Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի փակ լինելու, Ադրբեջանի կողմից այն «Զանգեզուրի միջանցքի» դիմաց խաղարկելու փորձերի և ՀՀ-ին ներկայացված տարածքային այլ պահանջների ֆոնին, այդ թվում՝ հայկական 8 գյուղերի վերադարձի առնչությամբ, ռազմական փորձագետները սկսեցին խոսել նոր պատերազմի հավանականության մասին, և, որ ՀՀ իշխանությունները պետք է պետությունը ռազմական ռելսերի վրա դնեն:
Ավելին, պատերազմից հետո ՀՀ ղեկավարությունը պետք է պատրաստվեր պատերազմական նոր իրավիճակի՝ գործնական քայլեր ձեռնարկելով բանակի կարողությունների վերականգնման և վերազինման ուղղությամբ, ինչը, ըստ էության, չի արվել, չնայած նրան, որ անընդհատ լսել ենք բանակում բարեփոխումների մասին:
Օրերս «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Հեպատերազմյան ժամանակահատվածում Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանը 5 հարձակում է իրականացրել, որի վերլուծությունը ցույց է տալիս՝ Ադրբեջանն առավելապես մեծ հաջողություններ է ունեցել հատկապես այն հատվածներում, որ ուղղությամբ բարդ ենթակառուցվածքներ է ունեցել։
Օրինակ՝ Փառուխի (Արցախ) ուղղությամբ ավելի մեծ հնարավորություններ է ունեցել առաջանալու, քան Կուտական, Ներքին Շորժա, Իշխանասար, Ջերմուկ, Սև լիճ, բայց 2 տարվա ընթացքում բարդ լեռնային հատվածում, որտեղ տարվա կեսը նաև ծանր եղանակային պայմաններ են՝ պլանավորել և հարձակում է իրականացրել։
Ավելին, նշածս ուղղություններով, Հայաստանն ամրանալու, պաշտպանական համակարգ ստեղծելու և ամենակարևորը՝ մատակարարումների մի քանի անգամ ավելի մեծ հնարավորություն ուներ, քան Ադրբեջանը։
Այստեղ մեծ առումով խնդիրը միայն ադրբեջանական ԱԹՍ-ների առավելությունը չի, որի մասին այդքան խոսվում է, ոչ էլ նույնիսկ լեռնային պայմաններում գործելու հնարավորություն ունեցող ադրբեջանական ստորաբաժանումները, խնդիրը Հայաստանի իշխանության կազմակերպված անկազմակերպվածության մեջ է։
Ադրբեջանը 2 տարում լուրջ ռեսուրսներ է դրել Քարվաճառ-Քաշաթաղ հատվածում հիմնական, պահեստային ճանապարհներ կառուցելու/վերակառուցելու, զորամասեր, ռազմական ենթակառուցվածքներ հիմնելու համար, ու որքան էլ դա նպաստել է նրանց հաջողություններին, մեկ է՝ դրանց նշածս հատվածներում, ոչ մեծ ուժերով կարելի էր ջարդել ու թույլ չտալ առաջանալ։
Առաջնագծի տարբեր ուղղություններում՝ Արտանիշից մինչև Ներքին Հանդ, մեր զինծառայողների, առանձին ստորաբաժանումների բազմաթիվ խիզախությունների մասին եմ լսել ու տեսել։
Այնպես չէ, որ մեր մարտիկները մոռացել են, թե ինչպես են մարտ վարում, հաղթում, խնդիրը նրանց թիկունքում պետության բացակայության մասին է։
Նորմալ իշխանության, պետության ներկայության պայմաններում կարելի է կազմակերպվել, աշխատել, ուժեղանալ ու հաջող պաշտպանվել»:
168.am-ի հետ զրույցում էլ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն էլ նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո, հատկապես Արցախի գրավյալ տարածքներում, Նախիջևանում կառուցվել են ադրբեջանական ավելի քան 3 տասնյակ զորամասեր, խոշոր ենթակառուցվածքներ, օդանավակայաններ, 2 տարվա ընթացքում ադրբեջական կողմը և՛ սեփական ուժերով, և՛ թուրքական զորքերի հետ համատեղ անցկացրել է շուրջ 2 տասնյակ մարտավարական, տակտիկական խոշոր զորավարժություններ: Ավելին, ադրբեջանական զինված ուժերի արդիականացման ոլորտում համագործակցության շրջանակներում ադրբեջանական բանակը թուրքական բանակի մոդելին հարմարեցնելու համար վերակազմավորման աշխատանքներ է տարել ու տանում, կազմավորվել են հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք Թուրքիայում են կրթություն ստանում։
«Բացի այդ, Թուրքիան ադրբեջանցի զինվորականներին տրամադրել ու սովորեցնում է Bayraktar և Bayraktar Akinci ԱԹՍ-ների կիրառման նրբությունները և այլն։ Օրինակները բազմաթիվ են։ Մոտ մեկ ամիս առաջ էլ Թուրքիայի օրենսդիր մարմինը երկարաձգել է Ադրբեջանում թուրք զինվորականների տեղակայման մանդատը, ըստ որի՝ Ադրբեջանում թուրք զինվորականների առաքելությունը 2022 թվականի նոյեմբերից կերկարաձգվի ևս մեկ տարով: Այսինքն՝ ներդաշնակեցված համագործակցում են իրար հետ, և չեմ պատկերացնում մի այնպիսի իրավիճակ, որ Թուրքիան նույնիսկ տարածաշրջանային լուրջ բախումների դեպքում որևէ ռազմական աջակցություն չցուցաբերի իր եղբայր Ադրբեջանին:
Ի՞նչ ենք արել մենք, քանի՞ անգամ ենք զորավարժություն անցկացրել, քանի՞ զորամաս ենք բացել, քանի՞ մարտավարամասնագիտական լուրջ վարժանքներ ենք անցկացրել։ Հարցս հռետորական է։ Բայց հույսը դնել հակառակորդի ռեսուրս ունենալ-չունենալու վրա, հույսը դնել Աստծո վրա և ամեն ինչում դանդաղել, այդ դեպքում միակ մեղավորը մենք ենք լինելու:
Մեր առաջնագիծը հատկապես 44-օրյա պատերազմից, դրան հաջորդած ադրբեջանական մի քանի էսկալացիաներից հետո բավականին խոցելի է դարձել, ռազմավարական և մարտավարական շատ կարևոր բարձունքներ հիմա թշնամու ձեռքում են, և մեր դիրքերն ու հենակետերը թշնամու դիտարկման տիրույթում են։ Հատկապես խոցելի են Վարդենիսից մինչև Մեղրի ձգվող շփման գծի հատվածները, որոնք մինչև 44-օրյա պատերազմի ավարտը փաստացի չունեին առաջնագծի կարգավիճակ, իսկ Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները հանձնելուց հետո, երբ ձևավորվեց նոր շփման գիծ, ՀՀ իշխանությունները պատշաճ կահավորում և ինժեներական ինտենսիվ աշխատանքներ չիրականացրեցին, դրա համար էլ տարբեր ժամանակափուլերում, նույնիսկ թեթև մարտական բախումների ժամանակ մենք ունեցանք և ունենում ենք ավելի շատ զոհեր և անգամներ ավելի վիրավորներ։ Իսկ տավուշյան և այլ հատվածներ, որտեղ տարիներ շարունակ աշխատանքներ են տարվել ու ավելի ամուր դիրքեր են դրվել, քիչ ավելի խոցելի են և ավելի ապահով,- մանրամասնել էր փորձագետը և հավելել,- Բազմաթիվ մարտական դիրքեր մինչ այս պահը ոչ պատշաճ են կահավորված, մեր զինծառայողների շարժը, բոլոր քայլերը թշնամին նույնիսկ անզեն աչքով հետևում է, տեղեր կան, որ անգամ հրաձգային միջոցներով կարող են մերոնց թիրախավորել։ Եթե անգամ հակառակորդը գերիշխող դիրքերում է, ապա անհրաժեշտ են քողարկիչներ, պետք է մեր զինվորների համար արդյունավետ մարտ վարելու հնարավորություններ ստեղծվեն, անվտանգ շարժեր կազմակերպելու խնդիրներ ունենք, և այլն։ Չեմ ուզում շատ ծավալվել, բայց մի բան կարող եմ ասել՝ առաջնագծում ինժեներական աշխատանքների, կահավորման հետ կապված խնդիրների լուծման դանդաղումը բերել ու բերելու է առաջին հերթին նոր մարդկային, նաև դիրքային կորուստների»:
Բացի այս խնդիրներից, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմի անդամները ժամանակ առ ժամանակ խոսել են զենքի խնդրի մասին, որից կարելի է եզրակացնել, որ հարցը, ըստ էության, լուծված չէ:
Այսինքն, մենք այսօր ունենք պատերազմի ժամանակակից պահանջները բավարարող բանակ ունենալու անհրաժեշտություն, հատկապես, երբ նոր պատերազմի վտանգ կա, իսկ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ շարունակում է թուրքական մոդելի բանակի ստեղծումը, որում մեծ է Ադրբեջանի ՊՆ խորհրդական թուրք գեներալ Բախտիար Էրսայի դերակատարումը, որը, ի դեպ, հենց այս նպատակով է նշանակվել Ադրբեջանի ՊՆ խորհրդական:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, այսօրվա դրությամբ, չնայած թուրքական և ադրբեջանական բանակների ընդհանրություններին, կա մի քանի տասնյակ տարբերություն՝ արձանագրություններից, հաստիքային միավորումներից՝ մինչև կապի համակարգ և տակտիկական մոտեցումներ և այլն: Այսինքն, յուրաքանչյուր զորատեսակի հետ կապված տասնյակ տարբերություններ կարելի է գտնել՝ ավիացիա, հրետանի և այլն:
ՀՀ զինված ուժերում ևս որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որի մասին բարձրաձայնել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը:
Մենք այսօր կարիք ունենք նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների հզորացման, գրոհային ստորաբաժանումների զարգացման, նոր զորատեսակների ստեղծման և այլն:
Եվ վերը նշվածը թողած՝ ՀՀ ՊՆ-ում քննարկում են կանանց կամավոր ժամկետային զինվորական ծառայության անցնելու հարցը:
Մեր հարցին՝ ովքե՞ր են մասնակցել այդ քննարկմանը, կամ արդյո՞ք ռազմական ոլորտի փորձագետներ հրավիրվել են, ՊՆ-ից փակագծեր չբացեցին, միայն հայտնեցին, որ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ են ներկա եղել այդ թեմայով քննարկմանը: Կանանց կամավոր ժամկետային զինվորական ծառայությունը ենթադրում է լուրջ ռեսուրսներ, զորանոցային համապատասխան պայմաններ, մինչդեռ այսօր 44-օրյա պատերազմից հետո արական սեռի համար որոշ դեպքերում զինծառայության պայմանները բարելավման կարիք ունեն:
2016-ին ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը կանանց բանակ տանելու հնարավորություններին անդրադառնալով՝ նշել էր, որ կարևորում է կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնումը, որը ենթադրում էր ոչ միայն զինծառայության համապատասխան պայմանների ստեղծում, այլ նաև ծառայողական առաջխաղացման հավասար իրավունքների և երաշխիքների ապահովում:
Այսօր չկա կանանց պարտադիր զինվորական ժամկետային ծառայություն, և չկան նաև դրա համար համապատասխան պայմաններ, մյուս կողմից՝ գոյություն ունի պայմանագրային ծառայություն, որն ինքնին ենթադրում է կամավորության սկզբունք, և ցանկության դեպքում կանայք այս ճանապարհով ապահովում են իրենց ներգրավվածությունը ՀՀ ԶՈւ-երում, այդ թվում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումներում: Աղջիկները կարող են ընդունվել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան և Ռազմական ավիացիոն համալսարան: Այսինքն, բանակ կանանց մուտքն արգելված չէ, այլ հարց է, որ առաջխաղացման հավասար իրավունքներ և երաշխիքներ պետք է լինեն: Իսկ կանանց ժամկետային զինվորական ծառայությունը ոչ միայն իրատեսական չէ ՀՀ-ում առկա պայմաններում, երբ դեռ բանակ ենք բարեփոխում և տեսանելի մակարդակում փորձում ենք առավելապես սոցիալական խնդիրներ լուծելով գրավչություն ապահովել: Երկրորդ՝ այսօրվա դրությամբ կանանց ժամկետային զինվորական ծառայության մասին հրապարակավ խոսելով, կարծես ցույց ենք տալիս, որ մարդկային ռեսուրսի լրջագույն խնդիր ունենք, որը չենք կարողանում լուծել: Թշնամու համար շահարկման հրաշալի թեմա: Իսկ այն, որ այս գաղափարի նպատակը զուտ բանակի ռեսուրսի խնդրի լուծումն է, Նիկոլ Փաշինյանը դեռ 2021-ի օգոստոսին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարել էր.
«Պիտի ընդգծեմ, որ կանանց ներգրավվածության մասին թեզը չունի որևէ գաղափարախոսական կամ հակագաղափարախոսական հենք, այլ պայմանավորված է բացառապես պրագմատիկ հաշվարկով:
Կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են, և նրանց ռեսուրսի թերներգրավվածությունը որևէ ոլորտում՝ պաշտպանությունից մինչև տնտեսություն, նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում: Ասածը չի նշանակում, թե կանայք բանակում պետք է նույնքան ներգրավված լինեն, ինչքան տղամարդիկ: Խոսքը պոտենցիալի հնարավորինս լիարժեք օգտագործման մասին է, և այս պոտենցիալը դեռ պետք է բացահայտվի»:
Այս տարեսկզբին էլ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցողների շրջանակը:
Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, նոր նախագծով առաջարկվում է, որ «Անպտղության հաղթահարման ծրագիրը», անկախ բնակության վայրից, սոցիալական կարգավիճակից, ամուսնական կարգավիճակից՝ բաց լինի ՀՀ բոլոր քաղաքացիների համար, և պետական բյուջեի ֆինանսավորմամբ ՀՀ քաղաքացիները կկարողանան հաղթահարել անպտղությունը:
Այսինքն, նշված ծրագրից կարող են օգտվել նաև չամուսնացածները, կամավոր ժամկետային զինվորական ծառայության պոտենցիալ մասնակից կարող է լինել ևս չամուսնացածը, հիմա Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ խնդիրը ո՞րն է՝ ժողովրդագրությա՞ն, թե՞ բանակի ռեսուրսների բարելավումը:
Հերթական անգամ ականատեսն ենք չհաշվարկած «պրագմատիկ հաշվարկի»: Թեև չի բացառվում, որ սրանից էլ հրաժարվեն, ինչպես արեցին 24 միլիոն դրամով բանակից ազատվելու նախագծի դեպքում: