Հույսը և հանդուրժողականությունը մեզանում պետք է չմարի
Advertisement 1000 x 90

Հույսը և հանդուրժողականությունը մեզանում պետք է չմարի

Ո՞վ ու ե՞րբ  է ասել և գրավոր խոսքով տարածել՝ «անփոխարինելի մարդ չկա»,  արտահայտությունը։ Ճիշտ չէ։ Կան մարդիկ, որոնց  անփոխարինելի լինելը հայտնի է  մինչև նրանց կյանքից հեռանալը։  Էդվարդ Մսրլյանը այդ մարդկանց շարքին էր դասվում։ Նա մեր ժամանակների բացառիկ անհատներից էր, որը հետևում էր՝ «Աջը չպիտի իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը» պատվիրանին։ Եվ սփյուռքում ծավալած գործունեությամբ և դեպի հայրենիք բերող ճանապարհը բանուկ պահելով է մեծաթիվ և տարաբնույթ  ներդրումներով նյութական նաև կազմակերպչական աջակցություն  ցուցաբերել  երկրի երկու հատվածներին։

Ազնիվ էր: Բարի ու ներողամիտ  էր, ու սիրտը փառավորվում էր, երբ տալիս էր, երբ օգնում  էր մարդկանց իրականացնել իրենց երազանքներն և ծրագրերը։

Մարդկանց հետ հարաբերվելու առանձնահատուկ ձիրք ուներ և մեկենաս  էր բառի  դասական իմաստով։ Երբեք չուզեց ի ցույց  դնել կամ լրատվամիջոցներով բարձրաձայնել իր հովանավորությամբ և աջակցությամբ իրականացված գործերի մասին։

Թեպետ նրա աջակցությամբ երկու տասնամյակ  հրապարակվող «Arvest.am» մշակութային պորտալը կար և էլի ուրիշ հանդեսներ կային։ Ամենամտերիմ մարդիկ անգամ չգիտեին,  թե ինչ շառավղով է  ծավալվում նրա գործունեությունը։ Ամեն մեկն իր բնագավառի մասին էր տեղյակ։

Այդու հայտնի էր, որ Վերժին և Էդվարդ Մսրլյանները  Գյումրիում՝ «Օվսաննա» կրթօջախն են հիմնադրել, Շուշիում «Սոսե» մանկապարտեզը, որը  գործել է տասնամյակներով, մինչև քաղաքի անկումը, նաև Վանաձորի մանկատան հովանավորներից էին։ Մսրլյանը մշակույթի և գեղարվեստի հանդեպ մանկության տարիներից պահած սեր ուներ և այդ  հետաքրքրությունները դրսևորվել են թե՛ այն երկրներում, որտեղ ապրել էր՝ Սիրիա, Լիբանան, Կանադա, Ամերիկա, թե՛ հայրենքում՝ ուր նա շտապեց գալ ցուրտ և մութ օրերով սկզբնավորված տարիներին։ Նրա ներկայությունը հայրենիքում աննկատ չմնաց։

Ժամանակի ընթացքում  ճանաչելի դարձավ կերպարվեստի գործերի անհատական հավաքածու կազմավորելով, արվեստի մարդկանց ստեղծագործությունների ցուցահանդեսներ բացելով, գեղանկարիչների, լուսանկարիչների պատկերագրքերը, գրողների ստեղծագործությունները հրատարակելով,  երաժշտության՝ հատկապես կատարողական արվեստի ասպարեզի գործիչներին սատարելով նաև  տարբեր բնագավառներում գործող գիտնականների մենագրությունները հրապարակմանն ու թանգարաննների հետազոտական աշխատանքներին, հնագիտական պեղումներին աջակցելով։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի, Մ. Մաշտոցի անվան մատենադարանի կազմակերպած «Արշալույս քրիստոնեության հայոց» միջազգային գիտաժողովի «Հայոց հնագույն պատմության հիմնահարցերը» խորագրով ծրագրի «Աստվածաշնչյան օջախ Հայաստան», «Հայկազունիներ», «Տիգրան Մեծ» վերտառությամբ գիտաժողովները, որոնք  նախորդների շարունակություն էին, նույնպես իրակացվել են  Էդվարդ Մսրլյանի հովանավորությամբ։ Վերջին շրջանում առանձնապես շատ էր ոգևորված «Արևահովիտ»-ի բեղուն գործունեությամբ։ Այս ամենին զուգահեռ նրա անունով «Ցանկությունների մատյան» կայք էր գործում, որի վերնագիրն իսկ հուշում է, թե ինչ նպատակով էր այն բացված։

Երբ կյանքի հունը փոխվելու հետ մարդկային առաքինությունների մասին պատկերացումներն էլ փոխվեցին, նա  հավատարիմ մնաց իր սկզբունքներին՝ հակադրվելով շրջանառության մեջ առնված այն խոսք ու վարքին, թե բարի գործերն այլևս չեն պահպանում  մարդու հոգու մաքրությունը։

Հայրենի եզերքում ծավալած տարաբնույթ  նախաձեռնությունների և գործունեության ընթացքում հիասթափությունների տեղիք տվող շատ դեպքեր ու առիթներ էլ են եղել, բայց կրկնվող, հիմա արդեն  հայությանը որպես պատգամ հղված մի խոսք ուներ.  «Ապերախտ մարդոց պատճառով չես կըրնար և իրավունք ալ չունիս նեղանալ ու ընդմիշտ հեռանալ հայրենիքեն»։

Ասում էր. «Մարդոց հոգու մաքրությունը պահելու մասին պետք է հոգ տանենք, որ Հույսը և  հանդուրժողականությունը մեզանում չմարի»…