Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենավտանգավորը, եթե սահմանին զոհեր ունենալը դառնա սովորական: Ճիշտ է մենք սիրում ենք մեր հայրենակիցներին, բայց ցանկացած շարունակական երևույթ, եթե այն չափից դուրս երկար է տևում, այն դառնում է սովորական, «ընդունված» և սպասելի: Ամենաանտանելի ցավը տևական ժամանակ հետո դառնում է տանելի…
Սահմանին մեր որդիների կորուստը անտանելի ցավ է, հանրությունը սոցցանցերում, սրճարաններում, զրուցարաններում, տրանսպորտում, աշխատավայրում, շենքերի բակերում և այլուր անկեղծ ցավում և վրդովվում է հերթական զոհի մասին լսելիս, լրատվական կայքերը մրցում են, թե ո՞վ առաջինը կհայտնի, կամ ավելի սրտաճմլիկ ու ողբերգական մանրամասներ կհայտնի այդ մասին, պաշտոնական հաղորդագրություններում փոխվում են միայն օրվա, ժամի և անուն-ազգանվան մասերը, հեռուստահաղորդավարները լուրերի թողարկումը սկսում են մի փոքր տխուր հայացքով և առաջինը հայտնում այդ բոթը ու անցնում առաջ:
Մեզանից քանի՞սն են հիշում նախավերջին զոհի անուն-ազգանունը, եթե անձամբ չենք ճանաչում կամ մեր գյուղացին կամ թաղեցին չէ…Կարծում եմ, կլինեն հատուկենտ մարդիկ, բայց մնացած բոլոր նախադրյալները կան, որ սահմանի զոհերի մասին լուրը դառնում է սովորական, իսկ դա շատ վտանգավոր է, շատ…»: