Մելբուռնի տեխնոլոգիական ինստիտուտի (Ավստրալիա) գիտնականները գտել են բոլոր ծնողների համար ամենահրատապ խնդիրներից մեկը լուծելու միջոց․ ինչպե՞ս ստիպել երեխաներին օգտակար, բայց ոչ շատ համեղ սնունդ ուտել:
Տվյալ դեպքում խոսքը սննդային մանրաթելերի մասին է, որոնք թեև չեն մարսվում մարդու մարսողական համակարգի ֆերմենտներով, սակայն կարող են ճեղքավորվել աղիքների միկրոֆլորայի կողմից, ինչը բազմակողմանի օգուտներ է բերում օրգանիզմին։ Խնդիրն այն է, որ նույնիսկ ամեն մեծահասակ չէ, որ կարողանում է իրեն ստիպել ծամել կոշտ բլիթներ սննդային մանրաթելերի ավելացումով, ուստի ավստրալացի գիտնականները մշակել են դրա «անտեսանելի» նմանակը:
Նոր նյութը ստացել է «FiberX» անվանումը, այն սինթետիկ մանրաթելի մոլեկուլ է, որից հեռացվել են մարդու համային ընկալիչները գրգռող բաղադրիչները։ Արդյունքում ստացվում է մի նյութ, որն ունենալով չեզոք համ, պահպանում է սննդային մանրաթելերի ֆիզիկական հատկությունները, օրինակ՝ արդյունավետորեն մաքրում է աղիները:
Փորձերի ընթացքում գիտնականները պարզեցին, որ «FiberX»-ի կոնցենտրացիան բլիթների մեջ կարող է հասնել մինչև 20%-ի, նախքան փորձարկվողները կսկսեն զգալ համի տարբերությունը։
Սինթետիկ մանրաթելի առաջին նմուշները պատրաստվել են օսլայից՝ օգտագործելով քիմիական ռեակցիաները։ Գիտնականները կարողացել են հաջողությամբ մշակել հումքի մինչև 80%-ը: Այժմ գիտնականները փորձարկումներ են կատարում գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության տարբեր թափոնների կիրառմամբ։ Նրանք նաև ուսումնասիրում են ֆիզիկական վերամշակման և ֆերմենտացման միջոցով հումքը մանրաթելերի վերածելու մեթոդները, որպեսզի ստիպված չլինեն օգտագործել քիմիական նյութեր։ Գիտնականների վերջնական նպատակը լիովին չեզոք համով էժան և մատչելի սննդային հավելում ստեղծելն է:
Հրապարակման պատրաստեց ita.am-ը