Հայաստանում առաջարկվում է առողջության համապարփակ ապահովագրությունը մի քանի փուլով ներդնել՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի շատ խմբերի։ Գործընթացը պետք է սկսվի 2023 թվականին և ավարտվի 2027–ին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մշակման աշխատանքային խմբի անդամ, առողջության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը:
Իրականացման փուլերը
2023 թվականին կսկսվի նախապատրաստական փուլը, որի ընթացքում պետք է պատրաստվեն և ընդունվեն համապատասխան օրենսդրական և նորմատիվ ակտեր, հստակեցվեն մարդկանց բազաները, բնակչության բոլոր խմբերի համար միասնական ապահովագրական ծածկույթը և փաթեթը։ Նույն թվականին նախատեսվում է ստեղծել պետական ապահովագրական հիմնադրամ։
2024 թվականին կսկսվի պիլոտային փուլը, որի ընթացքում պետք է կիրառվեն բոլոր կանոնակարգերը, ներդրվեն բոլոր չափանիշները, հստակեցվեն հարաբերությունները բուժհաստատությունների հետ։ 2024 թվականի ընթացքում նախատեսվում է նոր համակարգը փորձարկել բոլոր այն խմբերի համար, որոնց մասին հոգածությունը իր վրա կվերցնի պետությունը։ Դա բնակչության սոցիալապես անապահով խավն է, մինչև 18 տարեկան երեխաները, զինվորականները և նրանց ընտանիքները, հաշմանդամները, սոցիալական փաթեթի շահառուները և այլն։ Այսօր պետությունը բնակչության այս խմբերի համար ապահովում է տարբեր բժշկական ծածկույթ, իսկ առողջության համապարփակ ապահովագրության ներդրմամբ ծառայությունների ծածկույթը բոլորի համար կլինի նույնը: Ընդհանուր առմամբ, առաջին տարում նախատեսվում է այս համակարգում ընդգրկել հանրապետության 1,3 մլն բնակչություն:
2025 թվականին նրանց կմիանա ևս մեկ մեծ խումբ՝ մոտ 250 հազար մարդ՝ 63-ից բարձր տարիքի մարդիկ, որոնք չեն դասվել վերը թվարկված խմբերին։ Նրանց ապահովագրությունը նույնպես պետությունն է ստանձնելու, և սա բավականին մեծ բեռ է, նշեց Սամվել Խարազյանը։
Սրան զուգահեռ՝ 2024-2027 թվականներին նախատեսվում է աստիճանաբար ապահովագրական համակարգին միացնել վարձու աշխատողներին և ինքնազբաղվածներին (տարեկան 100-150 հազար մարդ), որոնք ապահովագրության համար վճարելու են իրենց գրպանից, բայց պետությունը նրանց կտրամադրի որոշակի սուբսիդավորում՝ համակարգում վաղաժամ ընդգրկվելու համար։ Սուբսիդիայի չափը կորոշվի ապահովագրական փաթեթի չափի և դրա ծածկույթի վերջնական հաշվարկից հետո, և դա կախված կլինի նաև անձի աշխատավարձի չափից։ Վարձու աշխատողների համար ապահովագրական հիմնադրամին ամսական մուծումները կկատարի գործատուն, ինքնազբաղվածները կարող են փոխանցումներ կատարել սոցիալական ծառայության տարածքային բաժանմունքների կամ բանկերի միջոցով՝ ինչպես ամսական կտրվածքով, այնպես էլ միանգամից ամբողջ տարվա համար։
Նրանց համար, որոնք այս ընթացքում չեն ընդգրկվի համակարգում, կշարունակի գործել օրենքով սահմանված արտակարգ դեպքերի, առաջնային բուժօգնության ծառայությունների, շրջապատի համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների, մանկաբարձության, պատվաստումների, հոգեբուժական և այլ ծառայությունների պետպատվերը։ 2027 թվականին ապահովագրական ծածկույթը պետք է համընդհանուր դառնա։
Հարցի արժեքը
Նախնական հաշվարկներով տարեկան ապահովագրավճարի չափը գնահատվում է 200 000 դրամ։ Սակայն այս գումարը հաշվարկվել է 2019 թվականի տվյալներով (ավելի վաղ այն նույնիսկ գնահատվում էր 120 հազար դրամ)։ 2023 թվականին պետք է տվյալների նոր վերլուծություն կատարվի, և, ըստ Սամվել Խարազյանի, հնարավոր է վերահաշվարկ լինի։
Ամեն դեպքում, ընդհանուր ապահովագրական փաթեթը կներառի մի քանի խոշոր ծառայությունների փաթեթներ.
- Առողջության առաջնային պահպանման ծառայություններ՝ ներառյալ ընտանեկան բժշկի կամ տեղամասային թերապևտի խորհրդատվությունը, նեղ մասնագետների խորհրդատվությունը՝ տարեկան 4 անգամ։
- Լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ, ներառյալ դժվարամատչելի հետազոտությունները՝ ՀՇ, ՄՌՇ, բոլորը՝ բժշկական ցուցումով:
- Հիվանդանոցային ծառայություններ, այդ թվում՝ քրոնիկ հիվանդությունների սրման դեպքում թերապևտիկ ծառայություններ, շտապ օգնություն, վիրաբուժական ծառայություններ, այդ թվում՝ թանկարժեք սրտի վիրահատություններ, էնդոպրոթեզավորում և այլն, որոնք, ըստ մասնագետների, շատ հաճախ դառնում են մեր երկրի քաղաքացիների աղքատացման պատճառ։
- Ուռուցքաբանական ծառայություններ՝ ներառյալ վիրաբուժական բուժում, քիմիաթերապիա՝ տարեկան 1,6 մլն դրամի չափով, տարեկան մինչև 22 կուրս ճառագայթային թերապիա։
- Դեղորայք քրոնիկ հիվանդների համար: Այդ դեղերից շատերի մշտական գնումը ևս ֆինանսական մեծ բեռ է մեր քաղաքացիների համար։
- Կանխարգելիչ հետազոտություններ և ստուգումներ՝ տարիքային ռիսկերին համապատասխան: Այս հետազոտությունները պարտադիր են լինելու ապահովագրական փաթեթի ակտիվացման համար։
Ըստ փորձագետի՝ փորձնական ժամանակահատվածում համակարգին միացողների համար պետության կողմից սուբսիդավորման չափը կկազմի մոտավորապես 30 տոկոս։ Բացի այդ, հնարավոր է տարբերակված մոտեցում կիրառվի ապահովագրավճարի նկատմամբ, ինչպես Զինվորների ապահովագրության հիմնադրամին վճարումների դեպքում: Այսինքն՝ ցածր եկամուտ ունեցողները կվճարեն ավելի քիչ, իսկ բարձր եկամուտ ունեցողները՝ ավելի շատ, բայց վերին շեմի սահմանմամբ։ Ինչպես հիշեցրեց Սամվել Խարազյանը, համընդհանուր ապահովագրության ռազմավարության նախնական տարբերակում առաջարկվում էր ապահովագրական վճարներ սահմանել աշխատավարձի 6 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 60 հազար դրամ։ Այժմ դիտարկվում է եկամուտներից կախված ֆիքսված վճարումների սանդղակի տարբերակը, սակայն դրանց վերջնական չափը կորոշվի միայն ընթացիկ տարվա տվյալները վերլուծելուց հետո։ Եկամուտները գնահատելու համար հաշվի են առնվելու նաև գույքի և եկամուտների հայտարարագրերը։
Առողջության ապահովագրության պետական հիմնադրամ
Կստեղծվի առողջության ապահովագրության հիմնադրամ, որի հիմնադիրը կառավարությունն է։ Առողջապահական պետական գործակալությունը կլուծարվի, և նրա գործառույթները կփոխանցվեն հիմնադրամին:
Հիմնադրամը ղեկավարելու է Կառավարման խորհուրդը, որը կազմված կլինի կառավարության անդամներից և հանրային հատվածի ներկայացուցիչներից՝ գործարարների միությունից, բժշկական ասոցիացիաներից և սպառողների շահերի պաշտպանության կազմակերպություններից։ Սա, ըստ Սամվել Խարազյանի, արվում է որոշումներ կայացնելիս հնարավորինս հանրության կարծիքը հաշվի առնելու, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար։
