Աիդա Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից.
«ԿՈՄԻՏԱՍԻ աշակերտ Վարդան Պետոյանի հուշերից.
«…Նա մի փոքրիկ հարված տվեց ձեռքին բռնած կամերտոնին և տանելով իր ականջին մոտիկ՝ ֆա ձայնը հանեց ու ամֆիթատրոնի առաջին նստարանի ծայրին նստող ուսանողներից սկսեց փորձել մեր ձայները:
Երբեք չեմ մոռանում այդ ֆա-ն, որով Կոմիտասը հերթով և առանձին-առանձին բոլորիս արտասանել էր տալիս, բոլորս աշխատում էինք մեր լսողությունը ենթարկել պահանջին… Առաջին ուսանողի ֆա-ն երկու անգամ լսեց և «տրապիզոնցու լաճ ես» ասաց: Իրոք, այդ ուսանողը տրապիզոնցի էր… Երկրորդ ուսանողի ֆա-ն էր հնչում և նրա մի ֆա-ից հետո Կոմիտասը նրան. «տղա՛, վանեցի՞ ես» ասաց՝ ուրախանալով: Մենք բոլորս զարմանքից հետզհետե շշմում էինք, ու երրորդ, չորրորդ ու հետագա ֆա արտասանողների որտեղացի լինելն ինքն էր ասում և ոչ ոքից չէր հարցնում:
…Կոմիտասը մեծանում, խորհրդավոր էր դառնում մեր աչքերի առջև իր՝ ձայների զարմանալի ճանաչողությամբ, ձայնի հետ օջախն ու ծննդավայրը ճանաչելով…
Ես հազիվ առաջին ֆա-ն էի արտասանել, «ա՜, դու ծռերից ես»,- ասավ,- «ծուռ սասունցի»: Ավելի մեծ եղավ զարմանքս, երբ տեսանք, որ ամեն մի գավառացու հետ Կոմիտասը սկսեց ազատորեն խոսել նրա հատուկ գավառաբարբառով: Այդ օրը Կոմիտասը մշեցի էր այնքան հարազատ, որքան բիթլիսցի, վանեցի, սասունցի կամ … այլ գավառցի…»»: