաջատար շատ երկրներում։ Ամերիկյան Մեյն Սթրիմ Մեդիան չի խոսում նաև տնտեսության իրական պատկերի մասին։ 2008-ին, երբ Օբաման ընդունեց նախագահի պաշտոնը, Միացյալ Նահանգների ազգային պարտքը կազմում էր մոտավորապես 9 տրիլիոն դոլար։ Իր նախագահության տարիներին Օբաման կրկնապատկեց այդ թիվը, և այսօր այն անցել է 18 տրիլիոնի սահմանը։ Ստացվում է, որ միայն Բարաք Օբամայի կառավարությունը կուտակել է ավելի պարտք, քան նախորդ 43  նախագահները միասին վերցրած։ Սա աննախադեպ, ռեկորդային ցուցանիշ է։



Նման նյութեր