Խորհրդի ենթակայության ներքո կգործեն երկու հանձնաժողովներ՝ ռազմավարական գնումների և կատարողական վերահսկման, որոնք պատասխանատու կլինեն բուժհաստատությունների հետ պայմանագրերի կնքման, վճարումների կատարման, վեճերի լուծման և բժշկական ծառայությունների որակի վերահսկման համար։
Խորհուրդը սահմանելու է գնագոյացման, բժշկական հաստատությունների համար անհրաժեշտ սարքավորումների և գործիքների, տրամադրվող դեղերի և մատուցվող ծառայությունների չափորոշիչներ:
Բժշկական հաստատությունների պատրաստվածությունը
Բժշկական հաստատությունները մինչև 2027 թվականը պետք է իրենց ծառայությունները համապատասխանեցնեն Խորհրդի կողմից սահմանված չափանիշներին:
4-5 տարվա ընթացքում լուրջ կապիտալ ներդրումներ են նախատեսվում բուժհաստատություններում: Համաշխարհային բանկի ծրագրով կամ սուբվենցիոն ծրագրերով կվերանորոգվեն և կկահավորվեն մի շարք մարզային բժշկական կենտրոններ, գյուղական ամբուլատորիաներ և պոլիկլինիկաներ։
Մեծ ուշադրություն է դարձվելու բժիշկների կարողությունների զարգացմանը, կրթությանը և վարքագծի փոփոխությանը, աշխատավարձերի բարձրացմանը։ «Հիմնական մեր մտավախությունները մարդկային կարողություններն են՝ նրանց պետք է կրթել, վարքագիծ փոխել, ու նաև բժիշկների քանակի խնդիր կա», – ասաց Սամվել Խարազյանը։
Առողջության առաջնային պահպանման օղակ
Համապարփակ ապահովագրության համակարգում մեծ դեր է վերապահված առողջության առաջնային պահպանման օղակին: Բոլոր կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները պետք է կատարվեն այս օղակում, լաբորատոր –գործիքային հետազոտությունների կամ հոսպիտալացման ուղեգրերը կտրվեն տեղամասային թերապևտի կամ ընտանեկան բժշկի կողմից։
Ուստի, ինչպես նշեց փորձագետը, այս օղակում որոշակի բարեփոխումներ են նախատեսվում։ Պոլիկլինիկաներում շաբաթ-կիրակի օրերին պետք է սահմանվի հերթապահություն, նրանց աշխատաժամանակը երկարաձգվի մինչև ժամը 20.00-ը, պետք է ներդրվի թեժ գիծ, որպեսզի մարդիկ ցանկացած պահի կարողանան հեռախոսով խորհրդատվություն ստանալ։ Թերապևտների և մանկաբույժների տնային կանչերը կվերացվեն: Անհրաժեշտության դեպքում թեժ գծի մասնագետները կարող են խորհուրդ տալ գնալ հիվանդանոց կամ զանգահարել շտապօգնություն: Ուղեգրերը կբացվեն էլեկտրոնային եղանակով՝ ArmMed համակարգի միջոցով։
Մասնավոր ապահովագրական ընկերություններ
Անդրադառնալով նրան, որ պետական ապահովագրական հիմնադրամի ստեղծումը կառաջացնի մասնավոր ապահովագրական ընկերությունների դժգոհությունը, Սամվել Խարազյանը նշեց, որ, իր կարծիքով, հակառակը, սա գործունեության մեծ դաշտ է ստեղծում մասնավոր ընկերությունների համար։ Փորձագետը կարծում է, որ իրենք կարող են մատչելի լրացուցիչ ապահովագրական փաթեթներ պատրաստել այն ծառայությունների համար, որոնք ներառված չեն հիմնական պետական փաթեթում։
Այն ընկերությունները, որոնք ունեն կորպորատիվ ապահովագրական փաթեթներ, այդ թվում՝ արտասահմանյան ընկերությունների հետ, արդեն հիմա կարող են բանակցել նրանց հետ՝ նոր փաթեթ ձեռք բերելու համար, որը կլրացնի պարտադիր ապահովագրական փաթեթը։