Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության վերջին նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ նախարարությունը սննդի անվտանգության տեսչական մարմնի և մյուս բոլոր գործընկերների հետ քայլեր է ձեռնարկում կարգի բերելու խոշոր եղջերավոր կենդանիների մորթի ենթակառուցվածքը և ապահովելու, որ խանութում վաճառվող միսը լինի սպանդանոցում մորթված:
«Ամեն օր ունենք արձանագրություններ: Հիմա ձեռնամուխ ենք եղել այդ կարգավորումների խստացմանը, որպեսզի ոչ միայն արգելենք սահմանված կանոնների խախտմամբ որևիցե մսի վաճառք, այլ տնտեսվարողն իսկապես ցավ զգա օրենքները և ստանդարտները խախտելու համար»,- ասաց Քերոբյանը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից 168.am-ին փոխանցեցին, որ Հայաստանի ամողջ տարածքում այս պահի դրությամբ գրանցված է 102 սպանդանոց, բոլորը սեփական են։ Միակ մարզը, որտեղ սպանդանոց չկա, Վայոց ձորն է։
«Վայոց ձորում մի սպանդանոց կա, որը փակ է՝ չի աշխատում։ Մնացած սպանդանոցները հիմնականում աշխատում են։ Իհարկե, այս 102 սպանդանոցների մեջ կան որոշները, որոնք այս պահին չեն աշխատում, բայց այն պատճառով, որ բակային մորթ է լինում, և իրենց մոտ չեն տանում, բայց շուտով կսկսեն ակտիվանալ։ 2019 թվականի օգոստոսի դրությամբ սպանդանոցների թիվը եղել է 53, որը պահպանվել է մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը։ Այսօր արդեն կրկնակի ավելացել է և դարձել 102»։
Հարցին, իսկ ինչպե՞ս գյուղացին մորթ իրականացնի, երբ ոչ թե համայնքում, այլ ամբողջ մարզում սպանդանոց չկա, օրինակ՝ Վայոց ձորում, ՍԱՏՄ-ից պատասխանեցին․
«Կողքի մարզերում շատ-շատ են սպանդանոցները, և՛ Արարատի մարզում, և՛ Սյունիքում, և՛ Գեղարքունիքում։ Եթե գյուղացին թեկուզ իր մի անասունն էլ ուզում է մորթել, կարող է զանգահարել, և սպանդանոցից կմոտենան և կենդանին կտանեն։ Մինչև 30 կիլոմետր շառավղով տեղափոխումն անվճար է, դրանից ավելին՝ վճարովի, բայց միևնույն է, իրենք կարող են խնդիրը լուծել, քանի որ որոշ գյուղեր մոտ են Սյունիքին, որոշ գյուղեր մոտ են Արարատի մարզին, այնպես որ, այդպես հնարավոր է կազմակերպել․․․»։
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են՝ իրենց խստացված ծառայությունների միջոցով հասել են նրան, որ այսօր մայրաքաղաքում գործող բոլոր կետերում միայն սպանդանոցում մորթված միսն է իրացվում:
«Մեր խստացված ստուգումներն ամեն տարի լինում են, այս տարի էլ համատեղ ոստիկանության հետ՝ ճանապարհներին, մայրուղիներին ստուգումներ են կատարվում, որպեսզի միսը բակային մորթով, առանց 5-րդ ձևի ուղեկցությամբ չհայտնվի իրացման ցանցում, և դա լրջագույն արդյունքներ է գրանցում։ Մոտավորապես 10 տոննայի չափ միս առանց 5-րդ ձևի ուղեկցությամբ՝ սպանդանոցային մորթի ապացույցի, վերադարձվել է, չի հայտնվել վաճառքի կետերում։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ Երևան քաղաքի մեծ խանութներում՝ սուպերմարկետներում, ոչ սպանդանոցային ծագման միս չի վաճառվում»։
Հարցին՝ կա՞ արդյոք վիճակագրություն, որ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո քաղաքացիները սպանդանոցներ են սարքել, բայց դժգոհ լինելով դրանց գործարկումից՝ փակել են, այսինքն՝ այս պահին գործող 102 թիվը ավելի բարձր եղե՞լ է, հետո ինչ-որ պահի նվազել, ՍԱՏՄ-ից պատասխանեցին, որ նման տվյալներ չունեն․
