«Ճանապարհորդելու եմ սննդի համար. 11 խոհարարական փորձառություն Հայաստանում». Forbes-ի թղթակցի անդրադարձը հայկական խոհանոցին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ճանապարհորդելու եմ սննդի համար. 11 խոհարարական փորձառություն Հայաստանում». Forbes-ի թղթակցի անդրադարձը հայկական խոհանոցին

Հանրահայտ Forbes ամսագրի թղթակիցն անդրադարձել է Հայաստանի խոհանոցին ու սնունդին: Իր «Ճանապարհորդելու եմ սննդի համար. 11 խոհարարական փորձառություն Հայաստանում» անվանմամբ հոդվածում Բրիանա Ուիլսոնն նշել է, որ հայկական ուտեստները հարուստ են ո՛չ միայն համով, այլեւ՛ պատմությամբ: Նա գրել է, որ համեստ պարզությամբ ներկայացված ճաշատեսակները եւ գինու ավանդույթն այստեղ՝ աշխարհում առաջիններից է, ինչը կարելի է հասկանալ միայն այն ժամանակ, երբ ոտք դնեք երկիր՝ Հայաստանը դարձնելով մի վայր, որն այլեւս չպետք է անտեսվի, հատկապես գաստրոնոմների եւ էնոֆիլների կողմից:

Խոսելով հայկական խոհանոցի գրավչության մասին`հեղինակը մեջբերել է խոհարարական գրքի հեղինակ Լենա Թաշչյանի խոսքերը. «Հայկական խոհանոցը թույլ է տալիս համտեսել պարզ կերակուրներ, որոնք ընդգծում են բաղադրիչները՝ թույլ տալով փայլել եւ խոսել իրենց մասին»:

Հեղինակը խորհուրդ է տալիս մինչեւ երեւանյան տարբեր ռեստորաններում եւ սրճարաններում լինելը ունենալ սննդի հետ կապված 11 փորձառություն:

  • Փորձառությունների շարքում Ուիլսոնն առանձնացրել է 2492-ի Wild Food Adventures-ի հետ ինտերակտիվ խոհարարական փորձառությունը, որի շրջանակում մասնակիցները այցելում են Հայաստանի մարզերի ընտանիքներին եւ նրանց հետ սեղան նսում`համտեսելով տանը պատրաստված երեք տեսակի ճաշատեսակ: Հեղինակը խորհուրդ է տալիս նախաձեռնության շնորհիվ այցելել Արենիի ժայռեր, Արենիի խաղողի այգի եւ Երանոսի լեռներ:

  • Այցելություն «Սոնա հյուրատուն», որտեղ հնարավոր է համտեսել տեղական սունկ, խոտաբույսեր, հատապտուղներ: Բացի այդ հյուրատան տերերը`Անահիտ եւ Աշոտ Բեժանյանները սովորեցնում են, ինչպես պատրաստել ապուրներ, աղցաններ, հյութեր եւ անուշներ`հայկական ավանդական տարբերակով:

  • Սասնա կլուլիկի պատրաստում «Նուշ հյուրատանը»: Հյուրատունն իր անվանումը ստացել է տարածքում առկա 23 նշի ծառերի շնորհիվ: Այստեղ հյուրերին ծանոթացնում են Սասունի մշակույթի հետ, եւ, ճիշտ ծրագրելու դեպքում, նրանց ներկայացվում են նաեւ Սասունի երգն ու պարը:

  • Հորած պանրի պատրաստումը «Հին Մարտիրոս» հյուրատանը, որտեղ տանտիրուհին, բացի հյուրերին գիշերելու տեղ տալուց, սովորեցնում է պանիր հորել եւ այն թողնել նկուղում, որպեսզի առաջիկա 3-ից 5 ամիսների ընթացքում պատրաստ լինի:

  • Հեղինակը առանձնացնում է Հայաստանի հարավային շրջանները՝ համերով, մրգերով եւ հյուրընկալությամբ: Նա խորհուրդ է տալիս լինել Մեղրիի «Խաչաց տուն» հյուրանոցում: Նա նշում է, որ քաղաքում հպարտանում են տեղական նռներով, ինչը Հայաստանի խորհրդանիշերից է համարվում, բացի այդ այստեղ կա ձիթապտուղ, սերկեւիլ, խուրմա, կիվի եւ այլ մրգեր:

  • Եգանյանների գաստրո բակը Աշտարակում իր յուրահատկություններն ունի ըստ հեղինակի: Այստեղ տանտերերը հյուրասիրում են տնական ճաշատեսակներ, սովորեցնում գինու պատրաստման եղանակն ու թույլատրում սեփական գինու շիշն ինքնուրույն շշալցնել:

  • Հայկական պանրի համտես Միքայելյանների ընտանեկան ֆերմայում, որը գտնվում է Գեղարքունի մարզի Արծվաքար գյուղում: Այստեղ հյուրերը կարող են պտտվել պանրի նկուղում եւ համտեսել պանիրները գինու հետ:

  • Պտույտ խաղողի այգիներում եւ գինու ու համադամ ուտեստների համտես Momik Wines-ում, որն առանձնանում է OneArmenia-ի Farm to Bottle նախաձեռնությամբ: Նախաձեռնության շրջանակում խաղողագործներին խրախուսում են սեփական արտադրության գինիները ստեղծել: Հեղինակը նշում է, որ այստեղ է գտնվում աշխարհի ամենահին խաղողի այգիներից մեկը, որտեղ պետք է նստել եւ վայելել բնությունն ու սնունդը:

  • Խոհարարական վարպետության դաս Գորիսի «Միրհավ» հյուրանոցում, որը հետխորհրդային շրջանի առաջին հյուրանոցներից է Հայաստանում: Այստեղ հյուրանոցի տնօրենն իր հյուրերին առաջարկում է հայկական ճաշատեսակների պատրաստման վարպետության դաս`լցոնից մինչեւ ժենգյալով հաց: Հնարավոր է նաեւ հանդիպումներ տեղացի ընտանիքների հետ`սովորելու օղու թորման մեխանիզմը:

  • Չանախի եւ փոխինձի պատրաստում «Շալե Գյումրի»-ում: Սեփականատեր Կարինե Թումասյանի ղեկավարությամբ քաղցած հյուրերին հնարավորություն է տրվում պատրաստել իր ընտանեկան բաղադրատոմսը կավե կաթսայում եւ մինչ դա եփվում է, հյուրերը սովորեւմ են փոխինձ պատրաստել:

  • Գաթայի պատրաստման դասընթաց «Լեգենդներ հյուրատանը» եւ այցելություն դեպի Սմբատաբերդ: Հեղինակը նշում է, որ գաթան կարելի է գտնել ողջ երկրում, սակայն դրանց մեջ աենահայտնին Գեղարդի եւ Գառնիի տարբերակներն են:

news.am