Տնտեսական ազատության ինդեքսը՝ շարունակական մանիպուլյացիայի առարկա. fip.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տնտեսական ազատության ինդեքսը՝ շարունակական մանիպուլյացիայի առարկա. fip.am

Նախօրեին Ազգային ժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փորձելով բացատրել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դրդապատճառները, ի թիվս այլնի մատնանշեց նաև Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 12-ին կայացած ԱԺ ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստի ընթացքում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը․ «Օգտվելով առիթից, ուզում եմ նշել, որ սեպտեմբերի 8-ին հրապարակված «Տնտեսական ազատության ինդեքսում» Հայաստանը 6 դիրքով բարելավել է իր տեղը և հիմա գտնվում է 11-րդ տեղում՝ ամբողջ աշխարհում տնեսական ազատությունների ցուցանիշով»։

Նախարարի այս հայտարարությունը կրկնեցին նաև ՔՊ պատգամավորներ Գևորգ Պապոյանն ու Բաբկեն Թունյանը։

Նախարարի և պատգամավորների հայտարարություններին արձագանքեց «Լույս» հիմնադրամը՝ տեղեկացնելով, որ թեև վերջիններս իրավացիորեն նշում են տնտեսական ազատության ինդեքսում 165 երկրների շարքում 11-րդ տեղը զբաղեցնելու մասին, սակայն որևէ կերպ չեն պարզաբանում, որ հրապարակված զեկույցը վերաբերում է 2020 թվականին։ Հիմնադրամի այս պնդումը ճշմարտացի է:

Այս հայտարարություններին հաջորդած գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա սահմանի գրեթե ողջ երկայնքով։ Առավոտյան արդեն Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթով փորձեց բացատրել, թե ինչու է Ադրբեջանը գնացել այս քայլին։

Ի թիվս այլ պատճառների, վարչապետը նշեց նաև տնտեսական գործոնը և կրկին վկայակոչեց տնտեսական ազատության ինդեքսում մեր երկրի զբաղեցրած 11-րդ հորիզոնականը։

«Ի հեճուկս գլոբալ դժվարությունների, Հայաստանը ունի շատ հստակ որոշակի տնտեսական հաջողություններ և նաև այս համատեքստում, իհարկե ոչ անմիջականորեն, բայց շատ կարևոր եմ համարում, որ երկու օր առաջ, մի քանի օր առաջ հրապարակվեց Տնտեսական ազատության ինդեքսը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 11-րդ տեղը աշխարհի 165 երկրների շարքում և այս սադրանքը նպատակ ունի նաև Հայաստանի տնտեսական դինամիկան կոտրելու, որովհետև տնտեսական դինամիկան միայն ուղղակի վիճակագրական թվեր չեն, դրանք նաև որոշակի հնարավորություններ են զարգացման և գործերի իրավիճակը բարելավվելու»,- հայտարարեց Փաշինյանը։

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման համատեքստում Տնտեսական ազատության ինդեքսում Հայաստանի զբաղեցրած 11-րդ տեղը վկայակոչելը մանիպուլյատիվ է՝ հաշվի առնելով, որ ցուցանիշը վերաբերում է 2020 թվականին, ոչ թե 2022-ին։

Երկրների տնտեսական ազատության վերաբերյալ զեկույցը հրապարակում է կանադական «Ֆրեյզեր» ինստիտուտը (Fraser Institute), որը հիմնվում է տարբեր կազմակերպությունների զեկույցների վրա (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, ՄԱԿ, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ և այլն)։

Հատկանշական է, որ այս ռեյտինգում Ադրբեջանը մշտապես նկատելիորեն հետ է եղել  Հայաստանից։ Ըստ այս զեկույցների՝ 2016-2020 թթ․ Հայաստանը զբաղեցրել է աղյուսակի, համապատասխանաբար, 29, 27, 18, 15 և 11-րդ տեղերը։ Նույն զեկույցների համաձայն՝ Ադրբեջանը նույն թվականներին եղել է, համապատասխանաբար, 113, 122, 112, 121 և 119-րդ տեղերում։ Հետևաբար՝ մշտապես մոտ 100 կետով հետ լինելուց հետո ինչ-որ պահի դրա պատճառով հարձակվելը հիմնավոր փաստարկ չի կարող լինել։

Ինչպես նշեցինք, վերջին զեկույցը, թեև հրապարակվել է 2022-ին, սակայն վերաբերում էր 2020 թվականի դրությանը։ Հետևաբար՝ այն չի արտացոլում Հայաստանի տնտեսական ազատության 2022-ի իրական պատկերը։

Այսպիսով փաստենք, որ թեև Տնտեսական ազատության ինդեքսում հերթական անգամ Հայաստանը զբաղեցրել է բարձր, այս անգամ՛ ռեկորդային բարձր հորիզոնական, սակայն դա վերաբերվում է 2020 թվականին։ Իսկ վարչապետի կողմից դա որպես հակառակորդի հարձակման հիմնավորում ներկայացնելը մանիպուլյատիվ է։

Սևադա Ղազարյան

fip.am