«Կան, որ բացել են, բայց չեն աշխատում այս պահին, բայց դեպքեր, որ ասեն՝ սպանդանոց սարքեցինք, բայց չենք աշխատելու, այդպիսիք չկան։ Չեն աշխատում, որովհետև երևի զուտ առևտրի կազմակերպման հետ կապված խնդիր ունեն, բայց հենց այդ խնդիրը կարողանան լուծել, իրենք կբացեն և կաշխատեն»։
168.am-ն այսօր կապ հաստատեց նաև Արարատի մարզի բնակիչ Զոհրաբ Թորոսյանի հետ, որը 2020 թվականին Կառավարության որոշումից հետո շուրջ 60 միլիոն դրամ էր ներդրել և սպանդանոց կառուցել, որը, սակայն, չաշխատեց։
«Ընդհանրապես չաշխատեց սպանդանոցը։ Պետք է Կառավարությունը ժողովրդին պարտադրի, օրենքի աշխատողները, որ ժողովուրդը բերեն և իրենց անասունները սպանդանոցում մորթեն, կամ խանութի տերը, որ վաճառքի միս է ընդունում, կամ ռեստորանի տերը, որ միս է ընդունում, պետք է սպանդանոցի թուղթ ուզի տվյալ մարդուց, ով միս է տանում, որ էդ մարդը բերի սպանդանոցում մորթի անասունը կամ սպանդանոցից միս առնի։ Բայց այսօր ո՛չ ռեստորանի տիրոջը, ո՛չ խանութի տիրոջը հետաքրքիր չի, թե այդ միսը որտեղի՞ց են բերում, ի՞նչ ծագում ունի, էդ մարդն էլ ինչի՞ պետք է բերի իմ սպանդանոց փող տա, որ ես իր միսը ստուգեմ, տամ իրեն։ Ես էլ չեմ կարող ընկնեմ փողոցները, ասեմ՝ խի՞ չեք բերում սպանդանոց, Կառավարությունը, համապատասխան մարմինները պետք է զբաղվեն։
Այն ժամանակ՝ մինչև սպանդանոցը սարքելը, օրը 100 հոգի զանգում էր՝ բարև ձեզ, սննդի տեսչությունից է, սարքո՞ւմ եք սպանդանոցը, ի՞նչ փուլում եք, ի՞նչ կա ձեր մոտ։ Սարքեցինք պրծանք, վսյո՛, դուռը փակեցինք, տենց մնաց։ Ոչ մեկը չի հետաքրքրվում՝ էս մարդը Կառավարության պահանջով գնացել սպանդանոց ա սարքել, ոչ թե իր սեփական շահի համար, այլ ժողովրդի համար, որ անասունը բերեն, բժիշկը ստուգի, մաքուր լինի, մորթեն, վերջապես էս մարդը մեր պահանջով է սարքել, բայց ոչ մեկին հետաքրքիր չի՝ ես մեռել եմ, սաղ եմ, ծախսերի տակից ո՞նց եմ դուրս եկել, պարտք եմ արել․․․»։
Հարցին՝ Կառավարությունն աջակցություն տրամադրե՞լ է, թե՞ ամբողջն իր միջոցներով է կառուցել սպանդանոցը, մեր զրուցակիցը պատասխանեց․
«Ոչ մի բան էլ չի արել, իմ 1000 տարվա ստեղծած կապիտալները ծախել, դրել եմ՝ սա սարքել, ու ոչ մեկի պետքն էլ չի։ Հիմա էս շենքն էլ չի լինում մեկ ուրիշ բանի տակ օգտագործել, որ 2 կոպեկ փող հանեմ։ Դա սպանդանոց ա, սարքած ա սպանդանոցի չափերով, ոչ մի այլ բանի տակ չի աշխատում դա․․․
Սպիտակ, Գյումրի, Կիրովական, սաղ լացում են, ոչ մեկի սպանդանոցը չի աշխատում․․․»։
Մեր զրուցակիցը նաև ասաց, որ բազմաթիվ անհատներ, որոնք վարկ են վերցրել և Կառավարության հորդորով սպանդանոցներ կառուցել, այսօր կանգնած են իրենց գրավադրած տունը, ապրուստը կորցնելու փաստի առաջ։
Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զգուշացրել էր, որ 2020 թվականի հունվարի 15-ից սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը լինելու է պարտադիր:
Կառավարության այս որոշումը մեծ դժգոհության ալիք էր բարձրացրել, և մարզերից բազմաթիվ գյուղացիներ, ֆերմերներ հավաքվել էին Կառավարության շենքի մոտ, պահանջում էին վերանայել այդ որոշումը, ասում՝ այսօրվա գործող սպանդանոցները օլիգարխներինն են։
Որպես բողոքի նշան՝ գյուղացիները նաև ճանապարհներ էին փակել։
Կառավարությունն ընդառաջ գնաց գյուղացիների այս պահանջին։ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունվարի 23-ին հայտարարեց՝ 2020 թվականի հուլիսի 1-ից ամբողջ Հայաստանն անցնելու է այս համակարգին, և որևէ բողոքի ցույց էլ չի լինելու։
Նարեկ Խաչատրյան