«Instytut B61» խմբի հիմնադիր, լեհ արվեստագետ Յան Շվիերկովսկին և խմբում ներգրավված դերասան Ալեքսանդրա Բեդնաժն արդեն 10 օր է՝ Երևանում են, ժամանել են STARMUS VI-ի շրջանակում հայ հանդիսատեսին ներկայացնելու խորհրդավոր, գիտական, բայց ոչ դասական ներկայացում, որին մասնակցությունն անվճար է: Հայաստանյան հանդիսատեսը ներկայացումը կկարողանա դիտել 3 օր՝ սեպտեմբերի 7-10-ը, օրական 3-4 անգամ, հետաքրքրվողներն ուղղակի պետք է նախապես առցանց գրանցվեն:
Tert.am Life-ի հետ զրույցում Յան Շվիերկովսկին և Ալեքսանդրա Բեդնաժը պատմել են խմբի ստեղծման, արվեստի ու գիտության համադրության, հայ հանդիսատեսին սպասվող ներկայացման, Երևանից և հայերից ստացած տպավորությունների մասին։
–Առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ ունեք մեր երկրից:
Ալեքսանդրա Բեդնաժ – Չնայած 10 օր է՝ Հայաստանում ենք, բայց հասցրել ենք տեսնել միայն Երևանը, քանի որ մենք այս շրջանում բուռն աշխատանքային գործունեություն ենք ծավալում։ Մեր ներկայացումը ծավալուն է և ունի տարբեր բաղադրիչներ, այս փուլում մենք խորապես զբաղված ենք աշխատանքով, բայց միևնույնն է մենք շատ տպավորված ենք Երևանով, շատ ջերմ և հյուրընկալ քաղաք է:
Յան Շվերկովսկի – Շատ ուրախ եմ, որ Երևանում եմ, քանի որ այս ձևաչափով ես կարողանում եմ ճանաչել մարդկանց, տեսնել նրանց մտածելակերպը։ Եթե քաղաքը նկարագրեմ տուրիստի աչքերով, ապա կնշեմ՝ շատ արևոտ և գեղեցիկ է, բայց եթե խոսեմ որպես STARMUS-ի մասնակից, ապա այս ժամանակաշրջանում նաև փորձել եմ հասկանալ հայերի մտածելակերպն ու ազգային առանձնահատկությունները։
– Յա՛ն, Դուք մասնագիտությամբ ատղագետ եք, միևնույն ժամանակ արվեստում եք: Ինչպես ստացվեց, որ համադրեցիք այս երկու ոլորտները: Ինչպես հասկացաք, որ պետք է արվեստը և գիտությունը միաձուլել:
Յան Շվերկովսկի – Շուրջ 5 տարի համալսարանում, ակադեմիական միջավայրում ես ուսումնասիրել եմ աստղագիտություն: Հետաքրքրական է, որ աստղագիտությունն ինձ համար ոչ միայն գիտություն է, այլև փիլիսոփայություն: Այն նոր շերտեր, հնարավորություններ է բերում մեր կյանք: Ոլորտը շատ հետաքրքիր է, բայց միևնույն ժամանակ շատ բարդ է: Ուսանելու ժամանակ ես հասկացա, որ աստղագիտությունը պետք է հանրամատչելի կերպով ներկայացնել հանրությանը, քանի որ մարդկանց համար այնքան էլ հեշտ չէ հասկանալ գիտության բարդ լեզուն: Եվ ևս դա փորձեցի անել արվեստի միջոցով՝ ստեղծելով նոր լեզու: Ինձ համար այս համադրությունը շատ բնական է, քանի որ իմ ընտանիքը շատ սերտ կապ ունի արվեստի հետ։ Արվեստն ու գիտությունը մետաղադրամի երկու երեսն են և թույլ են տալիս քեզ երկու տարբեր անկյուններից դիտարկել երևույթները: Արվեստի հիմքում մարդկային հոգեբանությունն է և հենց դա էլ հանդիսանում է ոգեշնչման հիմնական աղբյուրը։
–Ինչն է ձեզ ոգեշնչում ստեղծագործելու. արվե՞ստը, թե՞ գիտությունը:
Ալեքսանդրա Բեդնաժ – Ես երբևէ չեմ ուսումնասիրել գիտությունը, բայց ինձ համար այն անչափ հետաքրքիր է: Ես կարծում եմ, որ արվեստը ծնվում է մարդկանց հոգեբանությունից, էմոցիաներից, նրանից, ինչ մտածում են, զգում են: Հետևաբար արվեստը և գիտությունը շատ սերտ փոխկապակցված են: Երբ արվեստն ու գիտությունը միավորվում են, մշտապես կարելի է ստեղծել նոր ու հետաքրքիր բաներ: Գիտությունն արվեստի կորիզն է: Բայց եթե պատասխանեմ Ձեր հարցին, թե ինչն է ինձ առաջնահերթ ոգեշնչում, ապա միանգամից կասեմ՝ արվեստը, քանի որ իմ մասնագիտությունը դերասանությունն է:
Յան Շվերկովսկի – Ես ևս հավատում եմ, որ արվեստն ու գիտությունը շատ խորը փոխկապակցված են միմյանց: Դրանք հայացքներ են իրականությանը, բայց տարբեր տեսանկյուններից. արվեստն ավելի էմոցիոնալ, գիտությունը՝ ռացիոնալ: Բայց արդյունքում դրանք երկուսն էլ ներկայացնում են նույնը՝ իրականությունը: Մենք չպետք է սահմանափակենք մեզ՝ նայելով իրականությանը մի տեսանկյունից միայն: Կարծում եմ՝ գիտության և արվեստի համադրությունն է մարդուն մղում զարգացման:
–Ի՞նչ ազդեցություն է թողնում ձեր արվեստը ժամանակակից արվեստի վրա:
Յան Շվերկովսկի – Նախկինում մարդը մշտապես համարվել է ամենաբարձր էակը, մեր արվեստը ցույց է տալիս, որ բոլորը, ամեն ինչ, մենք գտնվում ենք նույն մակարդակի վրա և ստեղծված են միևնույն կետից: Մենք ցանկանում ենք սա ցույց տալ բոլորին: Եթե մենք ուզում ենք զարգանալ, բացահայտել կյանքը, մեզ, տիեզերքը, ապա մենք պետք է փոխենք մեր աշխարհայացքը, պետք է ավելի գիտական մոտեցում ցուցաբերենք: Մենք պետք է ասենք, որ կարևոր ենք նրա համար որ ոչ թե մարդ ենք, այլ մեր կարևորությունը պետք է բխի մեր ինտելեկտուալ կարողություններից: Սա շատ բարդ աշխատանք է, դրա համար ես ընտեցի արվեստը՝ որպես գործիք և նպատակին հասնելու ուղի: Մեր արվեստը ստեղծվել է գիտության հիման վրա: Եթե մեր արվեստը հասնի մարդկանց ու կատարի իր առաքելությունը, ապա մենք կստեղծենք մի հարթակ, ուր մարդիկ կարող են նոր բովանդակություն ու նոր էություն ստանալ:
–Ես գիտեմ, որ ներկայացման մեջ ներգրավված են լինելու նաև հայ արտիստներ:
Յան Շվերկովսկի – Մեր խումբը բաղկացած է տարբեր ազգերի ներկայացուցիչներից: Որ երկրում մենք հանդես ենք գալիս, մենք ներգրավում ենք այդ երկրի արվեստագետներին, գիտնականներին: Հայաստանում ներկայացմանը կմասնակցի մոտ 40 արտիստ, այս ներկայացմանը միանալու համար երաժշտական խումբ կգա Հնդկաստանի Մումբայ քաղաքից։ Թե հայ արտիստներից ովքեր ներգրավված կլինեն ներկայացման մեջ, դեռևս ասել չենք կարող: Հուսով ենք՝ ձեռք կբերենք լավ ընկերներ հայ արտիստների շրջանում և արդեն այլ երկրներում ներկայացումների ժամանակ նրանց կհրավիրենք:
Ի՞նչ ակնկալիքներ ունեք հայ հանդիսատեսից:
Ալեքսանդրա Բեդնաժ – Մենք չունենք հատուկ ակնկալիքներ, մեր ցանկությունն է, որ մարդիկ գան ու անկեղծ հետաքրքրությամբ մասնակցեն մեր ներկայացմանը:
Յան Շվերկովսկի – Հայաստանը մեզ համար եղել է չբացահայտված և մինչև այստեղ ժամանելը դժվար էր պատկերացնել՝ ինչ է մեզ սպասվում, բայց այստեղ մեկ շաբաթ անցկացնելուց հետո մենք արդեն հասկացել ենք՝ ինչ է մեզ սպասվելու և չունենք որևէ անհանգստություն։ Ես ունեմ հայ ընկեր, որ ապրում է Ֆրանսիայում, բայց Հայաստան գալով՝ ես հասկացա, որ այստեղի և այլ երկրներում ապրող հայերի մտածելակերպը տարբեր է: Այսպիսով՝ Հայաստան գալով՝ մենք հասկացանք Հայաստանի շունչը:
Ամբողջությամբ՝ tert.am