Ռուս-ուկրաինական հակամարտության մեկնարկից օրեր անց հացահատիկի գները ռեկորդային բարձրացան, ինչը լուրջ խնդիրներ առաջացրեց՝ ինչպես այլ ներկրող երկրների, այնպես էլ՝ Հայաստանի համար:
Հայաստանում հացահատիկի ցանքատարածություններն ամենաշատը Շիրակի մարզում են: Գյուղատնտեսության ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ Հայաստանում հացահատիկի աճեցման հիմնական խնդիրներից մեկը դատարկ հողատարածք ձեռք բերելն է։ Ընդգծում են՝ գյուղատնտեսական նշանակության մոտ 450.000 հեկտարից Հանրապետությունում մշակվում է շուրջ 220.000-ը։ Խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանում հողատարածքները փոքր են (միջինը` մոտ 0.4 հա է), իսկ նման փոքր տարածքներում գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացումն ավելի թանկ է լինում, դրա համար ցորենի դաշտերի թիվը քիչ է:
Հայաստանում անցած տարի սպառվել է 367.000 տոննա ցորեն, որից ընդամենը մեկ քառորդն էր աճեցվել տեղում, մնացածը ներմուծվել է Ռուսաստանից, Ուկրաինայից:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը կարևորում է կերային ցորենի և եգիպտացորենի՝ Հայաստանում աճեցնելու անհրաժեշտությունը:
«Ի տարբերություն նախորդ ամիսների՝ հարցը լուծվել է, թռչնի կերը տեղ է հասնում, բայց ավելի դանդաղ է գալիս, քան անցած տարի: Հարցն այն է, որ այս ամենը նպաստեց լոգիստիկ ծախսերի ավելացմանը ու, ցավոք, գինը շարունակելու է բարձրանալ: Էժան պարենի ժամանակաշրջանը վերջացել է: Հույս դնել այլ երկրի վրա՝ էլ իմաստ չունի: Այս գլոբալ փոփոխությունները բոլորին նոր մարտահրավեր են նետել: Արդեն ամեն երկիր նվազագույն չափով սնունդ պետք է պահեստավորի, ոչ թե սպասի, որ բիզնես ոլորտի ներկայացուցիչները գնան, այլ երկրից բերեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Նա ընդգծեց՝ գյուղացու համար ցորեն աճեցնելը եկամտաբեր չի եղել, դրա համար չեն զբաղվել, գերադասել են դրսից ներկրել, սակայն այս տարի շատ է թանկացել:
«Դրա համար հարկավոր է, որ կոշիկ կարողը կոշիկ կարի, գարի ցանողն էլ՝ գարի ցանի, գյուղնախարարն էլ գյուղատնտեսությունից հասկացող լինի: Էն խեղճ Էկոնոմիկայի նախարարն ի՞նչ անի, որ գյուղոլորտը չի պատկերացնում: Նոր մարտահրավերը նշանակում է նաև այն, որ հարկավոր է նորից հետ դառնալ, առանձնացնել Գյուղատնտեսության նախարարությունը, որովհետև դրսի վրա հույս դնելն իմաստ չունի: Ոչ մեկն իր ավելցուկը չի տալու, բոլորը հիմա պահելու են»,- նշեց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը:
Անի Կարապետյան