Կանայք եւ տղամարդիկ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ռիսկի հիմնականում նույն գործոններն ունեն։ Այսպես է վկայում միջազգային հետազոտությունը, որն առաջինն է իր տեսակի մեջ եւ ներառում է մարդկանց ոչ միայն եկամտի բարձր մակարդակ ունեցող, այլեւ ցածր ու միջին եկամտի մակարդակ ունեցող երկրներից, որտեղ սիրտ-անոթային հիվանդությունների բեռն ամենամեծն է։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet ամսագրում։
Գլոբալ հետազոտության ընթացքում գնահատվել են ռիսկի գործոնները, ներառյալ մետաբոլիկ (ինչպիսին են բարձր արյան ճնշումը, ճարպակալումը եւ դիաբետը), վարքային (ծխելը եւ դիետան) եւ հոգեբանասոցիալական (տնտեսական կարգավիճակը եւ դեպրեսիան) գործոնները 35-70 տարեկան մոտ 156 000 մարդու պարագայում, որոնք սիրտ-անոթային հիվանդությունների պատմություն չեն ունեցել։ Նրանք ցածր, միջին եւ բարձր եկամտի մակարդակ ունեցող 21 երկրների քաղաքացիներ են եղել հինգ մայրցամաքներում եւ ուսումնասիրվել են 10 տարվա ընթացքում։
Ընդհանուր առմամբ, սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը կանանց պարագայում ավելի ցածր է եղել, քան տղամարդկանց դեպքում, հատկապես երիտասարդ տարիքում։
Բայց սննդաբաժինը շատ ավելի է կապված է եղել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգի հետ կանանց, քան թե տղամարդկանց պարագայում, ինչը «մինչ այժմ նկարագրված չի եղել եւ պահանջում է անկախ հաստատում»,- նշել են հետազոտության հեղինակները։
Վատ խոլեստերինի բարձր մակարդակը եւ դեպրեսիայի ախտանշանները շատ ավելի են կապված եղել սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հետ տղամարդկանց, քան թե կանանց պարագայում, այսպիսի եզրահանգման են եկել հետազոտողները։ Այս արդյունքներն ընդհանուր առմամբ նման են եկամտի բարձր եւ միջինից բարձր մակարդակ ունեցող, ինչպես նաեւ եկամտի ցածր եւ միջինից ցածր մակարդակ ունեցող երկրներում։