Միջանցք չունենք Ադրբեջանին տալու, բայց ճանապարհներ՝ ունենք․ դրանց հսկողությունը ՀՀ-ն չի տալու ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ ամերիկացիներին․ Գագիկ Մելքոնյան․ «Իրավունք»
Advertisement 1000 x 90

Միջանցք չունենք Ադրբեջանին տալու, բայց ճանապարհներ՝ ունենք․ դրանց հսկողությունը ՀՀ-ն չի տալու ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ ամերիկացիներին․ Գագիկ Մելքոնյան․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․

««Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Զանգեզուրի միջանցքի շուրջ վերաբացված քննարկումներին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն այս կարծիքը հայտնեց.

— Նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրում կա ընդամենը 9-րդ կետ, որտեղ որ խոսվում է ճանապարհների ապաշրջափակման մասին: Բայց, արի ու տես, ադրբեջանցիների սրտերը ոչ թե ճանապարհ, այլ միջանցք են ուզում: Բայց ծոծորակները կտեսնեն ադրբեջանցիք, միջանցք կյանքում չեն ստանա, միջանցք չունենք իրենց տալու, բայց ա՛յ, ճանապարհներ՝ ունենք:

Ավելին ասեմ, այդ ճանապարհներն էլ, որ տալու ենք, մենք ենք հսկելու, ինչքան ուզում են թող գան անցնեն, գնան-գան, բայց ճանապարհների հսկողությունը ՀՀ-ն չի տալու ո՛չ ադրբեջանցիներին, ո՛չ ռուսներին, ո՛չ ամերիկացիներին (ի դեպ, եթե պարոն Մելքոնյանը ազերիների ճանապարհ տալը կապում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի հետ, ապա երեւի լավ չի կարդացել, որ այնտեղ բառացիորեն ասվում է. «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը»: Այսպիսով, իշխանական պատգամավորն իր վերջին մտքով ուզում է ասել, որ հրաժարվո՞ւմ են այդ կետը, դրանով էլ՝ ողջ փաստաթուղթը կատարելուց- հեղ): Մենք անկախ, ինքնիշխան երկիր ենք ու մենք ենք մեր անվտանգությունը հսկելու ապաշրջափկված ճանապարհների վրա: Թող ոչ մի գերտերություն հանկարծ չմտածի, թե մենք էնքան ենք թուլացել, որ հեսա սկուտեղի վրա մատուցելու ենք միջանցքը, չի լինելու նման բան: Հետո մի բան ասեմ, էս պահին ՀՀ-ում երեք մաքսային կետ կա դրված, բայց Ադրբեջանը էդ մաքսային կետերով ոչ մի շարժում չարեց: Հիմա մի հատ էլ մաքսային կետ կդնենք Զանգեզուրում, ոչ մի խնդիր, թող բարի լինեն, էդ մաքսային կետով գան-գնան, մենք ճանապարհ ենք տալիս, ոչ թե միջանցք:

Կասե՞ք՝ ճանապարհի ու միջանցքի տարբերությունը, Ձեր գնահատմամբ, որն է:

— Միջանցքի դիպուկ օրինակը հենց Լաչինի միջանցքն է, որի հսկողությունը մնացել էր Ռուսաստանի վրա, ռուսական զորքերն են հսկել, ճիշտ է, միջանցքի փոփոխություն եղավ անօրինական ձեւով: Իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրին, հա, էլի ենք ասում, լինելու է ճանապարհ, որտեղ հսկողությունը պետք է իրականաց- նեն ՀՀ անվտանգության ծառայությունները, այսինքն՝ տեղադրվելու են բացառապես հայկական մաքսակետեր, որպեսզի մենք հսկողություն սահմանենք, թե ինչ բեռներ են գնում-գալիս, ովքեր են գնում-գալիս: Օրինակը բերեմ Վրաստանի սահմանով, երբ մենք գնում ենք Ռուսաստան, մենք մտնում ենք Վրաստանի տարածք, որով անցնում, գնում ենք Ռուսաստան: Կլինեն նաեւ որոշակի մաքսային վճարներ, այսինքն, իրենք մաքսային ստուգումներով Ադրբեջանից կմտնեն, Մեղրիով կգնան դեպի Նախիջեւան: Էդտեղ ոչ մի խնդիր չկա, բայց, կրկնում եմ, ՀՀ ինքնիշխան տարածքում իրենք պիտի մեր մաքսային անցակետերով անցնեն, ուրիշ ոչ մի ձեւ չի կարա լինի:

Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը համաձայն չէ Ձեր ասած տարբերակին:

— Է, չեն հասկանա, կպայքարենք: Մենք պիտի հասկանանք, որ հիմա հայ ազգի համար Սարդարապատ է, ազգովի կանգնելու ենք ու մեր սահմանները պահենք: Հետո մեր հարեւան Իրան էլ չի հանդուրժելու երրորդ երկրի ներկայությունը տվյալ հատվածում:

Բայց մենք զենքի խնդիր ունենք, չէ՞, Փաշինյանն էր ասում: Հետո էլ, թե շատ հստակ գնում ենք խաղաղության օրակարգով: Ու հանկարծ Սարդարապա՞տ, ինչպե՞ս հասկանանք:

— Շատ բան իմանաք, շուտ կծերանաք, թողեք հանգիստ զենքն էլ, զենք բերողին էլ, ամեն ինչ նորմալ կլինի: Համբերել ա պետք (մենք չէինք բողոքողը, Փաշինյանն էր-հեղ.):

Պարո՛ն Մելքոնյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասել է, որ վարժական հավաքները լինելու են 25-օրյա, այլեւս հրաժարվում են եռամսյա հավաքներից, բայց դա լինում է պարտադիր՝ ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար: Ինչպե՞ս եք գնահատում, արդյոք 25 օրը բավարար կլինի՞:

— Եռամսյա հավաքները եկել են Սովետական Միությունից, որ պատերազմ չի եղել, եղել է խաղաղություն, պարզապես մարդիկ գնացել են եռամսյա հավաքներին, պատրաստվել են, հետո դարձել է մեկամսյա: Մեզանում եռամսյա հավաքները սկսվեցին առաջին պատերազմի ժամանակ, եւ դա բավարարում էր այն ժամանակվա պահանջները:

Հիմա եռամսյա հավաքներ ենք սկսել եւ տեսնում ենք, որ խնդիրներ են առաջանում: Մարդիկ կան, որ այդ երեք ամիսների ընթացքում բանկերի հետ կապված խնդիրներ ունեն, աշխատավարձերի հետ կապված խնդիրներ են առաջանում: Իսկ եթե մենք 25 օրում ենք պատրաստում, համարյա ամբողջ ազգաբնակչությունը մասնակցում է պաշտպանության պրոցեսին: Մեկը 10 տարի առաջ է ավարտել ծառայությունը, մյուսը՝ 20 տարի առաջ, եւ զենքի հետ վերաբերմունքն այլ է:

Հիմա մենք թարմացնում ենք հիշողությունը, նաեւ 7 օրվա ընթացքում մարդիկ կրակային, տակտիկական բոլոր պատրաստություններն անցնեն, իսկ վերջին 14 օրում բոլորը հաճույքով կգնան առաջնագիծ: Մնացած խնդիրները, որ կան, դուրս են գալիս: Բայց մենք ամբողջ ժողովրդին պատրաստում ենք, մարտունակ ենք դարձնում: Ամբողջ բնակչությունը դառնում է մարտունակ (բայց չէ՞ որ առաջին գիծ, այն է՝ մարտական ծառայության տանելն ամենեւին էլ զորավարժանք չէ: Մարտական ծառայության կանչելու օրինական մեկ տարբերակ կա, երբ երկրում ռազմական դրություն է հայտարարված: Այսինքն, այստեղ օրինականության հետ կապված պարզելու դեռ լուրջ հարց կա-հեղ.)»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։