«Նվիրյալների ճեմուղում» բացվեցին Արթուր Գրիգորյանի ու Արամ Սաթունցի հուշաքարերը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նվիրյալների ճեմուղում» բացվեցին Արթուր Գրիգորյանի ու Արամ Սաթունցի հուշաքարերը

Ռադիոտան հարակից տարածքում գտնվող «Նվիրյալների ճեմուղին» այսօր՝ նոյեմբերի 15-ին, համալրվեց հայկական մշակույթի եւ հեռուստատեսության մեջ անհերքելի ներդրում ունեցած եւս երկու մեծերի անուններով․ բացվեցին ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի եւ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթունցի հուշաքարերը։

Ինչպես նկատեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը՝ երկու անվանի հայ կոմպոզիտորների լուռ ներկայությունը Ռադիոտան տարածքում ոգեշնչող կլինի նոր սերունդների՝ հատկապես նրանց համար, ովքեր ընտրել են ռադիոյի ու հեռուստատեսության ուղին։

«Արամ Սաթունցի կենսագրությունը կապված է ռադիոյի հետ։ 25 տարի նա աշխատել է Հանրային ռադիոյում՝ որպես երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր, այնուհետեւ՝ նաեւ երաժշտական ձեւավորման բաժնի ղեկավար։ Նա հեղինակ է բազնաթիվ սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, գրել է երաժշտություն կինոյի եւ թատրոնի համար, ունի նաեւ մանկական երգերի ժողովածու։

Արթուր Գրիգորյանի մշակութային կենսագրությունը, նույնպես, մեծապես կապված է հեռուստատեսության հետ․ 2001-ից մինչեւ 2009 թվականները նա եղել է Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամ։ Մինչ այդ, ավարտելով Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի էստրադային ռեժիսուրայի բաժինը, նա վերադարձավ Հայաստան ու կայացավ, որպես տաղանդավոր կոմպոզիտոր, հրաշալի պրոդյուսեր, մեծ երաժշտական նախագծերի հեղինակ։ 1994 թ-ին հիմնադրեց Երգի պետական թատրոնը, որտեղ կրթեց էստրադային երգիչների մի քանի սերունդ»։

Կոմպոզիտորների հուշաքարերի բացմանը ներկա էին ոչ միայն յուրաքանչյուրի ընտանիքի անդամներն, այլեւ հայ մշակույթի անվանի գործիչներ, հայտնիներ՝ տարբեր ոլորտներից։

Հայկական երգարվեստում ու հեռուստատեսությունում Արթուր Գրիգորյանի ունեցած մեծ ներդրման մասին նրա դուստրը՝ Հայաստանի Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը, խոսում է հպարտությամբ ու մեծ հուզմունքով․

«Պապան, կարելի է ասել, հայկական ժամանակակից հեռուստատեսության նորարարներից ու հիմնադիրներից է եղել։ Նա 40 տարուց ավելի աշխատել է հեռուստատեսությունում՝ հնչունային ռեժիսորի օգնականից մինչեւ խորհրդի անդամ, հեղինակել է բազմաթիվ հաղորդումներ, փառատոններ ու մրցույթներ, գրել է այն երգերը, որոնք հնչել են Հանրային հեռուստաընկերության ամանորյա հաղորդումների ժամանակ, որոնք տասնյակ տարիներ անց էլ ամենասիրելին են մնում։ Նրա երաժշտությունը կապրի այնքան, որքան մենք լսենք, սիրահարվենք, երազենք, տխրենք ու ուրախանանք այդ մեղեդիների հնչյունների ներքո։ Շատ լսեք պապայի երգերը․․․»,-իր խոսքում նշեց նա։

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը եւս անդրադարձավ հոր՝ Արամ Սաթունցի եւ Արթուր Գրիգորյանի հուշաքարերի բացման կարեւորությանը․

«Ինձ համար շատ հաճելի է, որ այսօր այստեղ բացվում են այս երկու հուշաքարերը։ Իմ կապը եւ հայրիկիս՝ Արամ Սաթունցի, եւ Արթուր Գրիգորյանի հետ շատ մեծ է։ Իր ամենաճանաչված՝ «Հայ գարուններ» երգը Արթուր Գրիգորյանը գրել է հենց իմ ներկայությամբ։ Հայրիկիս մասին կարող եմ ասել, որ նա ռադիոյի ու հեռուաստատեսության ոլորտում իր ողջ գործունեության ընթացքում եղել է մեծ նվիրյալ, արել է ահռելի գործ, որը մինչ օրս շարունակվում է, եւ եթե մենք չհարգենք եւ չգնահատենք այն, ինչ արդեն արվել է, չենք կարող հարգել եւ գնահատել այն, ինչ պիտի արվի»,-հավելեց Սաթյանը։

«Նվիրյալների ճեմուղին» Ռադիոտան հարակից տարածքում բացվել է Հանրային ռադիոյի՝ 90 եւ հեռուստատեսության՝ 60-ամյակների առթիվ։ Ճեմուղին արդեն համալրվել է ոլորտի կայացման մեջ մեծ ներդրում ունեցող մի շարք նվիրյալների հուշաքարերով։

style.news.am