Կյանքի որոնում Մարսի վրա․ արդյո՞ք Կարմիր մոլորակը կարող է ցույց տալ Երկրի ապագան․ հարցազրույց NASA-ի հայ ինժեների հետ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Կյանքի որոնում Մարսի վրա․ արդյո՞ք Կարմիր մոլորակը կարող է ցույց տալ Երկրի ապագան․ հարցազրույց NASA-ի հայ ինժեների հետ

Սառը, անապատային մոլորակ՝ փոշոտ, չոր լանդշաֆտներով. ահա թե ինչպես է Մարսը երևում NASA-ի Curiosity մարսագնացի արած բոլոր լուսանկարներում։ Այնուամենայնիվ, բացառված չէ, որ մոլորակը միշտ չէ այսպիսին եղել. գիտնականները կարծում են, որ ժամանակին Կարմիր մոլորակի վրա ջուր է եղել՝ նույնիսկ ամբողջական օվկիանոս: Գուցե եղել է նաև կյանք, թեկուզ պարզ բակտերիաների տեսքով։

Արդյո՞ք դա այդպես է, թե ոչ, NASA-ի գիտնականները ծրագրում են պարզել Mars Sample Return առաքելության ընթացքում, որի մեկնարկը նախատեսված է 2028 թ․։ Մինչև 2033 թ. պլանավորվում է Երկիր բերել Մարսի հողի տասնյակ նմուշներ, որոնք հավաքել է Perseverance մարսագնացը:

Առաքելություն՝ հորիզոնում. Մարսից հողի նմուշներ բերել Երկիր

NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի թռիչքի էլեկտրոնիկայի բաժնի ղեկավար Արբի Կարապետյանը NEWS.am Tech-ի հետ զրույցում ասել է, որ գիտնականները պետք է ուսումնասիրեն այդ նմուշները, սակայն դեռ դժվար է ասել, թե արդյոք նրանք կգտնեն որևէ հետաքրքիր բան, այդ թվում՝ Մարսի վրա կյանքի գոյության մասին նշաններ։ Բայց եթե նույնիսկ դրանք չգտնվեն, դա չի նշանակի, որ Մարսի վրա կյանք չի եղել։

«Եթե գնանք անապատ և ավազի նմուշ վերցնենք, այդ նմուշում էլ որևէ բույս չի լինի, ինչ-որ մեկը կարող է որոշել հայտարարել, որ այդ անապատում ընդհանրապես ոչինչ չի աճում: Բայց իրականում ամեն ինչ ամենևին էլ այդպես չէ»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ եթե Երկիր բերված նմուշներում կյանքի մասին վկայող նշաններ հայտնաբերվեն, ապա դա հսկայական հայտնագործություն կլինի մարդկության համար։ Բայց նույնիսկ եթե դրանցում ոչինչ չհայտնաբերվի, պարզապես պետք է շարունակել որոնումները։

Perseverance մարսագնացը հողի նմուշներ է հավաքում 45 կիլոմետր լայնությամբ Ջեզերո խառնարանի հատակում: Ըստ NASA-ի ներկայացուցիչների՝ սա հիանալի վայր է նման աշխատանքի համար, քանի որ միլիարդավոր տարիներ առաջ, ամենայն հավանականությամբ, այդտեղ եղել է մեծ լիճ և գետի դելտա, հետևաբար, այն եղել է կյանքի համար պոտենցիալ գրավիչ միջավայր:

Անապատային Մարս. արդյո՞ք այդպիսի ապագա է սպասվում  Երկրին

Վերջին տարիներին մի քանի ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հեռավոր անցյալում, ամենայն հավանականությամբ, Մարսի վրա իրոք ջուր է եղել:

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները ապացույցներ են գտել, որ մոտ 3,5 միլիարդ տարի առաջ Մարսի մակերևույթին կարող էր գոյություն ունենալ հսկայական օվկիանոս՝ ընդգրկելով հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք:

Քեմբրիջի համալսարանի փորձագետների գլխավորությամբ գիտնականներն իրենց հերթին գտել են Մարսի հարավային բևեռային սառցե շերտի տակ հեղուկ ջրի հնարավոր գոյության իրենց ապացույցները:

Եթե ​​մոլորակի վրա իսկապես ջուր լիներ, բավականին մեծ հավանականությամբ դրա վրա կյանք կարող էր գոյություն ունենալ։ Կլիմայի մոդելավորման վերջերս արված ուսումնասիրությունը հաստատել է դա. ըստ այդմ՝ հնարավոր է, որ մոտ 3,7 միլիարդ տարի առաջ Մարսի ապրել են պարզ բակտերիաներ, որոնք սնվում էին ջրածնով և արտանետում մեթան: Թերևս այդ բակտերիաները կան մինչ օրս, բայց դրանք գտնվում են մոլորակի ընդերքի խորը շերտերում: Կամ գուցե նրանց կենսագործունեության արդյունքում արտանետված մեթանը դարձել է մոլորակի սառեցման հիմնական պատճառներից մեկը (Մարսի վրա այժմ մինուս –60 °C աստիճան է կամ ավելի ցուրտ, բայց նախկինում մոլորակը շատ ավելի տաք է եղել), որը, ի վերջո, հանգեցրել է բակտերիաների ոչնչացմանը։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ նախկինում Մարսի վրա եղել է սեյսմիկ և հրաբխային ակտիվություն, որն ավելի տաք է պահել մոլորակը։ Բայց մոտ մեկ միլիարդ տարի առաջ այն մարել է, և մոլորակը սկսել է սառչել, և դրա մթնոլորտը, որը մի ժամանակ բավականին խիտ էր՝ հագեցած ածխածնի երկօքսիդով, դարձել է ավելի նոսր: Այս ամենը հավանաբար վատթարացրել է նաև մոլորակի վրա բակտերիաների կենսապայմանները։

Արբի Կարապետյանի կարծիքով՝ Մարսի հետազոտությունը կարող է օգնել մեզ ավելին իմանալ Երկրի մասին, մեր մոլորակի անցյալի և ապագայի մասին։

«Դա կօգնի մեզ ավելի լավ հասկանալ ինքներս մեզ. որտեղի՞ց ենք մենք եկել: Ինչպե՞ս ստացվեց, որ կյանքն առաջացավ Երկրի վրա»,- ասաց նա:

Բայց կարո՞ղ է Մարսը մեզ ցույց տալ Երկրի ապագան: Հնարավո՞ր է, որ Երկիրը Մարսի նման սառը անապատ դառնա:

Կարապետյանի խոսքով՝ թեև Երկիրն ու Մարսը տիեզերական առումով բավականին մոտ են միմյանց, սակայն չպետք է մոռանալ, որ դրանք տարբեր մոլորակներ են, և, հետևաբար, հնարավոր է, որ նրանց «կյանքը» նույնպես այլ կերպ ընթանա։

tech.news.am