Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընդհանրապէս դեռ երիտասարդ տարիքում կարողացել եմ յաղթել ընկճախտը (դեպրեսիան), եւ դա է ինձ փրկել։ Ելքը պատահականօրէն եմ գտել ու դրա մասին տարբեր գրքերում գրել եմ՝ թոյլ չտալ մտքերին տրուել անկումային տրամադրութիւնների հորձանուտին։ Բայց արդէն հասուն տարիքում մի փայլուն բացայայտում կատարեցի ակամայ։ Մի շրջան շատ վատ վիճակում էի. միանգամից երեք ընկերների օգնելու համար պարտքեր էի վերցրել եւ երեքն էլ ձախողուել էին (մէկը ապուշ դուրս եկաւ, մէկը թշուառ գաղթական է Ռուսաստաններում, մէկն էլ բանտում է)։
Ու մեծ դժուարութեամբ էի հասցնում հարազատներիս, մտերիմներիս ու երեխաներիս նուազագոյն կարիքները հոգալ։ Կեանքումս առաջին անգամ զգացի որ կեանքը բեռ է, բայց երբ պատկերացրի, որ իմ չգոյութեան դէպքում իմ կրած ծանրութիւնը փոխանցուելու է նրանց, ում ես օգնում եմ, երբ ես հստակ պատկերացրի, որ նրանք նոյն զգացումը չունեն, որովհետեւ ես եմ կրում այդ բեռը, ամեն բան փոխուեց։ Այդ միակ անգամը միակն էլ մնաց, իսկ ես իմացայ, որ շրջապատիդ օգտակար լինելու ձգտումը մի գերհզոր դեղամիջոց է ունայն դեգերումներից ազատուելու համար»։