Գլոբալ ջերմացումը կարող է բարձրացնել սրտային անբավարարության հավանականությունը. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Գլոբալ ջերմացումը կարող է բարձրացնել սրտային անբավարարության հավանականությունը. հետազոտություն

Կլիմայի փոփոխությունը կարող է տհաճություններ պատճառել սրտային անբավարարություն ունեցող մարդկանց, նշվել է նոր հետազոտությունում։

Հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Սրտաբանների եվրոպական ասոցիացիայի ESC Heart Failure ամսագրում, ցույց է տվել, որ ավելի տաք ջերմաստիճանները կապված են քաշը կորցնելու հետ, որը խորացնում է սրտային անբավարարությունը։

Հետազոտողները ենթադրել են, որ շոգն ազդում է սրտային անբավարարություն ունեցող պացիենտների կողմից հեղուկի օգտագործման վրա։

Սրտային անբավարարության դեպքում պացիենտի սիրտն արյուն չի մատակարարում ամբողջ մարմնին այնպես, ինչպես  պետք է։ Դա կարող է առաջ բերել հեւոց եւ հեղուկի կուտակում թոքերում, ոտքերում եւ որովայնի խոռոչում։

Սրտային անբավարարություն ունեցող պացիենտներին նշանակում են միզամուղներ՝ միզարտադրության համար, ինչը կարող է օգնել հաղթահարել հեւոցն ու իջեցնել այտուցները։ Նրանց կարող են խորհուրդ տալ ավելացնել միզամուղների չափաքանակը, եթե հեւոց, այտուցներ կամ քաշի կտրուկ ավելացում ունեն։

Այս հետազոտությունում ներառվել է քրոնիկական սրտային անբավարարություն ունեցող 1 420 պացիենտ, ուսումնասիրվել են նրանց մարմնի քաշը եւ օդի ջերմաստիճանը 2019թ. հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 20-ը, երբ շոգի երկու ալիք է գրանցվում։

Հետազոտողներն օգտագործել են հեռամոնիթորինգի ազգային համակարգը՝ քաշի եւ ախտանշանների մասին տեղեկությունների հեռահար հավաքման համար, ընդ որում՝ պացիենտներն ամեն օր կշռվել են։

Պացիենտները նաեւ ամեն օր տեղեկացրել են այտուցների, հոգնածության, հեւոցի եւ հազի մասին։

Հետազոտողները հաշվի են առել պացիենտի քաշը, շրջակա միջավայրի ջերմաստիճանը նույն օրը եւ քաշը չափելուց երկու օր առաջվա օդի ջերմաստիճանը։ Նրանք հայտնաբերել են կապ ջերմաստիճանի եւ քաշի միջեւ, ընդ որում՝ քաշը նվազել էր ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց։

Ամենաուժեղ կապը հայտնաբերվել է քաշը չափելուց երկու օր առաջվա ջերմաստիճանի հետ։

«Քաշի կորուստը, որը մենք նկատել ենք սրտային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ, կարող է հանգեցնել զարկերակային ճնշման իջեցման, հատկապես կանգնած վիճակում, եւ երիկամային անբավարարության, ինչը պոտենցիալ առումով վտանգավոր է կյանքի համար։ Հաշվի առնելով ապագայում կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացումը՝ մասնագետները պետք է պատրաստ լինեն իջեցնելու միզամուղների չափաքանակը քաշի կորստի դեպքում»,- ասել է հետազոտության հեղինակ, Ֆրանսիայի Մոնպելյեի համալսարանական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչ, դոկտոր Ֆրանսուա Ռուբիլը։

med.news.am