«Ճանապարհը փակ է, լավ բան չկա, բայց դե, դուխներս դեռ տեղն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնիա Օհանջանյանը։
Դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը թշնամի Ադրբեջանի կողմից փակելուց հետո Արցախում սննդամթերքի դեֆիցիտ կա, խանութներում սահմանափակ քանակով են որոշ ապրանքներ վաճառում։
Տիկին Լեսմոնիան էլ ասաց՝ շատ ապրանքների համար ստիպված են լինում հերթ կանգնել․
«Խանութները դատարկ են, հերթեր, մի կիլո պեսոկի համար պետք է հերթ կանգնես, չկա ո՛չ պեսոկ, ո՛չ ձու, ո՛չ ձեթ, ալյուրը դեռ մի քիչ կհերիքի, ասում են՝ ունենք»։
Տիկին Լեսմոնիան Ստեփանակերտի շուկայում է աշխատում՝ կարկանդակ և ժենգյալով հաց է պատրաստում, մեր զրույցի պահին էլ դեռ շուկայում էր, ասաց՝ որոշ բաղադրիչներ այսօր սպառվել են, և վաղվանից միայն ժենգյալով հաց է կարողանալու պատրաստել․
«Մինչև ճանապարհի փակվելը մի 2 մեշոկ կարտոշկա էի առել, աշխատեցի կամաց-կամաց, բայց այսօր վերջացավ, սա վերջին օրն է, որ կարկանդակ եմ թխում, վաղը չի լինի, վաղը մենակ ժենգյալով հաց կթխենք։ Յոլա գնանք, մինչև տեսնենք, թե որտեղից մեզ համար դուռ կբացվի։ Ամեն դեպքում ինչքան էլ ճանապարհը փակել են ու դժվարություններ ստեղծել, մարդիկ բարձրաձայնում են, որ ոչ մեկն էլ ոչ մի տեղ չի գնալու, մնալու են ու ապրեն Արցախում՝ մեր հողում»։
Հետաքրքրվեցինք՝ Նոր տարվան պատրաստվո՞ւմ եք, արդյոք ստեղծված իրավիճակում տոնական տրամադրություն կա՞ մարդկանց մոտ․
«Ի՞նչ նոր տարվա մասին է խոսքը, Նոր տարին ի՞նչ անենք։ Գիտեք՝ ինչքան զոհեր ունենք, բացի այդ՝ այսօր ինչքան երեխեք կան դրսում, որ ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողանում վերադառնալ, ինչքան ծնողներ կան, որ իրենց երեխաների գիրկը չեն կարողանում վերադառնալ, սենց էլի։ Օրինակ՝ ես աղջկաս հարցրեցի՝ ի՞նչ ենք անելու Նոր տարուն, ասաց՝ մամ ջան, տանը մի հատ ձուկ ունենք, մի հատ հավ ունենք, միս ունենք, բայց ամբողջը հո մեկ օրում չե՞նք եփելու դնենք սեղանին, բա մնացած օրերին ի՞նչ ենք ուտելու։
Այնպես որ, ընտանիքով մի փոքրիկ ընթրիքի պատրաստություն կտեսնենք, 2 շիշ խորոված կանենք, կնստենք, կդառնա Նոր տարի անել։ Ամենօրյա ձևով, ոնց որ ամեն օր մենք մեր հացը ուտում ենք, այդ ձևով»։
168.am-ը տիկին Լեսմոնիայի հետ այս տարվա ապրիլի 13-ին էր Ստեփանակերտի շուկայում զրուցել, հենց այդ օրն էր Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարել. «Միջազգային հանրությունն առաջարկում է մի փոքր իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»։
Արցախցի կինն այդ օրը մեզ հետ զրույցում ասաց, թե Փաշինյանն այդ ելույթով ասաց՝ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում։
Փաշինյանի այս հայտարարությունից 7 ամիս է անցել, տիկին Լեսմոնիան ասում է՝ ճիշտ էր հասկացել, Փաշինյանը հետևողականորեն փորձում է Արցախը հանձնել թշնամուն․
«Այդ հայտարարությունները, որ ինքն անում է, հենց այնպես հայտարարություններ չեն, ամեն մի հայտարարություն իր նպատակակետն ունի։ Այն, որ մենք հիմա այս օրվա մեջ ենք, դա մի օրվա բան չի, այլ ամբողջ 4 տարվա, ինչքան որ Փաշինյանը դարձավ վարչապետ։ Ինքը սրան էր ձգտում, չկարողացավ կռվով հանձնել, այդքան տղաների զոհեց, բայց չկարողացավ Արցախը միանգամից հանձնել, հիմա մեկ առ մեկ հանձնելու է։ Մենք կանգնելո՛ւ ենք հանուն Արցախի, բայց Նիկոլը հանձնելու է։ Փրկությունը ես տեսնում եմ ոչ թե նրա հեռանալով, նրան հեռանալ չի՛ կարելի, նրան չպետք է թողնել ոտքը ոտքի առաջ դնի, նրա պատիժը պետք է հրապարակում լինի․․․
«Ցանկանում եմ հայ ժողովուրդս այս լծից ազատվի, ցանկանում եմ այդ ապուշին գահընկեց անեն, մեր ժողովրդին խաղաղություն, համերաշխություն, միասնություն եմ ցանկանում։ Թող այս անջրպետը, որ հիմա Լաչինի միջանցքը փակված է, էլ կյանքում չլինի, ու մեր հայ ժողովուրդը՝ Արցախը, Հայաստանը, լինեն մի պետություն՝ հայկական պետություն․․․»։