«Երաժշտական կրթությունը երգչին տալիս է մի հարթակ, որպեսզի ժամանակի հետ կարողանա քայլել, չի գալիս՝ հասնում մի կետի և գիտելիք չլինելու պատճառով՝ մնում կես ճանապարհին»,- պնդում է վոկալիստ, Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի էստրադայի վոկալի դասախոս Մերի Վիրաբյանը, ում հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ձայնը պահպանելու, էստրադայի վիճակի և այլ հարցերի շուրջ:
– Ո՞ր տարիքից Ձեր մեջ նկատվեց սեր դեպի երգը, ո՞վ այն բացահայտեց:
– Փոքրուց սիրել եմ երաժշտություն, պարել, երգել: Լսելով՝ շատ հմուտ սովորել եմ: Ինքս եմ շատ ցանկացել, որ ինձ տանեն երաժշտական դպրոց: Այն ժամանակ, այսպես ասեմ՝ ավելի մոդա էր դաշնամուրի դասերի հաճախելը. գնացի, ձայնային տվյալներս լսելով՝ միանգամից երգի ընդունեցին: Համար մեկ արվեստի դպրոցում եմ սովորել՝ ցուցաբերելով փայլուն ցուցանիշ, ու դեռ նոր էի փոխադրվում 8-րդ դասարան՝ ցանկացա ուսումս շարունակել Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում, սակայն ընտանիքիս անդամները՝ հայրս, եղբայրս, դեմ էին, չէին ուզում պատկերացնել, որ կարող եմ բեմ դուրս գալ: Բայց ես այնքան շատ էի սիրում երաժշտությունը, որ ասացի՝ պետք է դառնամ երաժիշտ: Հաճախեցի դաշնամուրի դասերի, եղել եմ միջազգային մրցույթների հաղթող: Հետագայում համոզեցի, որ գնամ Կոնսերվատորիա վոկալի դասերի: Գնացի, դա էլ ավարտեցի, ու դասախոսներս էլ գիտեին, որ ես բեմ չպետք է բարձրանամ, փակ երեկոներին և քննություններից բացի, չպետք է երգեմ: Ավարտեցի այդպես ու հասկացա, որ դասականն ուղղակի ինձ համար ճանապարհ էր դեպի երգարվեստ: Հետո ավարտեցի մագիստրատուրան, ասպիրանտուրան՝ արդեն ջազ-էստրադայի գծով:
– Ջազ-էստրադա վոկալի դասախոս եք: Ամեն դեպքում ցանկություն չի՞ եղել երգել բեմում, ոչ թե, այսպես ասենք՝ հետնաբեմում:
– Երգելու ցանկությունը շատ մեծ է եղել, պարզապես ընտանիքի դիրքի և մտածելակերպի պատճառով դա հնարավոր չէր: Համակերպվել էի, որ պետք է դասավանդեմ, գոնե մոտ կլինեի երաժշտությանը: Ուղղակի իմ առջև առաջադրանք եմ դրել, որ այն երեխաները, ովքեր ուզում են երգել, պետք է փորձեմ իրենց համար որակյալ ճանապարհ հարթել: Եվ այդպես, իմ չկայացած երազանքը փորձել եմ նրանց միջոցով իրականություն դարձնել:
– Ասում են, թե վոկալիստներն արդյունքների պետք է սպասեն մի քիչ ուշ: Եթե մարդը որոշել է երգել, ապա ամենաքիչը կպահանջվի կես տարի, որպեսզի որևէ արդյունք լինի: Ընդհանրապես որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի մարդը կարողանա երգել:
– Իհարկե, ինչպես բոլոր առարկաները, սա ևս ժամանակ է պահանջում: Պետք է ուսումնասիրել, հմտություններին տիրապետել և փորձել կատարել: Վոկալիստի դեպքում մի փոքր ուրիշ է: Ամենաառաջինը պետք է ունենաս լավ լսողություն, կարողանաս վերարտադրել, ապա նոր՝ ձայն: Այսօր ձայն ունենալն ամենաքիչն է: Երեքը համատեղ պետք է ունենաս, որ լավ երգել կարողանաս: Դրան կցվում է շնչառությունը, հմտությունը: Իսկ երբ մարդը պարզապես ուզում է երգել՝ ուղղակի իր հոգին, այսպես ասենք՝ հանգստացնելու համար, ապա այս դեպքում 6 ամսից մինչև 1 տարին մինիմումն է, որ հասկանան և հաղթահարեն այն, ինչի խնդիրն ունեն՝ սկսած լեզվակլանից՝ տառերը վերարտադրելուց, վերջացրած լսողական խնդիրներով: Սա պետք է արվի, որ նոր մարդը կարողանա որակով, լավ երգել, չամաչի մարդկանց առջև ներկայանալիս, որովհետև վոկալը հոգեբանություն է, պետք է հասկանաս, որ այն քեզ մոտ ստացվում է:
– Մարդը կարո՞ղ է պարապելու արդյունքում լավ ձայն ձեռք բերել, թե՞ ամեն ինչ ի վերուստ պետք է տրված լինի:
– Միանշանակ ի վերուստ պետք է տրված լինի: Շնորհը պետք է ունենա, որ հետո փորձի արդեն մասնագետի օգնությամբ ավելի պրոֆեսիոնալ մոտենալ խնդիրներին, որոնք ինքնուրույն չի կարողանում հաղթահարել: Մասնագետ է անհրաժեշտ, որպեսզի ստեղծագործություններն ավելի որակով կարողանա կատարել, մասնակցի մրցույթների, ներկայանա հանդիսատեսին: Երեխաների դեպքում ավելի հեշտ է դա ձևավորել, քանի որ տարիքը փոքր է, և ենթագիտակցորեն անում է այն, ինչ իրեն սովորեցնում են: Իսկ հասուն տարիքում այդպես չէ. փորձում ես ապացուցել, որ ինքը կարող է և իր մոտ այն ստացվում է:
– Ընդհանրապես ձայնը մշակելու համար հատուկ ժամեր կա՞ն: Երբեմն երգիչները ձայնն ավելի թավշյա պահելու համար ձու են խմում: Որքանո՞վ է սա օգուտ տալիս:
– Ձայնը մշակելը ցանկալի չէ առավոտ շուտ, որովհետև ձայնալարերը մկանային հյուսվածքով են, իրենք էլ քնում են և մարդու արթնանալուց 3-4 ժամ հետո նոր լիարժեք բացված են: Իսկ արդեն դասերի ժամանակ կիրառվում են վարժություններ, որ փորձենք ձայնալարերը քիչ-քիչ տաքացնել, ապա նոր երեխան պատրաստ կլինի երգելուն: Այս պրակտիկան ինձ մոտ 15 տարի է՝ սկսած «Հայաստանի ձայնը» նախագծից: Ինչ վերաբերում է ձու խմելուն, դա ուղղակի ժողովրդական ինչ-որ մեթոդաբանություն է: Ի դեպ, ձուն չորացնելու հատկություն ունի և ձայնալարի հետ ընդհանրապես կապ չունի: Այստեղ պետք են ձեթեր, որոնք ձայնը թաց, խոնավ կպահեն:
– Ոլորտում առաջին քայլերն անելու համար ո՞ր ժանրով է պետք երգել: Կարծիք եմ լսել, որ ճիշտը ժողովրդական երգերն են, այդպե՞ս է, և ամեն երգիչ կարո՞ղ է ժողովրդական երգ երգել:
– Մարդ պետք է որակյալ երաժշտություն լսի, որը պետք է հարուստ լինի ռիթմիկ պատկերներով: Երգը պետք է մարդու հոգուն մոտ լինի, և իր լսած երաժշտությունը շատ կարևոր է: Ճիշտը ձայնադրումն է, որը դասական վոկալն է: Մյուսը ձայնատարությունն է, որը կապ չունի, թե որ տարիքում ես սկսում երգով զբաղվել: Ապա գալիս են ռիթմիկ պատկերները, ոճաբանությունը: Հնչեցված կարծիքի հետ համաձայն չեմ. Նախ՝ ամեն մարդ չի կարող երգել և ժողովրդականի դեպքում լրիվ այլ ստրուկտուրա է: Այնտեղ կան խաղիկներ, լրիվ տարբեր է էստրադայից: Լավ էստրադա երգողը ժողովրդական երգեր չի կարողանա երգել: Նշեմ, որ ժողովրդական երգեր կատարելը շատ դժվար է՝ ոչ թե ձայնային առումով, այլ ոճի, նոտայի վերարտադրման առումով:
– Քանի որ դասավանդում եք, խնդրում եմ ասացեք, թե ինչպիսի՞ դժվարությունների, խնդիրների եք բախվում, հե՞շտ է աշխատել երեխաների հետ:
– Խնդիրներն առաջանում են ձայնի ձևավորման ժամանակ՝ 13-14 տարեկանում: Ամեն մեկի մոտ ձայնալարը մի ուղղության վրա մուտացիայի է ենթարկվում: Վարկած կա, որ այդ ժամանակ ցանկալի չէ երգել, բայց ես դեմ եմ չերգելուն: Մտածված, չափի մեջ պետք է երգել, որ հանկարծ ձայնալարը չվնասվի:
Երեխաների հետ նաև հեշտ է այն առումով, որ ուզում են ուրախ, պայծառ երգեր երգել, և այստեղ կարողանում ես մեթոդաբանություն մշակել, անել այն, որը ճիշտ է: Իսկ մեծերը ցանկանում են իրենց նախընտրած երգերը կատարել, ու ուսուցիչը խնդրի առջև է կանգնում. ի՞նչ երգ տամ, որ իր ներաշխարհին, մտածելակերպին, երաժշտական ճաշակին մոտ լինի:
– Գաղտնիք չէ, որ մեր երկրում ուսուցիչների աշխատավարձը ցածր է, և կառավարությունն ատեստավորման միջոցով փորձում է բարձրացնել: Շուտով դա վերաբերելու է նաև երգարվեստի ոլորտին: Որքանո՞վ ատեստավորումը կլուծի հարցը, այստեղ որևէ «վտանգ» տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ:
– Ուսուցչի որակի ամենավառ օրինակն իր մոտ երգող սաներն են: Եթե դու լսում ես սաներին, արդեն կարող ես ուսուցչի մասին կարծիք կազմել: Այս պահի դրությամբ աշխատավարձը շատ ցածր է, բայց ես գողտրիկ անկյուն ունեմ Սայաթ-Նովա փողոցում՝ երգչախմբային ընկերությունում: Դա կարող եմ անվանել երգի ստուդիա, որտեղ երգում են: Ունեմ նախագծեր, և իմ գերնպատակն է, որ բացի այն, որ երեխաները լավ են երգում, ուզում եմ, որ իրենց մանկությունն ուրախ անցնի, բեմերում շատ լինեն: Սակայն այսօր բեմ դուրս գալն էլ է գումար՝ ծնողներից ոչ բոլորն ունեն ֆինանսական միջոցներ, որ կարողանան որևէ տեղ վարձակալել, երեխաներին բեմ բարձրացնել: Դրա համար երկու տարի առաջ նախագիծ եմ արել՝ Վանաձորում, Քասախում, Գյումրիում և մի քանի այլ քաղաքներում ու գյուղերում, որտեղ անվճար բեմ են տրամադրել՝ համերգներ ենք ունեցել, անցկացրել եմ դասընթացներ:
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Ղափլանյանի անվան դրամատիկական և Երևանի պետական կամերային թատրոններում ևս համերգներով ենք հանդես եկել: Բայց դա արվել է ծնողների օգնությամբ: Ես ուզել եմ, որ երեխաներին բեմ տրամադրվի և բարեգործական համերգ կազմակերպենք։ Սա ինձ պետք է եղել փորձ ձեռք բերելու համար: Այդ ատեստավորումը մեթոդաբանություն է, ամեն պրակտիկայից հետո կարողանում ես մեթոդ կիրառել, որ երեխան ավելի լավ երգի: Ձևավորվում է երաժշտական ճաշակ, մտածելակերպ: Իսկ մասնագետները կփորձեն է՛լ ավելի աշխատել իրենց թերությունների վրա:
– Մեր էստրադայի վիճակից գո՞հ եք:
– Լավ է, որ նոր սերունդ է գալիս, որը ցանկանում է գրագետ երգել, հնդկական, արաբական մոտիվներն ուզում են, այսպես ասեմ՝ վերանայել, կատարել հայկական երգեր: Շատ կուզեի, որ հեռուստաընկերություններում կազմակերպվող երգի մրցույթները մի քիչ արդար լինեին, և որակով երեխաներին տեղ տային, առաջ տանեին:
Կցանկանայի, որ էստրադային երգարվեստում կիրթ, գրագետ մատուցեին երգը. էական չէ, թե ինչ լեզվով: Մի քիչ հայկական մտածելակերպին և հային վայել լինի և՛ հագուկապը, և՛ մատուցելը: Շատ վատ եմ վերաբերվում, որ կրթություն չունեն և էստրադայում են ու ինչ-ինչ հաղթանակներով հասել են ինչ-որ կետերի, բայց դա ինձ համար ժամանակավոր բնույթ է կրում: Լավ արժեքը մնայուն է, իսկ այդպիսի շատ քիչ երգիչ-երգչուհիներ ունենք:
Երաժշտական կրթությունը երգչին տալիս է հարթակ, որ ժամանակի հետ կարողանա քայլել: Չի հասնում մի կետի ու գիտելիք չունենալու պատճառով կանգնում է: Ինչ երաժշտություն որ այսօր մատուցվում է, դա ուղղակի ժամանակի խնդիրն է: Հայկական կոմպոզիտորական ստեղծագործությունը՝ Աճեմյան, Բաբաջանյան, Օրբելյան, Ամիրխանյան, Սաթյան, շատ բարդ է կատարել, և շատ ողջունելի է, որ այն երաժշտական դպրոցներում արդիական է դարձել: Ողջունելի է, որ լուրջ հարթակի վրա են դրված մեր հայ կոմպոզիտորական ստեղծագործությունները:
Երեխաներն անգամ ուզում են դաշնամուրի նվագակցությամբ երգել, ոչ թե մինուսով: Իմ ցանկությունն է՝ լինեն այնպիսի տեղեր, որ եթե երեխան ուզում է երգել, բեմ դուրս գալ, այնքան մատչելի լինի, որ ծնողները կարողանան ներդրում անել, նրանց մանկությունն ուրախ անցնի: Եթե անգամ ծնողը գումար չունի էլ, ես մեծ սիրով օգնում եմ. կան երեխաներ, որոնց հետ անվճար եմ պարապում: Ստուդիայում անում եմ այն, ինչ դպրոցներում չեն անում՝ մյուզիքլներ, խմբակային բազմաձայնություն:
Անի Կարապետյան