Հնդկաստանի առաջատար մասնագետները հայտարարում են, որ վրդովված են հրապարակումներից, որոնցում «ձեռք-ոտք-բերան» համախտանիշը (էնտերովիրուսային վեզիկուլյար ստոմատիտ՝ ԷՎՍ)՝ սովորական, համեմատաբար թեթեւ վիրուսային վարակ, որը տարածված է երեխաների շրջանում, որպես այսպես կոչված «լոլիկի գրիպ» է ներկայացվում, գրում է Medical Xpress-ը։
Ներկայիս բռնկման համար պատասխանատու շտամները հնդկական Առաջադեմ վիրուսաբանության պետական ինստիտուտի կողմից որպես Coxsackie A16 եւ A6 էնտերովիրուսներ (վիրուսներ, որոնք փոխանցվում են աղիքների միջոցով) են նույնականացվել:
Սակայն Lancet-ում հրապարակված հոդվածում ասվում է, որ «լոլիկի գրիպով հիվանդ երեխաների մոտ առաջնային ախտանշանները նման են չիկունգունյայի ախտանիշներին, որոնք բարձր ջերմություն, ցան եւ ուժեղ հոդացավ են ներառում»: Այնուհետեւ ասվում է, որ «լոլիկի գրիպն իր անունը ստացել է ամբողջ մարմնի վրա կարմիր եւ ցավոտ բշտիկների հայտնվելու պատճառով, որոնք աստիճանաբար լոլիկի չափ են դառնում»:
Ախտանիշների այս նկարագրությունը Հնդկաստանի Կերալա նահանգի Տրիվանդրումի պետական բժշկական քոլեջի վարակիչ հիվանդությունների բաժնի ղեկավար Արավինդ Ռեգհուկումաարի կողմից «ծիծաղելի» է համարվել։
«ԷՎՍ-ն կլինիկական ախտորոշում է, որը չպետք է շփոթել չիկունգունյայի կամ դենգեի հետ», – պատմել է մասնագետը SciDev.Net-ին:
Այդ հոդվածը սենսացիաների, բժշկական ապատեղեկատվության եւ անհարկի տագնապի աղբյուր դարձավ Հնդկաստանի ԶԼՄ-ներում, ասել է Ռեգհուկումաարը՝ հնդիկ առաջատար մասնագետներից մեկը, ով նամակ էր ուղարկել Lancet-ին՝ կոչ անելով «որքան հնարավոր է շուտ հրաժարվել այդ ոչ գիտական հոդվածից»:
Ինչ վերաբերում է COVID-19-ի հետ դրա կապին, նա պարզաբանել է, որ «ԷՎՍ-ի բռնկումները կապված էին 2021 թ. վերջին Կերալայում դպրոցների բացման հետ՝ մոտ երկու տարի փակ մնալուց հետո, իսկ բոլոր շնչառական վիրուսային վարակներն այդ ընթացքում ցածր մակարդակի վրա էին նահանգում՝ COVID-19-ի դեմ խիստ սահմանափակումների շնորհիվ։ Դպրոցների վերաբացումը փոխեց լանդշաֆտը եւ պայմաններ ստեղծեց ԷՎՍ-ի եւ այլ վիրուսային վարակների տարածման համար»։