Արտերկրում բնակվող մեր մի շարք հայրենակիցներ Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու և Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը փակելու վերաբերյալ փորձում են տեղեկացնել օտարերկրյա դիվանագետներին, մշակույթի գործիչներին, մարզիկներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին բարձրաձայնեն՝ դատապարտելով հերթական անմարդկային քայլը, ու հասնեն այդ երկրի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն:
Կանադահայ գրող, հաղորդավար Նատալի Ռեստոկյանը, օրինակ, անգլերեն և արաբերեն լեզուներով ոչ միայն տեղեկություն է հաղորդում, այլև հայ, այլազգի երևելի մարդկանց հետ հարցազրույցներ է վարում՝ հանրայնացնելով 120.000 արցախցու շրջափակման մասին:
«Արցախի ու Հայաստանի մեր քույրերն ու եղբայրները երբ տեսնում են, որ իրենց համար չեն պայքարում, անտարբեր են, իրենց համար արյուն թափելու պատրաստ չեն, այդ հուսահատության մեջ կլքեն մեր հողը»,- մեզ հետ զրույցում ասաց Նատալի Ռեստոկյանը՝ շեշտելով, որ հայ ժողովրդի միակ փրկությունն իր միասնական ուժի մեջ է:
«Սա մեր ճակատագիրն է: Կամ միասին կպայքարենք, որպեսզի խնդիրների լուծումները գտնենք, կամ կասենք՝ վերջացած հարց է, պետք է բնաջնջվենք: Եթե միասնաբար չպաշտպանենք մեր հայրենիքը, օտար պետությունները չեն անի: Իրար հետ պետք է կռվենք, որ օտարը տեսնի ու մեր կողքին կանգնի: Մենք՝ այսօր, իրենք՝ վաղը: Արցախը սկիզբն է մեր վերջի: Այսօր՝ Արցախ, վաղը՝ Հայաստան: Չպետք է մոռանանք, որ թուրքերը միշտ ասում են՝ Հայաստան՝ առանց հայի, և դրա համար մեր միակ ուժը մեր միության մեջ է»,- նշեց նա:
Ավելի վաղ զրուցել էինք նաև Բրազիլիայի Առևտրի հայկական պալատի հիմնադիր Սարգիս Կարամեկյանի հետ, որ խոստացել էր արցախցի երեխաների նամակը հացնել բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարին:
Լիբանանահայ երաժիշտ, երգահան, ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Փիթեր Ջամբազյանի՝ Փիթեր Ջեմի կարծիքով էլ՝ այս ամենը կանխելու համար մեզ դիվանագիտություն և խելք է պետք: