«Շուշիից ենք իջել այստեղ, հիմա ո՞ւր գնանք, չե՛նք գնալու, եթե գնանք՝ միայն Շուշի». արցախցի բազմազավակ մայր
Advertisement 1000 x 90

«Շուշիից ենք իջել այստեղ, հիմա ո՞ւր գնանք, չե՛նք գնալու, եթե գնանք՝ միայն Շուշի». արցախցի բազմազավակ մայր

«Մենք հայ ենք՝ ղարաբաղցի, իսկ հայերը ուժեղ են, կձգենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի օկուպացված Շուշի քաղաքի նախկին բնակիչ Վարդիթեր Հակոբյանը՝  արձագանքելով թշնամու կողմից դեկտեմբերի 12-ին Բերձորի միջանցքը փակելու փաստին։

Տիկին Վարդիթերը հայկական Շուշիում ապրում էր իր 5 երեխաների հետ, որոնց միայնակ է մեծացրել։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղափոխվել էր Ստեփանակերտի տուն-ինտերնատ, 6 ամիս առաջ Ստեփանակերտում բնակարան է ստացել և երեխաների հետ տեղափոխվել է այնտեղ։

Մեզ հետ զրույցում արցախցի կինն ընդհանրապես չդժգոհեց ճանապարհի փակ լինելու հանգամանքից և դրա հետևանքով դատարկված խանութներից և այլ անհարմարություններից, փոխարենն ասաց, որ աշխատանք չունի, իրեն աշխատանք է հարկավոր, որպեսզի երեխաներին կարողանա պահել․

«Սննդի հետ կապված խնդիր բոլորի մոտ էլ կա, ոչինչ, այսպես չի մնա, լավ կլինի։ Երեխեքն էլ են հասկանում, որ չկա, ոչինչ, քչով յոլա կգնանք։ Ուղղակի այստեղ աշխատանք չկա, չեմ աշխատում, խոսք են տվել, բայց ասում են՝ դեռ տեղ չկա, սպասում եմ։ 58.000 դրամ նպաստ եմ ստանում, բայց դա էլ գազի ու լույսի վարձ եմ տալիս, ուրիշ բանի չի հերիքում։ Միայնակ մայր եմ, այդ 58.000 դրամով ո՞նց ապրենք, աշխատանք տվեք՝ աշխատեմ, մեկ է՝ ինչքան դժվարություն էլ լինի, ես այստեղից դուրս եկողը չե՛մ, աշխատանքի դրեք՝ աշխատեմ։

Շուշիում 4 տեղ եմ աշխատել, մաքրություն եմ արել, երեխաներիս մեծացրել եմ, միայնակ մայր եմ։ Ոչ ոք չունեմ, մենակ ես եմ ու իմ երեխեքը»։

Տիկին Վարդիթերն ասում է՝ լավ հասկանում է՝ թշնամու ուզածն Արցախը հայաթափելն է, բայց մի բան սխալ է հաշվարկել, «արցախցուն իր հողից չի կարողանալու պոկել»․

«Իրենց ուզածը դա է, որ հայաթափեն Արցախը, բայց մենք կյանքում այստեղից տեղ չենք գնալու, Շուշիից ենք իջել այստեղ, հիմա ո՞ւր գնանք, չե՛նք գնալու, եթե գնանք՝ միայն Շուշի։ Այդ օրն էլ է գալու, առանց որևէ կասկածի, գնալու եմ, դուք էլ գալու եք այնտեղ՝  հարցազրույց վերցնեք։ Ամենաշատը ես եմ դա ուզում, որ օր առաջ, վայրկյան առաջ Շուշի գնանք։ Այդ օրը գալու է, կգնամ, էն էլ ոտքով կգնամ։

Մենք ապրել ենք Արցախում ու շարունակելու ենք ապրել այստեղ, անկախ նրանից, թե թշնամին ինչ սադրանքների կդիմի։ Անգամ երեխաներս չեն վախենում, փոքր տղաս 8 տարեկան է, ասում եմ՝ որ ճանապարհը բացվի, դուք գնացեք Հայաստան, ես մնամ այստեղ, ասում է՝ մամ, ես չեմ վախենում, ես այստեղ էլ մնալու եմ»։

Տիկին Վարդիթերը ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը տեսնում է բանակցությունների միջոցով, բայց հավելում է՝ ՀՀ գործող իշխանությունն անկարող է․

«Եթե Փաշինյանն է բանակցողը, ոչ մի հարց էլ չի՛ լուծվելու, ոչ մի նորմալ բան։ Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է՝ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ, ինքը մեզ համար գնալու է գլուխ դնի՞, ասի՝ Ղարաբաղը մե՞րն է, դա ձևական բան է, ես չեմ հավատում, որ ինքը մեր մասին պետք է մտածի։ Նորմալ մարդ պետք է լինի, որ մեր մասին մտածի։ Էլի եմ ասում՝ մենք այստեղից տեղ չունենք գնալու, մենակ Շուշի՛, ուրիշ ոչ մի տեղ, Շուշի՛․․․»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

 



Նման նյութեր