Ներկայացնում ենք հատված ռեժիսոր Կարլեն Վարժապետյանի «Կիբոսա. 7-րդ դար» հեռուստաներկայացումից:
Սցենարի հեղինակը՝ դրամատուրգ Հայկ Վարդանյանն է, որի ստեղծագործությունը լույս է տեսել 1960-ականներին և էկրան բարձրացել միայն 1984-ին: Երկար տարիներ պիեսը համարվել է հակասովետական, իսկ նկարագրվող դեպքերը, ավաղ, խիստ ճանաչելի են մեր օրերում ևս:
Որպես պատմական ակնարկ, մեջբերում ենք հատված արևելագետ, պատմաբան Արամ Տեր-Ղևոնդյանի «Հակաֆեոդալական շարժումները» աշխատությունից:
«V–VII դդ․՝ պարսկա-բյուզանդական, իսկ VII-IX դդ․՝ արաբա-բյուզանդական տիրապետության պայմաններում, հայերը, ենթարկվելով կրկնակի հարստահարության, ընդվզել են ինչպես օտար նվաճողների, այնպես էլ ներքին շահագործողների դեմ։
Շահագործվող խավերի դասակարգային պայքարը դրսևորվել է թե՛ նախարարների տիրույթներից փախչելու, թե՛ աղանդավոր․ շարժումների և թե՛ զինված ելույթների ձևերով։ Ասորիքում և Կապադովկիայում սկիզբ առած «անապատականների» շարժումը IV-V դդ․ զգալի տարածում է գտել նաև Հայաստանում (Սյունիքում, Տուրուբերանում, Վասպուրականում ևն)։
Իրենց վիճակից դժգոհ գյուղի և քաղաքի բազմաթիվ աշխատավորներ, լքելով հայրենի բնակավայրերը, մեկուսացված վայրերում հիմնել են միաբանություններ (նմանվել են վաղ քրիստոնեական համայնքներին) և ապրել անապատականի համեստ կյանքով (հավասարության սկզբունքով)։
Վաղ միջնադարյան ֆեոդալիզմի դեմ ուղղված առավել հուժկու պայքարը դրսևորվել է Պավլիկյան շարժման մեջ, որը, հավանաբար, սկիզբ առնելով V դ․ վերջին, զգալիորեն տարածվել է VI դ․ (պավլիկյաններն առաջին անգամ հիշատակվում են 554-ին՝ Դվինի ժողովի կանոններում)։
Խուսափելով Հայոց եկեղեցու սահմանած ծանր պատիժներից ու հալածանքներից, պավլիկյանները VII դ. կեսին կենտրոնացել են Հայաստանի արմ․շրջաններում՝ Բյուզ․ կայսրության և Արաբ, խալիֆայության սահմանագլխում։ Օգտագործելով այդ տերությունների հակամարտությունները, պավլիկյանները հիմնել են համայնքներ (վաղ քրիստոնեական հավասարության սկզբունքով)։
Կոստանդին Սիլվանոսի առաջնորդության օրոք (657–մոտ 684) Պավլիկյան շարժումը ծավալվել է Բարձր Հայքում (Մանանաղի գավառում ևն) և Փոքր Հայքում (Կողոնիա գավառի Կիբոսա ամրոցում ևն)։
Բյուզ․ բանակի դեմ ճակատամարտում պավլիկյանների պարտությունից և մարտում Կոստանդին Սիլվանոսի զոհվելուց հետո շարժումն առժամանակ անկում է ապրել։ Պավլիկյանները վերստին հզորացել և նոր համայնքներ են հիմնել VIII դ․ վերջին և IX դ․ սկզբին։
Անգլիացի պատմաբան է․ Դիբոնի բնորոշմամբ՝ Պավլիկյան շարժումը ցնցեց Արևելքը և լուսավորեց Արևմուտքը»։