Պատգամավորների լեզվի քննությունների և լեզվական արդի այլ խնդիրների թեմայով այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը խոսեց նոր Ընտրական օրենսգրքով ԱԺ պատգամավորի թեկնածուների համար նախատեսված հայերեն լեզվի քննությունների մասին։
Ըստ բանախոսի՝ պատգամավորի թեկնածուների՝ հայերենի թեստավորման դրույթը հնարավորություն կտա պատկերացում կազմել խորհրդարանում հայտնված պատգամավորների հայերենի իմացության մասին։
2016-ին փոփոխված Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին կետը մասնավորապես սահմանում է, որ ԱԺ պատգամավոր կարող է ընտրվել հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
«Հայերենի իմացության ստուգումը վերաբերում է այն պատգամավորներին, ովքեր դպրոցում հայոց լեզու և գրականություն առարկաները չեն անցել»,- պարզաբանում է Սերգո Երիցյանը և ավելացնում,- Սկզբունքորեն, քայլը կատարված է, սպասում ենք՝ հայտնվեն նրանք, ովքեր դիմումներ կգրեն, և, գործող կարգի համաձայն, հնարավոր կլինի անցկացնել թեստավորումը։ Սա եզակի երևույթ է մեր իրականության մեջ և հնարավորություն կտա պատկերացում կազմել այն մարդկանց հայերենի իմացության մասին, ովքեր ամենատարբեր պատճառներով հայեցի կրթություն չեն ստացել: Հարցերը բարդ չեն՝ դպրոցական մակարդակի են, մենք ձգտել ենք, որպեսզի թեստերում բարդ հարցեր չընդգրկենք: Լինելու են ուղղախոսական, ուղղագրական հարցեր, 4-5-րդ դասարանի հարցեր ևս, որոնք նույնպես իրենցից բարդություն չեն ներկայացնում: Նրանք պարտավոր են գոնե ավարտական գիտելիքներ ունենալ, պարտավոր են հանրության հետ հաղորդակցվել պարզ, հասարակ, գրական մաքուր հայերենով: Թեստավորման առաջնային նպատակն այն է, որ պատգամավորները, որքան հնարավոր է, տիրապետեն հայերենին»:
Հարցաշարը կազմված է 30 հարցից, 27-ին ճիշտ պատասխանելու դեպքում քաղաքացին դրական գնահատական կստանա և իրավունք կունենա գրանցվել՝ որպես պատգամավորության թեկնածու: Չկա որևէ սահմանափակում, թե մեկ թեկնածուն քանի անգամ կարող է քննություն հանձնել: Այլ կերպ ասած՝ թեկնածուները չհանձնած թեստերը կարող են և հնարավորություն ունեն հանձնելու տեսականորեն անսահմանափակ անգամներ:
«Նրանք պարտավոր են հասարակության հետ առնչվել մաքուր, գրական հայերենով։ Սա հետաքրքիր ազդակ է, որ մաքուր պահենք մեր հայերենը։ Այս գործոններն ի շահ մայրենի լեզվի են»,- ասաց բանախոսը:
Հատկանշական է, որ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը, հետևելով Ազգային ժողովի նիստերի ընթացքում պատգամավորների ելույթներին, եկել է այն եզրակացության, որ դրանցում լեզվական խախտումների արտառոց դեպքեր չեն գրանցվել:
«Հետաքրքիր է, որ խորհրդարանի ամբիոնից շատ քիչ է հնչում ոչ գրագետ հայերեն խոսքը: Ավելի շատ մեր պատգամավորներն իրենց լեզվական մշակույթին ազատություն են տալիս լրագրողների հետ հարցազրույցների, ասուլիսների ժամանակ»,- նկատում է բանախոսը:
Վերջինս տեղեկացնում է, որ պատգամավորներն արդեն իսկ հետաքրքրված են, թե ի՞նչ հարցերի պիտի պատասխանեն, զանգահարել են և փորձել են ճշտել դրանք:
Այս առնչությամբ հարկ է տեղեկացնել, որ ԿԳ նախարարության մասնագետներն արդեն պատրաստել են հարցերն ու տեղադրել ԿԳՆ պաշտոնական էջում: ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը տեղեկացրեց նաև, որ նոր Սահմանադրության պահանջով քննություն կհանձնեն նաև դատավորները և երկրի նախագահը:
Նվարդ Մանվելյան