Ինչու և ինչ է խոսելու Նիկոլ Փաշինյանը
Advertisement 1000 x 90

Ինչու և ինչ է խոսելու Նիկոլ Փաշինյանը

Այսօր Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրել, առաջին ասուլիսը՝ 2020 թվականի սկզբին լրագրողների հետ նրա վերջին հանդիպումից հետո։

Հաջորդող երկու տարիներին նա գերադասում էր պատասխանել միայն Հանրային կամ ոչ հանրային, բայց յուրային լրագրողների հարցերին՝ ամեն կերպ խուսափելով իր նախկին գործընկերների հետ շփումից։

Ի՞նչն է, ուրեմն, Նիկոլ Փաշինյանին ստիպել լրագրողներից այդքան հեռանալուց հետո ասուլիս հրավիրել և պատասխանել, այդ թվում՝ չնախապատրաստված հարցերի։

Այդ հարցին, իհարկե, դժվար է միարժեք պատասխանել, բայց ակնհայտ է, «ժողովրդավարական բաստիոնի» մասին մտահոգությունը չէ, որի պատճառով նա որոշել է խախտել իր ավտորիտար ընթացքը և ներկայանալ՝ որպես թափանցիկ ղեկավար։

Նույնքան ակնհայտ է, որ ինչ-որ կոնկրետ հաշվարկ է դրդել Նիկոլ Փաշինյանին հատկապես այսօր, հատկապես Լաչինի միջանցքի շուրջ մեկամսյա փակման պայմաններում, ասուլիս հրավիրել։

Նիկոլ Փաշինյանի գործողությունների հնարավոր դրդապատճառները կարող են հասնել անսահմանության, բայց բոլոր դեպքերում նրա այսօրվա ասուլիսը կարող է ունենալ երկու հավանական զարգացում՝ կա՛մ նա պատրաստվում է ինչ-որ սենսացիոն հայտարարություն անել, կա՛մ հակառակը՝ մի քանի ժամ խոսել և որևէ բովանդակային միտք կամ նորություն չարտահայտել։

Այս երկու հնարավորություններն էլ համարժեք չեն այն անվտանգային մարտահրավերներին, որոնցում այսօր գտնվում է առաջին հերթին Արցախը, բայց նույնքան վտանգաբար՝ նաև Հայաստանը։

Ահա այս իրավիճակը Հայաստանի իշխանությունից պահանջում է ոչ թե խոսք՝ անկախ բովանդակությունից, այլ գործ, հատկապես ու առավել ևս՝ այնպիսի գործ, որի մասին չեն խոսում ու որը չեն թմբկահարում և որի մասին հանրությունը տեղականում է միայն արդյունքով։

Ներկայիս պայմաններում այդ արդյունքը կարող է լինել միայն Լաչինի միջանցքի անհապաղ բացումը և արցախահայերի փրկությունն աղետից։

Որևէ այլ ակնկալիք, այլ ասելիք հանրությունը Նիկոլ Փաշինյանից չունի, կամ նորմալ չէ, որ ունենա։

Ահա այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի կողմից ասուլիս հրավիրելը կարող է համարժեք և արդարացված համարվել միայն այն դեպքում, եթե նա հայտարարելու է Լաչինի միջանցքի բացման մասին։ Բայց դա անհնար տարբերակ է, քանի որ հակառակ պարագան կնշանակի, որ ուղիղ կապ կա Փաշինյանի և «ադրբեջանցի էկոակտիվիստների» և կամ նրանց ուղղորդող Ադրբեջանի իշխանությունների միջև։ Հետևաբար, ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, եթե չի հայտարարելու Լաչինի միջանցքի բացման մասին։

Գործնականում ոչինչ, եթե անգամ նրա հայտարարությունները լինեն մերկանալու չափ սենսացիոն ու ամառային ձյան նման անսպասելի։

Ասուլիս հրավիրելով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ որպես պետության ղեկավար՝ չի կարողանում աշխատել այն պայմաններում, երբ պահանջվում է առավելագույն գործ՝ առանց որևէ խոսքի։ Բայց նա, քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը, ներկայանում է «միայն խոսք, առանց գործի» անճարությամբ և, մեծ հավանականությամբ, իր այդ անճարության համար մատնանշելու է բոլոր հնարավոր ու անհնար մեղավորներին՝ միջազգային հանրությունից՝ մինչև Ռուսաստան, Արևմուտքից՝ մինչև Չինաստան, բոլորին ահա, բացի իրենից։

Որպես սկանդալի վարպետ՝ նա կարող է անել հայտարարություններ, որոնք գուցե մի քանի օր, հնարավոր է՝ մի քանի շաբաթ կփոթորկեն տեղական ու օտարերկրյա մամուլը, կփչացնեն առանց այդ էլ վատթար հարաբերությունները բոլորի հետ։

Այդ հայտարարությունները կարող են լինել հիմնավոր կամ անփաստարկ, հաշվարկված կամ էքսպրոմտ և լավագույն դեպքում կարող են ծառայել հանրային ուշադրությունը շեղելուն։

Հետևաբար, հանրությունը՝ լսելով Նիկոլ Փաշինյանին, ոչ թե պետք է քննարկի նրա ասածները, այլ փորձի հասկանալ, թե հատկապես ինչի մասին չխոսեց կամ այլ խոսելիքով առանձնապես ինչից նա շեղեց ուշադրությունը։

Արցախն ու Հայաստանը հիմա գտնվում են այնպիսի իրավիճակում, որ Նիկոլ Փաշինյանի ամենաիմաստուն ու օգտակար ասելիքը լռությունն է։

Հնարավոր է՝ հենց այդ լավ գիտակցելով էլ որոշել է խոսել։

Հարություն Ավետիսյան