2014 թ. օգոստոսի 14-16-ը Կարսի Կովկասի համալսարանում անցկացված Անի-Կարս միջազգային գիտաժողովում, պատմաբան հնագետ Սեզայ Յազըչիի ներկայացրած «Անիի ստորգետնյա գաղտնիքները» աշխատությունը մեծ ուշադրության է արժանացել: Նա ասել է, որ հայտնաբերվել են ստորգետնյա ջրամատակարարման գաղտնի խողովակաշարեր, լայն միջանցքներ, խճճվող թունելներ, վանականների խցեր, աղոթասրահներ:
Հնագետը պատմել է, որ Անիի ստորգետնյա մշակութային ժառանգությունը սկսել է ուսումնասիրել 2011 թվականից: Այդ ժամանակ նա ընդգրկվել է ՄԱԿ-ի ծրագրերից մեկում, որի նպատակն էր՝ աջակցել Կարսի ճանաչմանը, ուսումնասիրել Կարսի պատմական ու մշակութային ժառանգությունը:
«Ես շատ հետաքրքիր ինֆորմացիայի հանդիպեցի․ 20-րդ դարի սկզբի ամենահայտնի մարդկանցից մեկը՝ Գեորգի Իվանովիչ Գյուրջիևը իր մանկության ու պատանեկության տարիները անցկացրել է Կարսում: Նա իր ընկեր Պողոսյանի հետ մնացել է մեկուսացված Անիում, որտեղ 1880-ական թվականներին միասին պեղումներ են կատարել:
Մի անգամ, Անիի ստորգետնյա թունելում աշխատելիս, նրանք նկատել են, որ հողի որակը փոխվում է: Նրանք շարունակել են փորել ու նեղ թունել են հայտնաբերել, որի վերջում պատ էր շարված: Նրանք քանդել են պատը ու հայտնվել մի սենյակում, որտեղ կահույքի կտորներ, ջարդված սափորներ, կենցաղային իրերի մնացորդներ են հայտնաբերել:
Նրանք նաև մագաղաթի մի մասնիկ են գտնել: Չնայած Գյուրջիևը շատ լավ խոսում էր հայերեն, բայց չի կարողացել կարդալ գրությունը, որը հավանաբար գրված էր շատ հին հայերենով: Ավելի ուշ նրանք պարզել են, որ դա վանականներից մեկի նամակն է, ուղղված մյուս վանականին: Վերջապես նրանց հաջողվել է բացահայտել նամակի բովանդակությունը:
Գյուրջիևը հայտնաբերել է, որ Անիում, այն տեղում որտեղ գտել էին մագաղաթի մասնիկը, հայտնի դպրոց է եղել, որն ավելի ակտիվ է գործել մեր թվարկության 6-7-րդ դարերում ու այնտեղ նաև վանք է եղել»,- «Հյուրիեթ Դեյլի Նյուզի» փոխանցմամբ՝ պատմել է Յազըչին, պարզաբանելու համար, թե ի՞նչ շարժառիթով է սկսել զբաղվել Անիի ստորգետնյա գաղտնիքների ուսումնասիրությամբ:
Նա ասել է, թե Անիի ավերակների տակ եկեղեցու գոյության մասին առաջինը հիշատակել է Գյուրջիևը, բայց տարիներ անց իտալացի հնագետների խումբը հաստատեց ստորգետնյա եկեղեցու գոյությունը: Իսկ մինչ Գյուրջիևը շատ ճանապարհորդներ նշել են, որ Անիում բնակչության զգալի մասը ապրել է քարանձավներում և քարե տներում:
Թունելների երկարությունը 500 մետրից ավելին է: Ստորգետնյա քարանձավների ու կառույցների մեծ մասը ծառայել է որպես բնակատեղի: Անիի ստորգետնյա կառույցների մեծ մասը չափագրվել է ու գծագրվել է դրանց քարտեզը: