ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննադատություն է հնչեցրել միգրացիոն վերահսկողության խստացման հրամանը արգելափակած դաշնային դատավորի վերաբերյալ: «Չեմ կարող հավատալ, որ դատավորը մեր երկիրն այդպիսի վտանգի ենթարկեց: Եթե ինչ-որ բան պատահի, մեղադրեք նրան և դատական համակարգը»,- իր Թվիթերում գրել է Թրամփը: Նա նշել է, թե հանձնարարել է, որ հատուկ ծառայությունները ավելի խիստ վերահսկողություն իրականացնեն ԱՄՆ մուտք գործողների նկատմամբ, մինչդեռ դատավորը «բացել է երկրի դռները պոտենցիալ ահաբեկիչների առջև»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի վերաքննիչ դատարանը մերժել է ԱՄՆ-ի նախագահի աշխատակազմի դիմումը: Սպիտակ տան առաջնորդը բողոքարկել է Սիեթլի դաշնային դատարանի փետրվարի 4-ի որոշումը՝պահանջելով վերականգնել միգրացիոն խստացման հրամանը, որով արգելվում է 7` մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Սիեթլի դատարանի որոշումից հետո վիզաները վերականգնվել են:
Հիշեցնենք, որ հրամանն արձակելուց հետո ավելի քան 100 հազար մուտքի արտոնագիր էր չեղյալ համարվել: