Երեկ՝ փետրվարի 1-ին, ժամը 15:00-ի սահմաններում Արցախի սահմանների հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզա-դիվերսիոն ներթափանցման փորձ:
Արցախի Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ ուժերը, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների եւ կորուստներ պատճառելով, նրանց հետ շպրտել: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերի վերցնել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: Հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, որն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այսօր տարածված հաղորդագրությամբ:
Գերեվարված զինծառայողի առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են տեղեկություն, թե վերջինս զինվորական կարգապահությունը բազմիցս խախտելու պատճառով վաղուց ազատված է եղել Ադրբեջանի զինված ուժերից:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց՝ նման երևույթները որևէ իրադարձության հետ կապ չունեն. դա Ադրբեջանի էությունն է, իսկ էությամբ այդ պետությունը դիվերսիոն ու ահաբեկչական է: «Մենք պետք է նաև նկատի ունենանք, որ 2017 թվականը մեզ համար հոբելյանական է, քանի որ տոնելու ենք Շուշիի, Բերձորի ազատագրման 25-ամյակը, իսկ իրենց համար դա հակառակ նշանակությունն ունի. պարտվել են: Նրանք այս տարի փորձելու են այսպիսի դիվերսիոն փորձերով ինքնահանգստանալ: Սա՛ է խնդիրը: Նրանք ունեն հստակ ծրագիր՝ անընդհատ խախտել հրադադարի ռեժիմը. դա իրենց էությունն է: Իհարկե, ակնկալում ենք, որ դիվերսիոն նման փորձեր, հրադադարի խախտումներ՝ էլի են լինելու»,- նշեց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով՝ հակառակորդը դիվերսիոն ներթափանցման համար հատուկ է ընտրել Թալիշի ուղղությունը, քանի որ, ինչպես հայտնի է, այնտեղ իրականացվում է վերաբնակեցման լայնածավալ ծրագիր: «Նրանք փորձում են ահաբեկել բնակիչներին: Սա էլ է քաղաքականություն: Մյուս կողմից՝ տեսնում ենք, թե ինչպես է նույն դիվերսիան, ահաբեկչությունը Ադրբեջանը դրսևորում սեփական ժողովրդի նկատմամբ: Նույն գերի ընկած դիվերսանտից ադրբեջանական իշխանությունները, կարծես թե, փորձում են ձերբազատվել, ասելով, որ նա Ադրբեջանի զինված ուժերում չի ծառայում: Այդ դեպքում՝ ո՞վ է նա, կարո՞ղ է՝ եկել է քաղաքական ապաստան խնդրելու: Այս դեպքերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե մենք ում հետ գործ ունենք: Բայց ինչքան էլ որ փորձեն նման քայլեր կատարել, միշտ էլ ձախողվելու են, մենք պատրաստ ենք ցանկացած պահի կանգնեցնել նրանց դիվերսիոն ու ահաբեկչական փորձերը»,- ընդգծեց Բաբայանը՝ հավելելով, որ Թալիշում վերականգնման նորմալ աշխատանքներ են ընթանում և այս ամենը որևէ ձևով չի կարող ազդեցություն ունենալ:
Իսկ հակառակորդի գերի ընկած զինվորի հետագա ճակատագրի վերաբերյալ՝ Բաբայանը նշեց՝ մենք մարդասիրական երկիր ենք, գերիի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. «Մենք Ադրբեջան չենք, հո չե՞նք սպանելու գերուն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մնացածը հետագայում կտեսնենք: Ժամանակը ցույց կտա, թե ինչպես է այդ ամենն ընթանալու»: