Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ստորաբաժանումների հարձակումից հետո Ջերմուկ քաղաքը քիչ-քիչ վերականգնվում է։
168.am-ի հետ զրույցում Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանն ավելի վաղ ասել էր, որ Ջերմուկի ենթակառուցվածքները սկսում են աշխատել, սակայն դժվար է ասել, թե երբ առողջարանային քաղաքը կրկին կընդունի զբոսաշրջիկների։
168.am-ի հետ զրույցում Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն անդրադառնալով թշնամու կողմից թիրախավորված Ջերմուկ քաղաքում, ինչպես նաև մերձակա այլ բնակավայրերում ներկա պահին տիրող իրավիճակին, մանավանդ, որ դրանք զբոսաշրջիկների համար նախընտրելի վայրեր են եղել, նախ նկատեց, որ զբոսաշրջությունն առհասարակ բավականին զգայուն է նման երևույթների նկատմամբ՝ համաճարակ, անկայուն, պատերազմական իրավիճակ և այլն։ Նույնիսկ տարածաշրջանի անկայուն վիճակի նկատմամբ է զգայուն։
«Եթե այդ ամենը եղել է մեր սահմաններին, նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ, մասնավորապես՝ հենց Ջերմուկ քաղաքի, ապա դա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ։
Ջերմուկը, բացի այն, որ մեր զբոսաշրջության հիմնական կենտրոններից է, նաև միջազգային նշանակության զբոսաշրջության կենտրոն է։ Ադրբեջանական այս հանցավոր ռազմական ագրեսիայի պատճառով Ջերմուկը վնասներ է կրել, որտեղ այսօր ըստ էության չկա զբոսաշրջություն։ Իհարկե, ամեն ինչ պետք է անել, որպեսզի վերականգնվի, այսօր էլ մենք այս հարցը քննարկում էինք Զբոսաշրջության կոմիտեի հետ։ Ամեն դեպքում, այս ամենն իր վնասը տվել է և դեռ տալիս է»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։
Ըստ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի, զբոսաշրջիկների համար ոչ թե Ջերմուկին ու այլ վայրերին այլընտրանք պետք է փնտրել, այլ քայլ առ քայլ ամեն ինչ պետք է անել, որպեսզի զբոսաշրջիկը կարողանա գնալ Ջերմուկ և մյուս տարածքներ։
«Մենք պետք է ոչ թե հրաժարվենք այդ վայրերից ու այլընտրանք փնտրենք, այլ առաջին հերթին մտածենք՝ մեր եղածը պահպանենք ու վերականգնենք։ Համոզված եմ, որ Ջերմուկն արագ վերադառնալու է բնականոն հունի և նույնիսկ նոր ոգով ու տեմպով կմտնի զբոսաշրջության ոլորտ՝ պահպանելով իր ուրույն տեղը։ Եվ ոչ միայն Ջերմուկը, այլ պատերազմի հետևանքով տուժած մյուս բնակավայրերը։ Այլընտրանքի առումով Ջերմուկը նույնիսկ չունի այլընտրանք՝ իր հանքային ջրերի որակով և այլ հատկություններով։
Հայաստանում ունենք Արզնին, բայց այնտեղի հանքային ջրերն ու բուժումն այլ ուղղվածություն ունեն»,- շեշտեց Մեխակ Ապրեսյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանում վերականգնողական կենտրոններ կան, բայց բոլորն իրարից հատկանիշներով տարբերվում են։ Օրինակ, Ջերմուկում բավականին բազմազան, կարևոր մասնագիտացված կենտրոններ կան, դրանցից մեկն էլ մոր և մանկան առողջության կենտրոնն է։
Զվարթ Խաչատրյան