Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական Մատենադարան ինստիտուտը կանցկացնի մի շարք միջոցառումներ` նվիրված Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությանը: Այս և այլ ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանի հետ
–Պարոն Տեր–Ղևոնդյան, ծրագրերի իրականացման տեսանկյունից 2016 թվականն ինչպիսի՞ տարի էր Մատենադարանի համար:
-2016 թվականը ծանր տարի էր այն առումով, որ մենք կորցրեցինք Մատենադարանի տնօրենին՝ Հրաչյա Թամրազյանին, ով խորաթափանց գիտնական էր, տաղանդավոր բանաստեղծ, լավ կազմակերպիչ, հոգատար տնօրեն: Նրա կորուստն, իհարկե, ծանր հարված էր: Աշխատակազմի անդամներից յուրաքանչյուրն իրեն հարց տվեց, թե ինչպես հարգել նրա հիշատակը: Կարծես թե, ընդհանուր որոշման պես մի բան եղավ, որ մենք պետք է մեր աշխատանքով հարգենք Թամրազյանի հիշատակը:
Իհարկե, առաջին հերթին մեր խնդիրն այն էր, որ աշխատանքային մթնոլորտը որևէ ձևով չխաթարվի, այդ առումով պետք է ասեմ, որ մեկ օր անգամ աշխատակիցներն իրենց մաշկի վրա չզգացին որևէ բան: Ծրագրերի իրականացման, դրանց արդյունքների առումով 2016 թվականը բավական լավ տարի էր, որոշ հարցերում 2015 թվականի համեմատ նույնիսկ քայլ առաջ ենք: Հրատարակել ենք 23 մենագրություն, 92 գիտական հոդված, որը 40-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, մեր աշխատակիցները 90 գիտական զեկուցում են ունեցել տարբեր գիտաժողովներում: 2016 թվականին անցկացրել ենք 4 գիտաժողով, որից 3-ը միջազգայի ն: Ի դեպ, դրանցից մեկը, որը ես շատ կարևորում եմ, պատմական Տայքին նվիրված գիտաժողովն էր, որն ուներ թե գիտական, թե քաղաքական նշանակություն: Շատ կարևորում եմ նաև մի գիտաժողով՝ Նարեկացիական 2-րդ ընթերցումները, եկել էին խոշոր մասնագետներ` կարդինալ Գուջերոտտին, արքեպիսկոպոս Լևոն Զեքյանը, հայագետ Ժան Պիեր Մայեն և այլք:
Այս տարի ևս մենք ունենալու ենք մի քանի գիտաժողովներ: Ի դեպ, մենք վերջնականապես ստացանք ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատումն առ այն, որ շահել ենք մի դրամաշնորհ, որով միջոցառումներ ենք անցկացնելու Ավետարանի տպագրության 350-ամյակին: Ինչպես գիտենք, 1666-1667 թվականներին Ամստերդամում հրատարակվել է հայերեն առաջին Աստվածաշնչի հրատարակությունը: Չմոռանանք, որ դա ժամանակին մեծ իրադարձություն է եղել, որովհետև 1512 թվականից սկսած հայերն ունեին տպագիր գիրք, բայց Աստվածաշունչը չէր հրատարակվել: Միջոցառման շրջանակում նախատեսվում է ցուցադրություն, գիտաժողով, ժողովածուի հրատարակություն:
–Գիտական աշխատանքներից բացի, բավական ակտիվ թվայնացման գործընթաց իրականացվում, ի՞նչ փուլում է այն ևմինչ այժմ ի՞նչ է արվել:
-Այո, ճիշտ նկատեցիք, արդեն մի քանի տարի է թվայնացման գործընթացն է իրականացվում: Այս ընթացքում արդեն 6 հազար ձեռագրեր թվայնացվել են, բայց դեռ հսկայական աշխատանք կա կատարելու, որովհետև Մատենադարանում պահվում են 20 հազարից ավելի են ձեռագրեր: Մենք ամեն տարի որոշակի թվով ձեռագրեր են թվայնացնում, մոտավոր, տարեկան 600-700 ձեռագիր: Ի դեպ, դրանից բացի, ընթերցողի ամեն պատվերի առիթով ևս մեկ ձեռագիր թվայնացվում է:
Մենք մի նոր գործընթաց ենք սկսել: Ինչպես գիտեք, լինում են դեպքեր, երբ գյուղերում պահվում են ձեռագրեր, ավետարաններ: Գյուղերում կա այնպիսի հավատալիք, որ եթե ձեռագիրը դուրս բերվի այնտեղից, ապա բացասական ինչ-որ բան կլինի: Քանի որ գյուղերում պահպանման բավարար պայմաններ չկան, հետևաբար ձեռագրերը «հիվանդանում են»: Ձեռագրերի տերերը չեն համաձայնվում դրանք տալ վերականգնելու: Երկար ժամանակ սա մեծ խնդիր էր: Գտնվեց մի հիմնադրամ, որը տրամադրեց դրամաշնորհ, և վերականգնման բաժնի մի խումբ աշխատակիցներ գնացին Ջավախք ու այնտեղ տեղում իրականացրեցին վ երականգնում: Ծուղրութի Ավետարանի մասին է: Այս օրինակով ոգևորված նախատեսում ենք այդ աշխատանքը շարունակել, 2017 թ. մի քանի այդպիսի ձեռագրեր գյուղերում կվերականգնվեն: Առայժմ Ջավախք ենք գնալու, կարծում եմ այս ծրագիրը հեռանկարային է:
–Պարոն Տեր–Ղևոնդյան, ինչ աշխատանքներ են իրականացվել համալրման տեսանկյունից, այս տարի ինչ ակնկալիքներ կան:
– Նախ ասեմ, որ համալրումն իրականացվում է մի քանի եղանակով` Մատենադարանի միջոցներով, բարերարների միջոցներով, նվիրատվությամբ: Չկա մի տարի, որ համալրումներ չլինեն և՛ ձեռագրերի, և՛ մատենագրերի առումով: Ներկայում էլ այդ գործընթացի մեջ ենք: Նոր ջուղայի հին ընտանիքներից մեկը, 17-րդ դարի վերջին հաստատվում է Իտալիայում, հսկայական միջոցների տիրապետելով, ունենում է շատ մեծ առևտրատնտեսական գործունեություն: Ընտանիքի հետ կապված վավերագրերը, կարևոր հրամանագրերը, մուրհակները, ժառանգներից մեկը պատրաստվում է հանձնել Մատենադարանին: Այժմ Իտալիայից մի ընտանիքի հետ բանակցություններ են տարվում, հավանաբար ապրիլին կլսեք այդ վավերագրերը Մատենադարանին հանձնելու մասին:
Այստեղ կցանկանայի խոսել նախորդ տարվա ձեռքբերումներից մեկի մասին, որը անմիջականորեն նաև այս տարվան է առնչվում: Խոսքը Գանձասարի մեր մասնաճյուղի պաշտոնականացման մասին է, եթե կարելի է այդպես ասել: 2015 թվականի վերջին Գանձասարի վանական համալիրի հարևանությամբ գտնվող շենքերից մեկը հիմնովին վերակառուցվեց և վերածվեց Մատենադարանի: 2016 թվականի վերջին կառավարության որոշմամբ այն դարձավ երևանյան մատենադարանի մասնաճյուղ: Գարնանը արդեն լիարժեք կգործի, կդառնա Արցախի կարևոր գիտական կենտրոններից մեկը: Մատենադարանի ցուցադրության բաժինն ամիսներ առաջ է սկսել գործել, արդեն 11 հազար այցելու է ունեցել: Այժմ կամաց-կամաց գիտական մասը պետք է ակտիվացնենք, օգնենք համալրման գործում, թվայնացման աշխատանքում:
–Մատենադարանի ուսումնասիրողներն ավելի շատ ո՞ր երկրներից են, և առանձնապես ի՞նչ է իրենց հետաքրքրում:
-Իսկապես մեծ թվով ընթերցողներ ունենք դրսից: Ունենք ընթերցողներ Իրանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից, այդ կապերը պետք է ավելի ընդլայնել: Ընթերցողների շրջանում կան զուտ հայագետներ, ովքեր ուսումնասիրում են հայերեն ձեռագրերը: Կան ուսումնասիրողներ, որոնք առանձին համեմատություններ են անում հայոց լեզվի, հայ մշակույթի և այլ լեզուների ու մշակույթների միջև: Շատերին հետաքրքրում է Ատվածաշնչի հայերեն թարգմանությունը, չէ որ այն միջազգային երևույթ է: Այն համարվում է լավագույն թարգմանություններից մեկը: Հայերեն ձեռագրերից բացի, մեզ մոտ 4 հազար ձեռագիր այլ լեզուներով է, հետևաբար կան արտասահմանցի մասնագետներ, որոնց հետաքրքրում են հունարեն, օսմաներեն, պարսկերեն, արաբերեն արժեքավոր ձեռագրերը:
Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի