Վանքի դուռն էլ ժողովրդի պես տարագիր է
Գերմանիայում մասնավոր մի հավաքածույում է Մշո Սուրբ Կարապետ վանքի միջնադարյան արվեստի գլուխգործոց դուռը, որ պատրաստել են հայ վարպետները 1212 թվականին ընկուզենու փայտից՝ բարձրությունը՝ 185սմ, լայնությունը՝ 115սմ, քաշը՝ 169,8կգ։ 1915-ին վանքն ավերվել է, փրկվել է միայն դուռը։
Մոնումենտալ փորագրությամբ փայտյա դուռն ունի չորս շրջանակված գոտիներ՝ շրջապատված դեկորացիաներով։ Դռան աջ կողմի փեղկի վրա չորս առաքյալներ են՝ Պետրոսը, Մարկոսը, Մատթևոսը և Պողոսը։ Ձախ կողմում պատկերված է Քրիստոսի մկրտությունը, Քրիստոսը կեսով սուզվել է ջրի մեջ՝ կողքին երկու ֆիգուր, հավանաբար, Գաբրիել հրեշտակապետը և Սուրբ Հովհաննես Մկրտիչը։ Քրիստոսի հետևում Աստծո ձեռքն է. մի մեծ ձուկ լողում է ներքևի ջրերում։ Մկրտության պատկերները հաստատում են, որ դուռը պատկանել է Սուրբ Հովհաննես Մկրտչին նվիրված եկեղեցուն։
Ստամբուլում բնակվող գերմանացի արվեստագետ Ռիխտերն իր թուրք հարևանի՝ պաշտոնաթող զինվորականի օգնությամբ 1976 թվականին 5000 գերմանական մարկով ձեռք է բերել և իր տանը գաղտնի պահել Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը։ Զինվորականը դուռը Ստամբուլ էր տեղափոխել Մուշի քրդաբնակ գյուղից։ Զինվորականը կարողացել է համոզել քուրդ գյուղապետին, որը ֆինանսական խնդիրների պատճառով ցանկացել է սղոցել, ըստ նախշերի մաս-մաս անել դուռը և կտորները վաճառել գյուղ եկած զբոսաշրջիկներին։
Անկարայում գերմանական դեսպանատան մշակութային կցորդ դոկտոր Ցինզերի աջակցությամբ դուռը տեղափոխում են Անկարա, որտեղից էլ՝ Գերմանիա։ Ստամբուլում կեղծ մեղադրանքների հիման վրա Ռիխտերին բանտարում են, և նա մահանում է բանտում։
1996 թվականին Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը Լոնդոնում աճուրդով վաճառվում է հիսուն հազար դոլարով։ Այն գնում է օտարազգի անհայտ մի անձ։ Տխուր է, որ վանքը քանդող թուրքն ու քուրդը և նրանց խորհրդական գերմանացին ինչքան բարձր են արժևորում այս դուռը և ինչ գնով ձեռք բերում, իսկ մերոնք ընդամենը բանավոր իրենց աղոթքներում Աստծո զորությունը կբարեմաղթեին՝ «Մշո Սուլթան Սուրբ Կարապետ թող լինի ձեզ պահապան»։
Շտապեմ ասել, որ եկեղեցասիրությունից չէ, որ գրում եմ այս մասին։ Վանքն ու դուռը պատմական մեծարժեք գանձ են, միջնադարյան հայ կառուցողական արվեստի, ճարտարապետության և փայտափորագրության գլուխգործոցներ, որոնք աշխարհի ցանկացած ժողովրդի համար այցեքարտային կդառնային։
Էսօր ով ասես եկեղեցի է կառուցում, միլիոնավոր դոլարներ ծախսում։ Բա մեկը չի՞ կամենում Սուրբ Կարապետ վանքի բազմաչարչար դուռը գերմանական մասնավոր հավաքածույից գնել, օտար ափերից հայրենադարձել և դնել իր եկեղեցում։ Դա կդառնա համահայկական սրբատեղի, մենակ նվիրատվությունների, մոմի ու բուկլետների փողով իր ծախսերը տասնապատիկ կփակի։ Էլ չասենք գովազդների մասին։ Դե՜, մեր Առաքելական եկեղեցին դրա համար փող չունի, կբավարարվի միայն այդ բարերարին մի աղոթքում հիշելով… Ախր հենց Երևանի Աբովյան փողոցում կառուցված եկեղեցու և այլ կառույցների թանկաժեք դռներից մի մասի պատրաստման վրա ավելի շատ գումար է ծախսվել, քան այն, ինչով հնարավոր է գնել մշակութային այդ գանձը։ Այդ դուռը Հայոց պատմություն է, մշակութային արժեք, Էրգրի մասունք։ Այն գոնե պետք է դրված լիներ Էջմիածնի գանձատանը կամ Հայ ժողովրդի պատմության թանգարանում՝ ինչպես Մշո Առաքելոց վանքի ոչ պակաս արժեքավոր դուռը։ Եթե հոգևոր առումով չի հետաքրքրում, գոնե բիզնեսի աչքով նայեն։ Ուրեմն՝ սու՞տ են Սուրբ Կարապետով շատերի սին երդումները… Նոր եկեղեցի հիմնողներ կամ արդեն կառուցածներ, մտածե՛ք և երկար կհիշվեք գոնե սուրբ դռնով…
Վրեժ Սարուխանյանի ֆեյսբուքյան էջից