«Ինչպես ամբողջ Արցախում, Ստեփանակերտի տուն-ինտերնատում ևս նույն վիճակն է՝ սննդի դեֆիցիտ կա, եղածը մինչև ամսվա վերջ է հերիքելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի տուն-ինտերնատ ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պողոսյանը։
Ստեփանակերտի տուն-ինտերնատում այս պահին ապրում է 129 մարդ, որոնց թվում, տարեցներից բացի, նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարբեր շրջաններից տեղահանված տասնյակ ընտանիքներն են։
«Ընդհանուր 129 մարդ է մնում մեզ մոտ, որոնցից 25-ը՝ տարեց, մյուսները՝ տեղահանվածներ, այդ թվում՝ 17 երեխա։ Բոլորի սնունդը տուն-ինտերնատն է հոգում, որովհետև իրենք կերակուր պատրաստելու հնարավորություն չունեն, ճաշարանում բոլորին սնունդ է տրամադրվում»,- ասաց Արա Պողոսյանը։
Թշնամին օրեր առաջ, Բերձորի ճանապարհը փակելուն զուգահեռ, մի քանի օրով նաև դադարեցրել էր Արցախի գազամատակարարումը, ուստի տուն-ինտերնատի տնօրենին հարցրեցինք, թե այդ ընթացքում կենտրոնում ինչպե՞ս էին ջեռուցումն ապահովում․
«Ջեռուցումն արդեն պլիտաներով էր կատարվում՝ հոսանքի միջոցով, բայց չէր հերիքում, ծանրաբեռնվածությունից օրական մի քանի անգամ անջատվում էր․․․»։
Արա Պողոսյանից նաև հարցրեցինք, թե հաստատությունում բնակվող մարդկանց մեջ կա՞ն առողջական խնդիրներ ունեցողներ, որոնց շտապ բուժօգնություն է անհրաժեշտ, բայց ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում տեղափոխել Հայաստան․
«Կենտրոնում բնակվող տեղահանվածներից հիվանդանոցում մարդ ունենք, բայց ծայրահեղ վիճակ չէ, տեղում հնարավոր է բուժումն իրականացնել»։
Մինչև 2020 թվականի պատերազմը Ստեփանակերտի տուն-ինտերնատում 86 տարեց էր բնակվում, պատերազմի օրերին նրանց տարհանել են, հիմա Հայաստանի տուն-ինտերնատներում են բնակվում։
Արա Պողոսյանն ասաց, որ վերջերս տարեցները Հայաստանից սկսել էին քիչ-քիչ վերադառնալ Ստեփանակերտ։
«Հայաստանից կամաց-կամաց պետք է տեղափոխեինք, բայց ճանապարհի փակ լինելու պատճառով չենք կարողանում։ Մի մասը վերադարձել է, մյուս մասին չենք կարողանում բերել։ Տեղահանված ընտանիքները, որոնք մեր կենտրոնում են ապրում, քիչ-քիչ բնակարաններով են ապահովվում և դուրս են գալիս, մենք էլ մեր կենտրոնի տարեցներին բերում ենք, կամաց-կամաց մեր գործառույթին ենք անցնում»։
Ամփոփելով զրույցը՝ Արա Պողոսյանն ասաց՝ չնայած ճանապարհի փակ լինելու հանգամանքին, տուն-ինտերնատի բնակիչների տրամադրությունը նորմալ է, հուսահատություն չկա․
«Պանիկա չկա, մեր առօրյան նախկինի պես կազմակերպում ենք, այնպիսի խնդիր չկա, որ մեկն ասի՝ ես Արցախից պետք է դուրս գամ, բոլորն էլ միաբերան ասում են՝ մնալու ենք Արցախում, այստեղ ենք ապրելու։ Օրերս ադրբեջանական օգտատերերը կեղծ լուրեր էին տարածել, թե տարհանում են մարդկանց և այլն, բայց մեր կենտրոնի բնակիչներն ասացին՝ մենք այստեղ ենք ապրելու։ Հակառակը, Հայաստան տեղափոխված ծերերն ուզում են շուտ գան այստեղ՝ Ստեփանակերտի տուն-ինտերնատ․․․»։