Կորոնավիրուսի համավարակը ստիպում է ավելի ուշադիր լինել սեփական առողջության հանդեպ։ Այսօր, երբ Ռուսաստանը ենթարկվել է կորոնավիրուսի վեցերորդ ալիքի գրոհին, հիվանդությունն ավելի հեշտ է հաղթահարվում, հավաստիացնում են բժիշկները, բայց այն պարզելը բավական բարդացել է։ Կարեւոր է չմոռանալ, որ քովիդը վտանգավոր է իր մուտացիաներով, հետեւանքներով եւ հիվանդության անսպասելի ընթացքով, գրել է Med Novelty-ն։
Բժիշկ-թերապեւտ Ալեքսանդրա Միզնիկովայի խոսքով՝ պացիենտը հաճախ սկզբում դժգոհում է հազից, հետո տեղեկացնում է հեւոցի մասին։ Այսպիսի դեպքերում պետք է ստուգել սատուրացիան, խորհուրդ է տվել բժիշկը։ Եթե սատուրացիայի ցուցանիշը 95 եւ ավելի ցածր է, ապա կարելի է խոսել թոքերի ախտահարման մասին։ Ախտահարման ծանրությունը ցույց կտա համակարգչային տոմոգրաֆիան, նշել է թերապեւտը։ Նա նաեւ ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ խզզոցը կրծքավանդակում, երբ բժիշկը լսում է թոքերը, միշտ չէ, որ կարող է ցույց տալ ախտահարումը։
Բժիշկը կարող է չնկատել հիվանդի թուլացած շնչառությունը ֆոնենդոսկոպի տեխնիկական անսարքության եւ արտաքին աղմուկի պատճառով, նախազգուշացրել է Միզնիկովան։ Ուստի, բժիշկը խորհուրդ է տվել նկատի ունենալ սատուրացիայի ցուցանիշները, հազի, հեւոցի առկայությունը, ինչպես նաեւ համի ու հոտի կորուստը, բարձր ջերմությունը, լուծը, հաճախացած զարկերակը, քնի խանգարումը, հոդերի եւ մկանների ցավերը, հոգնածությունը եւ դեպրեսիվ վիճակը։